«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2006-02-18 | #31, 2006-02-21 | #32, 2006-02-22


ՄԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԵՆՔ ԴԱՐՁԵԼ

Իրաքյան պատերազմի հենց առաջին օրերից Մեսրոպյանների ընտանիքը տեղափոխվեց Հայաստան: Երեք տարի առաջ «Ազգն» անդրադարձել էր այդ ընտանիքին: Այսօր կրկին մեր ընթերցողներին ենք ներկայացնում հարցազրույց Իրաքի հայ համայնքի կենտրոնական վարչության ատենապետ Վահագն Մեսրոպյանի հետ: Մեր զրույցը հիմնականում ընթանում էր այն հարցերի շուրջը, թե անցած երեք տարիներին ինչպիսի՞ դժվարություններ են հաղթահարել եւ կարողացե՞լ են արդյոք հարմարվել նոր ապրելակերպին:

1978 թ.-ից Բաղդադում չորս տարին մեկ Վահագն Մեսրոպյանը վերընտրվել է համայնքի կենտրոնական վարչության ատենապետի պաշտոնում ու մշտապես եղել է Մայր աթոռի ու Իրաքի հայ համայնքի հետ կապերը պահողը, տարին մի քանի անգամ այցելել Հայաստան: Ինչպես նշեց պրն Վահագն Մեսրոպյանը. «Մինչ պատերազմն արդեն որոշել էինք հաստատվել մայր հայրենիքում, պատերազմը պարզապես արագացրեց: Վաղը վերադառնալու եմ ու եթե քաղաքական նոր փոփոխություններ լինեն, ապա Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ եպս. Ասատուրյանի, նաեւ մեր գործընկերների հետ պիտի աշխատենք Իրաքի նոր սահմանադրության մեջ մեր ազգային իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Պետք է նշեմ, որ Իրաքում մեր համայնքը հարգված է թե՛ նախագահի եւ թե՛ մյուս ղեկավարների կողմից, դա նշվում է մշտական հանդիպումների ընթացքում, որտեղ մեծ գնահատանքի ենք արժանանում հայերս... Եվ ահա այդ նոր սահմանադրությամբ ճշտված է, որ հայերենը ճանաչվի որպես պաշտոնական լեզուներից մեկն Իրաքում, եւ եթե պետական դպրոցներում բավական թվով աշակերտներ լինեն, ապա մենք իրավունք ունենք հայերեն դասավանդելու: Այս տարի բացվեց ազգային դպրոցը, որը 1974 թ. փակված էր Բաղդադում եւ կոչվում էր «Հայկական երկսեռ վարժարան», որտեղ ամեն օր ուսումնառում են 150-160 աշակերտներ 1-6-րդ դասարաններում, նախակրթարանում, որտեղ դասավանդում են բացառապես հայ ուսուցիչներ: Սակայն դեռ համայնքը հայոց լեզվի ու գրականության ուսուցիչների կարիք ունի: Այդ հարցով դիմել ենք, բայց իրավիճակի պատճառով առայժմ ցանկացողներ չկան: Չնայած ներկա իրավիճակին, բոլոր ազգային եւ եկեղեցական տոները տոնում ենք»:

Իսկ այն հարցին, թե Երեւանում հանդիպո՞ւմ են վերջերս Իրաքից ներգաղթած ընտանիքների հետ եւ ծանո՞թ են նրանց ներգաղթը կազմակերպող կազմակերպությանը, պրն Մեսրոպյանը պատասխանեց. «Նորեկներից միայն մեկ ընտանիքի եմ ծանոթ, Իրաքահայերի օժանդակության հիմնադրամի մեկ անդամի հետ հանդիպել եմ Երեւանում, Սարգիս Դերձակյանն է, նախկին իրաքահայ: Նրանց նպատակը շատ լավն է, ցանկացողներին օժանդակում են ու Հայաստան տեղափոխում, բայց կարծեմ մի քիչ թերություններ, դժգոհություններ կան այդ ծրագրի շուրջն արդեն իսկ Երեւանում հաստատված ընտանիքների կողմից: Այդ մասին ես հայտնեցի պրն Դերձակյանին, նա խոստացավ, որ այդ թերությունները հարթելու համար միջոցներ կձեռնարկեն եւ օժանդակությունները կբարելավեն: Այժմ 40-45 ընտանիք ցուցակագրվել է Հայաստան գալու համար:

Իսկ թե հարմարվե՞լ են այս երեք տարիներին Հայաստանի ապրելակերպին` պրն Մեսրոպյանը պատասխանեց. «Այո, հարմարվել ենք, այստեղ ապրելը մեր երազանքն է եղել եւ մենք ստիպողաբար չենք եկել: Գոհ ենք, որ ապրում ենք հայրենի հողում ու երբ Իրաք եմ գնում, օրերն եմ հաշվում, թե երբ պիտի վերադառնամ Հայաստան, կարոտում եմ: Հոլանդիայում ապրող տղաս կնոջ ու որդու հետ նույնպես տեղափոխվեց Երեւան»:

Այժմ Մեսրոպյանների երեք սերունդները հրաշալի համակերպվել են նոր միջավայրին ու իրենց լիիրավ հայաստանցի են համարում:

Պրն Մեսրոպյանն ասաց, որ «դժվարություններ, իհարկե, կան, ամենամեծն աշխատանք գտնելն է, կյանքը թանկ է Իրաքի համեմատ: Ես եւ կինս ստանում ենք թոշակ: Իմ թոշակը 40-45 հազար դրամ է (130.000 դինար), որով հանգիստ կարող ես ընտանիքդ պահել Իրաքում, իսկ այստեղ... Տղաս եւ իր իրաքցի երկու ընկերները վերջերս «Բաղդադ» ռեստորանը բացեցին, որտեղ նաեւ աղջիկսՙ Անին է աշխատում որպես մասնագետ»: Տանտիրուհինՙ Սեդան գոհ էր ու նշեց, թե ինչպես հաճախակի են կազմակերպում ընտանեկան հավաքույթներ նոր ծանոթների հետ: Բոլորից շատ ուրախ էր 5-ամյա Անդրեն, որն արդեն իր անունը գրել գիտի ու երազում է զինվոր լինել, պաշտպանել հայրենիքը:

Ահա այսպես էլ ապրում է առաջին ընտանիքը, որ Հայաստան ներգաղթեց Իրաքից:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4