Գտնում է Սթիվեն Մանը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Սթիվեն Մանի կարծիքով, «եթե հակամարտության կարգավորման հարցում 2006 թվականը չօգտագործվի, ապա դա ողբերգություն կդառնա: 2006-ը պետք է դառնա հակամարտության լուծման տարի, սակայն դեռեւս ոչ մի առաջընթաց չի արձանագրվել: Բայց ժամանակ կա»: Այս մասին հայտնելով Մանը ընդգծել է, որ վերջին երկու տարիներին նշանակալի աշխատանք է կատարվել. «Պայմանավորվածության ձեռք բերման հնարավորություններ են ստեղծված»: Հնարավորության չօգտագործումը համանախագահը դիտարկում է որպես ողբերգություն:
Խաղաղության հասնելու հարցում Մանը կարեւորել է երկու երկրների նախագահների քաղաքական կամքը. «Կարծում եմ, որ նախագահները չափազանց լուրջ են վերաբերվում տվյալ խնդրին: Հավատում եմ, որ երկու հասարակություններն էլ խաղաղ կարգավորման կողմնակից են: Ադրբեջանցիների եւ հայերի հետ անձնական զրույցներից պարզ է, որ կողմերից եւ ոչ մեկը պատերազմական գործողությունների վերսկսում չի ցանկանում: Սա բարենպաստ փաստ է, բայց առաջընթացի եւ տարաձայնությունների համար անհրաժեշտ է երկու ժողովուրդների կամքը»:
Անդրադառնալով Ռամբուեի հանդիպմանըՙ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մանը հայտարարել է. «ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի ուղերձը Միացյալ Նահանգների երկար ժամանակ արտահայտած միտքն է: Ռայսը ընդգծել է խաղաղ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը եւ կրկնել եւս մեկ անգամ, որ ԱՄՆ-ը պաշտպանում է բանակցային գործընթացը: Ռամբուեում զրույցի ժամանակ բանակցությունները քննարկվել են բազմակողմանիորեն»:
«Դեյազ» գործակալությունը վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ Մանը հերքել է բանակցություններից Ռոբերտ Քոչարյանի հեռանալու մասին լուրերը. «Ես եղել եմ Ռամբուեում եւ ոչ մի նման բան չեմ տեսել: Կարծում եմ, ներկայացվածը լի է երեւակայությամբ եւ չգիտեմ, թե որտեղից է բխում»:
Ն. Պ.