«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2006-02-18 | #31, 2006-02-21 | #32, 2006-02-22


23 ՓԵՏՐՎԱՐԻ - ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՈՐԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ 1036 ՎԿԱՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ

Այս տարի փետրվարի 23-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Վարդանանց տոնը:

451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիության իրավունքը: Այս տոնը խորհրդանշում է բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպան հերոսների հիշատակը:

449 թվականին Հազկերտը պաշտոնական հրովարտակ է ուղարկում Հայաստան, Վրաստան եւ Աղվանք` պահանջելով զրադաշտականություն ընդունել: Արտաշատում Հովսեփ Ա Հողոցմեցի կաթողիկոսի գլխավորությամբ ժողով է գումարվում հոգեւորականների եւ նախարարների մասնակցությամբ, այդ թվում նաեւ սպարապետ Վարդան Մամիկոնյանը եւ Հայաստանի մարզպան Վասակ Սյունին: Ժողովի մասնակիցները պատասխան նամակ են գրում Հազկերտին, որ հավատարիմ են իրենց հավատին եւ մերժում են նրա պահանջը: Զայրացած Հազկերտը Պարսից տերության մայրաքաղաք է կանչում Հայաստանի տասը երեւելի նախարարներին եւ բանտարկում: Նախարարները, մտահոգված իրենց երկրի եւ ժողովրդի ճակատագրով, կեղծ ուրանում են եւ վերադառնում հայրենիք պարսկական մեծաթիվ զորքերով եւ մոգերով: Մոգերը պարսկական զորքի հետ փորձում են քանդել Անգղի եկեղեցին: Հովսեփ կաթողիկոսի եւ 70-ամյա Ղեւոնդ Երեցի առաջնորդությամբ ժողովուրդը դիմադրում է նրանց: Պարսիկների դեմ սկսվում է համաժողովրդական շարժում: Հայ հոգեւորականները ոչ միայն քաջալերում են զորքին մակաբայեցիների օրինակով, այլեւ մկրտության եւ Սբ. Պատարագի խորհրդով առավել ամրապնդում նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելովՙ ամենասուրբ խորհուրդը կատարեցին. պատրաստեցին նաեւ ավազան, եւ եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին. եւ առավոտյան Սբ. հաղորդություն ընդունեցին», գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին:

Ըստ ավանդության, Սուրբ Վարդանանց տոնն անվանակոչության տոնն է բոլոր այն անձանց, ովքեր կրում են Վարդանանց զորավարների կամ զինվորականների անունները (Վարդան, Գարեգին, Խորեն, Տաճատ, Հմայակ, Վահան եւ այլն):

Հայ եկեղեցին Սուրբ Վարդանանց տոնը նշում է Բուն Բարեկենդանի նախորդ հինգշաբթի օրը, ի հիշատակ նաեւ 337 թվականին պարսից տերության դեմ մղվող պատերազմում նահատակված հայոց սպարապետ Վաչե Մամիկոնյանի եւ նրա զինակիցների, որը դեռեւս 4-րդ դարում Վրթանես Ա Պարթեւ կաթողիկոսն էր հաստատել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4