«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2006-02-21 | #32, 2006-02-22 | #33, 2006-02-23


ՀՐ. ՕՍԻԱՅՈՒՄ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱՃԵԼ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱԽՄԱՆ

Եթե կողմերը չդադարեցնեն առանց այն էլ բարդ իրավիճակը խառնշտորելը

Հարավային Օսիայի հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունները ռուս-վրացական հարաբերություններում արտահայտվեցին բարձրագոչ եւ վերջնագրային հայտարարությունների ձեւով, անգամ որոշակի հակաքայլերի տեսք ստացան: Ռուսական եւ վրացական կողմերը որեւէ առիթի դեպքում չեն հապաղում բարձրաձայնել փոխադարձ «թշնամանքի» մասին` խոսքն անպակաս չթողնելով հոխորտանքից:

Ռուսաստանյան խաղաղապահների դուրսբերման մասին Վրաստանի խորհրդարանի որոշումն իր հերթին աղմուկի առիթ տվեց: Ինքնարտահայտման եւս մեկ առիթ դարձավ վրաց արտգործնախարարության փոխանցած տեղեկությունը, թե ռուսական ՍՈՒ-25 ռազմական ինքնաթիռը խախտել է վրացական սահմանը Կազբեկի շրջանից արեւմուտք: Որոշ ժամանակ անց ռուսաստանյան կողմը հերքեց այդ տեղեկությունը:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հեռուստաեթերով հերթական անգամ հայտարարեց, թե Ռուսաստանի սադրանքներին Վրաստանը չի գնա եւ հանգիստ կընդունի ամեն տեսակի սպառնալիք ու դավ, եւ ի տարբերություն նախորդ խախտումների, այս անգամ Վրաստանն ունի փաստեր: Վրաստանի նախագահն անդրադարձավ նաեւ փետրվարի 26-ին ծրագրված Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելու հետաձգված այցելությանը` որպես ռուսական կողմի նախաձեռնած հետաձգում տվյալ պահին անհրաժեշտ դադար վերցնելու համար:

Ռուսական ռազմական օդանավի առնչությամբ տեղեկության նույն օրն իսկ` փետրվարի 21-ին ռուսական կողմը դադարեցրեց վիզաների տրամադրումը Վրաստանի քաղաքացիներին: Վրաստանում Ռուսաստանի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ դեսպանատան հյուպատոսական բաժինը փետրվարի 21-ից դադարեցնում է Վրաստանի քաղաքացիների վիզաների ձեւակերպումը բացառությամբ մարդասիրական բնույթի դեպքերի:

Դեսպանատան հաղորդագրության համաձայն, նման քայլը պայմանավորված է ռուսաստանյան զինվորականների համար մուտքի վիզա ստանալու եւ Վրաստանում գտնվող զինծառայողների վիզաների ժամկետը երկարացնելու վրացական կողմի ստեղծած արհեստական դժվարություններով: Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն մտացածին որակեց այս պատճառաբանությունը:

Չնայած այս ամենին, Վրաստանի խորհրդարանի փետրվարի 15-ին ռուս խաղաղապահների առնչությամբ ընդունած որոշումը ստացավ նաեւ Եվրոմիության արձագանքը, որի ղեկավարությունը իր աջակցությունն է հայտնել Հարավային Օսիայի հակամարտության կարգավորման լրացուցիչ մեխանիզմների մշակման հարցում միջազգային մասնակիցների բանակցություններին: Եվրոմիության բավականին զգուշավոր դեկլարացիայում նշվում է, որ շահագրգիռ միջազգային մասնակիցներին անհրաժեշտ է կարծիքների կառուցողական փոխանակում:

Եվ այն ժամանակ, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դե Գուխտը հեռախոսազրույցում քննարկում են Հարավային Օսիայի իրավիճակը եւ կողմերին կոչ են անում ակտիվացնել համատեղ ջանքերը, առաջին հերթին Խառը վերահսկիչ հանձնաժողովի շրջանակներում կարգավորման խաղաղ ուղիներ գտնելու համար, վրացական ու ռուսական կողմերն իրենց հերթին շարունակում են հակա- հայտարարությունները:

Վրաստանի վարչապետ Նողաիդելին երեկ հայտարարեց ոչ միայն Վրաստանի` «իր խաղաղ ուղուն համապատասխան գործելու» հաստատակամության մասին, այլեւ ԱՄՆ եւ ԵՄ աջակցությունը որակեց «կարեւոր», ավելին, «աննախադեպ», չնայած չմանրամասնեց այդ աննախադեպության մանրամասները:

Եթե վրացական կողմը խոսում է դիմադրելու իր պատրաստակամության մասին, ապա ռուսական կողմն` ի դեմս երկրի նախագահի, հույս է հայտնում, որ Վրաստանում կգերակայեն այն ուժերը, որոնք կզարգացնեն հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ավելին, Վլադիմիր Պուտինը Վրաստանի ներկա կեցվածքի հիմնական պատճառ է որակել երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակից ուշադրություն շեղելու մտադրությունը, որ, Պուտինի գնահատմամբ, ոչ մի բանի էլ չի բերի, քանի որ հարցերը պետք է լուծել բանակցություններով: Տարօրինակորեն, Պուտինը համոզմունք է հայտնել, որ վրաց կառավարության կազմում կան Ռուսաստանի հետ հարաբերություններ զարգացնել ցանկացողներ, որոնց թվում` նաեւ Սաակաշվիլին, եւ Վրաստանում հենց այդ ուժերի գերակայության հույսն ունի Ռուսաստանի նախագահը:

Իրավիճակն ունի մեկ այլ հետաքրքրական տարր: Ռուս խաղաղապահները դեռ չեն հեռացել Հարավային Օսիայից, սակայն, ասենք, Լիտվան արդեն հայտարարել է, որ աջակցում է Վրաստանի նախաձեռնությանը` միջազգայնացնել խաղաղապահ առաքելությունը, իսկ Ռուսաստանին էլ կոչ է արել «դադարեցնել ոչ բարեկամական գործողությունները» ընդդեմ Վրաստանի:

Միեւնույն ժամանակ, խաղաղապահ առաքելության մեջ ուկրաինական ուժերի հնարավոր մասնակցության առնչությամբ Ուկրաինայում իշխող կուսակցությունը հայտարարում է, թե երկրի խորհրդարանը կողմ չի քվեարկի Հարավային Օսիա խաղաղապահներ ուղարկելուն երկկողմ համաձայնությունների դեպքում: Ուկրաինան իր խաղաղապահների մասնակցությունը հնարավոր է համարում միայն ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում: Փաստորեն, Ուկրաինան հենց այնպես Վրաստան-Ռուսաստան հակադրության մեջ մտնել չի ցանկանում:

Վրացի քաղաքական փորձագետների խոսքերով, շատ փոքր է հակամարտության գոտում զինված բախման հավանականությունը, բայց դիրքորոշումների կոշտությունը երկուստեք անբարենպաստ գետին է հարցը խաղաղ եւ բանակցային գործընթացով լուծելու համար: Միեւնույն ժամանակ, վրացական կողմի համոզմունքն այն է, որ Ռուսաստանը խառնվել է ոչ իր գործին եւ ռուս խաղաղապահներն էլ հեռու են իրենց առաքելության բուն նպատակից: Փաստորեն, ռուսական զինված ուժերի ներկայությունը Հարավային Օսիայում 1992 թվականից որակվում է որպես միակողմանի մոտեցում եւ խաղաղապահ ուժերի մանդատին անհամապատասխանություն:

Նույն` ոչ օբյեկտիվ լինելու գնահատականին է արժանանում նաեւ Խառը վերահսկիչ հանձնաժողովի գործունեությունը, որի չորս անդամներից միայն վրացական կողմը չմասնակցեց Մոսկվայում հանձնաժողովի երեկ ավարտված քննարկմանը: Մինչդեռ մյուս երեք մասնակիցները` Ռուսաստանը, Հարավային Օսիան եւ Հյուսիսային Օսիան, մասնագետների գնահատմամբ, կարող են հանգիստ համաձայնության գալ յուրաքանչյուր հարցում` փոքրամասնության կշռի մեջ թողնելով Վրաստանին: Ամեն դեպքում, Հարավային Օսիայի հակամարտության գոտում ներկա պահի թերեւս ամենակարեւոր խնդիրը ամեն ինչ խաղաղ ճանապարհով տանելու կարողություն ցուցաբերելն է, որ բնավ էլ չի ենթադրվում ռուսական ու վրացական կողմերի մարտական կեցվածքներից:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4