Պատահական չէ, անշուշտ, մայրենիի միջազգային օր հռչակելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը: Ազգային ինքնության ամենահիմնական տարրը լեզուն է, որով ձեւավորվում է տվյալ ժողովրդի ոչ միայն մշակութային, հոգեւոր կենսագրությունը, այլեւ առհասարակ կայանում նրա լինելիությունըՙ ոգեղեն ու ֆիզիկական: Հայաստանում էլ փետրվարի 21-ը պետականորեն մայրենի լեզվի տոն է հռչակված եւ մինչեւ շաբաթվա վերջն այն լինելու է այդպիսին, բոլոր այն դպրոցներում եւ կրթական հաստատություններում, որոնք ըմբռնում են տոնի խորհուրդն ու մայրենիի կարեւորությունը:
«Հայերենը մեր գոյության խորհուրդն է», այս գիտակցությամբ Դ. Վարուժանի անունը կրող դպրոցում երեկ սքանչելի մի հանդիսություն կատարվեց: Արտակարգ ներշնչումով ու սիրով, մեր հինավուրց լեզվին հիրավի արժանի տոնակատարություն մատուցվեց թե՛ բովանդակային, թե՛ գեղագիտական առումով: Ներկայացվեց Մաշտոցյան գրերի արարումի պատմական մի դրվագ, որում աշակերտների շուրթերով - ոտքից-գլուխ ծաղկեթերթիկների պես ճերմակաթույր մանուկներիՙ աղոթքի պես հնչող բանաստեղծական ներբողներով, իրապես փառաբանվեց մեր ոսկեղենիկ հայերենը:
Մերօրյա լեզվական խեղված միջավայրում (գռեհկաբանություններ, աղավաղումներՙ ոտնձգությունմայրենիի նկատմամբ), երբ հուսահատությունն է կրկին գլուխ բարձրացնում, ուսուցիչների նվիրյալ թեկուզ մի փոքր խումբ ապացուցում է, որ հենց այսօր կարելի է անել անհնարինըՙ թեկուզ մի փոքր շրջանակում պահպանել ոգին, պահպանել լեզվական անաղարտությունը եւ համարձակվել պայքարել: Երեկվա օրը Դ. Վարուժանի անվ. դպրոցում այդ համարձակության փայլուն մի դրսեւորում էրՙ տնօրենի նախաձեռնությամբ եւ աննահանջ կամքով, որին վստահաբար, համակարծիք էին նաեւ ներկա պետական պաշտոնյաներըՙ ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության ներկայացուցիչներըՙ Սիլվա Աչոյանը, Լեզվի տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը: Վերջինս էլ հատուկ հանձնարարականով «Մայրենիի անաղարտության պահպանման եւ զարգացման գործում» ունեցած ներդրումների համար պատվոգրերով պարգեւատրեց մի շարք լրատվամիջոցների լրագրողների եւ մրցույթում հաղթած աշակերտներիՙ Վաչագան Սարգսյան, Վալերի Միրզոյան, Գագիկ Մինասյան («Կրթություն»), Հասմիկ Բուդաղյան («Առավոտ»), Կիմա Եղիազարյան («Հայոց աշխարհ»), Լուսինե Բարսեղյան («Հայկական ժամանակ»), Անահիտ Եսայան («Հայոց աշխարհ»), Լիլիթ Գալստյան («Երկիր»), Մելանյա Բադալյան («Ազգ»), Հակոբ Սրապյան, եւս մի քանի ներկայացուցիչների:
Մ. Բ.