Հրանտ Խաչատրյանի համոզմամբ, օմբուդսմենի ընտրությունը հոգեբանական դաշտում ճեղքում առաջացրեց
Մեր երկրում օմբուդսմենի ընտրությունը մտքի հեղափոխության սկիզբն էր: Այս համոզմունքը «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հրանտ Խաչատրյանը ներկայացրեց երեկ Մամուլի ազգային ակումբում հրավիրված ասուլիսին: Նրա գնահատմամբ, ցավոք, իրադարձությունների արագ զարգացման պատճառով քչերը հասցրին հասկանալ, որ իրականությունը նոր հարթություն է տեղափոխվում: Հրանտ Խաչատրյանի համոզմամբ, Հայաստանի ներքին իրավիճակը փոխելու համար իշխանություն-ընդդիմություն պայքարը ոչ թե երկչափ, այլ եռաչափ կամ քառաչափ ձեւում պետք է լինի: Նա ափսոսանքով հիշեց, որ օմբուդսմենի ընտրության սկզբում իր բարձրացրած հումանիզմի թեման վերածվեց սիրո թեմայի: «Հումանիզմը վերաբերում է ողջ մարդկությանը, իսկ սերն ավարտվում է անկողնային հարաբերություններով», այս երկու բառերի հիմնական տարբերությունը բացատրեց պրն Խաչատրյանը:
Հարցին, թե ՍԻՄ-ը առաջիկա ընտրությունների շրջանում դաշինք չի՞ կազմի Սամվել Բաբայանի հետ, ՍԻՄ նախագահը պատասխանեց, որ իր համար կարեւորը ծրագրային ընդհանրությունն է: Նա ավելացրեց, որ իրենք ձգտելու են արտահերթ ընտրությունների:
Ինչ վերաբերում է Ազգային ժողովի ներկապնակին, ապա Հրանտ Խաչատրյանի գնահատմամբ, աղքատ է լուրջ քաղաքական կուսակցություններից, չնայած դաշտն ընդհանուր առմամբ ներկայացված է: «Քաղաքական ողջ դաշտն աջակցության մեծ կարիք ունի», ասաց նա: Դիտարկմանը, թե արդյոք ընդդիմությունը, Հրանտ Խաչատրյանի գնահատմամբ, պասսիվ չէ՞, քաղաքական գործիչը պատասխանեց, որ ընդդիմության պասսիվությունն արտահայտվում է միայն հեղափոխություն չանելու մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը, որ որակվեց իբրեւ ձիու քայլ, առանց հեծյալի էր: Հրանտ Խաչատրյանն իր այս ալեգորիայում հեծյալ ասելով հասկանում է այն ծրագիրը, որ փորձում էին խորհրդարանում իրականացնել: Սակայն դա հնարավոր չէր, քանի որ քվեարկությունն ընթացավ ոչ միայն ճնշումներով, այլեւ կազմակերպված հանցագործության տարրերով: «Ես իսկապես դուրս էի եկել քաղաքական հարթությունից: Այնտեղ լուծման տարբերակներ կային: Այս ընտրությունը հոգեբանական դաշտում լուրջ ճեղքում էր, որը, սակայն, չամրապնդվեց քվեարկությամբ», ասաց ՍԻՄ նախագահը:
Թ. Մ.