«Իրանում կան երեխաների մտավոր զարգացման մոտ 400 կենտրոններ, որոնք իրականացնում են 50 տարատեսակ ծրագրեր: Այսօր մենք հայ երեխաներին նվեր ենք բերել իրանցի երեխաների գեղագիտական աշխատանքների մի անկյունը միայն», ներկայացրեց Իրանի «Քանուն» մանկապատանեկան զարգացման կենտրոնի ղեկավար Մոհամադ Ալի Զարեն երեկ բացված «Հայաստանի եւ Իրանի մանուկների բարեկամության շաբաթի» ժամանակ: Հայ-իրանական համագործակցության ոլորտը դրսեւորում ստացավ նաեւ մանկական եւ պատանեկան ստեղծագործությունների փոխներկայացման ձեւով: 2005 թ. Հայաստան ժամանած Իրանի կրթության եւ դաստիարակության նախարարության ներկայացուցչության ու Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր: ԿԳ նախարար Սերգո Երիցյանը բարեկամության շաբաթի բացումը համարեց այդ պայմանագրի առաջին կոնկրետ քայլը: Նախարաը նշեց, որ երկու երկրների համագործակցությանը պետք է նպաստել նաեւ գիտական, կրթական, մշակութային համատեղ ծրագրերով:
Բարեկամության շաբաթի շրջանակներում Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում մեկ շաբաթ կցուցադրվեն Իրանի Քերման նահանգի երեխաների նկարները, ձեռքի աշխատանքները, կցուցադրվեն «Քանուն» կենտրոնի արտադրած 25 մանկական ֆիլմերը, իսկ համերգասրահի մի առանձին հատվածում նշված կենտրոնի ուսուցիչները հայ երեխաներին մեկ շաբաթ կսովորեցնեն նկարել, գործել, պատրաստել կավե աշխատանքներ: Ի դեպ, շաբաթին կարող են մասնակցել բոլոր դպրոցների երեխաները:
Հայաստանում Իրանի դեսպան Ալիռեզա Հաղիղյանը համոզված է, որ շաբաթի բացումը երկու երկրների բարեկամական կապերի լուսավոր հորիզոնները նախանշող քայլ է: Իսկ բարեկամության շաբաթը երկու երկրների մանուկների եւ պատանիների համագործակցության առաջին քայլը չէ: Մշակույթի խորհրդական Ռեզա Աթուֆին նշեց, որ դրա ապացույցը «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսի եւ «Խնկո-Ապոր» անվան գրադարանի հետ համագործակցությունն է:
Նախարար Սերգո Երիցյանը նշեց, որ հավանաբար տարեվերջին կլինի նաեւ բարեկամական շաբաթի պատասխան այցը Իրան: Նրա խոսքերով, մենք էլ կներկայացնենք մեր երկրի որեւէ շրջանի գույները, այն, ինչը հնատիպ է, հայկական, տաք եւ գեղեցիկ:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ