Եվրոինտեգրման հոգեբանական խնդիրներ
«Հայաստանի եվրոպական հեռանկարը» խորագիրն էր կրում երեկ Վալերի Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում կազմակերպված կլոր սեղանը, որի հիմնական զեկուցողներն էին հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, արտգործնախարարության խորհրդական Աշոտ Ոսկանյանը եւ բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանը: Բանախոսները շոշափեցին հարցը բազմաթիվ տեսանկյուններիցՙ հոգեբանականից մինչեւ պրակտիկ խնդիրներ:
Արդյոք Եվրոպա՞ է Հայաստանը: Այս հարցը արտգործնախարարության խորհրդական Աշոտ Ոսկանյանին անհանգստացնում է արդեն 13 տարի: Պատասխանը գտնելու համար, նախեւառաջ, պետք է խորամուխ լինել ու պարզել. ինքներս մեզ ընկալում ենք որպես եվրոպացի, թեՙ ոչ: Պաշտոնյայի համոզմամբ` չենք ընկալում, որ մեր եւ եվրոպացու մտածելակերպը խիստ տարբեր է: Ասվածն ապացուցելու համար դիվանագետը խնդիրը դիտարկում է մի քանի տեսանկյուններից:
Մշակութային ավանդույթներ, վարքի մոդել: Հայի ազգային ավանդույթներն անձեռնմխելի են, դրանք քննադատելը համարվում է սրբապղծություն, մինչդեռ եվրոպական պատկերացումներն այլ են. հասարակությունը զարգացած է, եթե ավանդույթն իմաստավորվում է քննադատորեն:
Անհատականություն. եվրոպացին առավել կանխատեսելի է, որովհետեւ առաջնորդվում է սկզբունքներով, հայն անկանխատեսելի է, հպարտանում է, երբ անում է մի բան, որն իրենից չէին սպասում: Մենք նաեւ բացառում ենք, որ կարող ենք սխալվել, ճշմարտության հականիշը մեզանում ոչ թե մոլորությունն է, այլ սուտը: Այսինքն մենք բացառում ենք, որ կարող ենք սխալվելՙ կամ ճիշտ, կամ էլ գիտակցված սուտ: Եվս մի քանի օրինակ բերելով բանախոսը եզրակացնում է. մեր մտածելակերպը ծայրահեղ տարբեր է եվրոպացու մտածելակերպից: Սակայն եթե ընտրել ենք եվրոինտեգրման ուղին, այս իրավիճակից պետք չէ ողբերգություն սարքել, պետք է պարզապես արձանագրել առկա տարբերությունները եւ ավելի շատ ցանկանալ եվրոպացի դառնալ:
Կլոր սեղանի մյուս բանախոսըՙ քաղաքագետ Սուրեն Զոլյանը նկատեց, որ եվրոպական արժեքներին դավանելու համար պարտադիր պայման չէ Եվրոմիության անդամ լինելը, եւ բերեց Շվեյցարիայի օրինակը, որը մտադրություն էլ չունի անդամակցել Եվրոմիությանը:
Եվրոինտեգրման ուղղությամբ աշխատանքները ոչինչ են, եթե վերջնական նպատակը Եվրոմիությանն անդամակցությունը չէ: Սա հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի անձնական կարծիքն է, պետական քաղաքականությունն այս ուղղությամբ բյուրեղացված չէ, նշում է պաշտոնյան: Եվրոմիությանն անդամակցությունը նշանակում է ապրել ժողովրդավարական երկրում, ուր գերակայում է օրենքը, պաշտպանված են մարդու իրավունքները, իշխանությունները վերահսկելի են ընտրովի մարմինների կողմից. այս նպատակին հասնելու համար դեռ ճանապարհ ունենք անցնելու:
Եվրոմիությանն անդամակցությունը, սակայն, գոնե այսօր անիրականանալի նպատակ է թվում: Արդյոք մեր երկիրը եվրոպական ընտանիքի անդամ դառնալու հնարավորություն ունի՞: Եթե չունի, ուրեմն պատճառները բացառապես մեր մեջ պետք է փնտրել:
Մ. ՀՈՎՍԵՓՅԱՆ