«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2006-02-21 | #32, 2006-02-22 | #33, 2006-02-23


ՔԱՆԻ՞ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎԵԼՈՒ ՄԻՆՉԵՎ 2007 Թ.

Հայ սովորական մարդն արդեն սարսափահար է ամեն օր մի նոր կուսակցության ծնունդի մասին լուրից: Աչքը վախեցած է` եղածներն ի՞նչ արեցին, որ նորերն ինչ անեն: Առավոտ աչքդ բացում ես, լրատվամիջոցներն աչքալույս են անում, թե ազգիս փրկությամբ մտահոգ այս ու այն օլիգարխը, պաշտոնյան կուսակցություն է ստեղծում` ի փրկություն երկրի ու նրա քաղաքացու: Հետն էլ կամաց-կամաց, թույնի փոքր դոզաներով ներարկվում է, թե այս ու այն առանձնասենյակում, այս ու այն խնջույքի սեղանի շուրջն արդեն գծված է ապագա խորհրդարանի քարտեզը, ու ինչ էլ անեն անցանկալի կուսակցությունները, ոնց էլ նրանց ընտրողները ջանան` նրանց համար ապագա խորհրդարանում տեղ չի գտնվի:

Մի կողմ դրած այս լուրերն ըստ նշանակության տարածողների եւ օգտագործողների շարժառիթները, խոսենք այդպիսի լուրերի հեղինակների` հասարակության հոգեբանությանը հասցվող անուղղելի վնասի մասին. ա) երկրում այլեւս անհնար է հասարակության ձեռքով որեւէ բան փոխել, բ) առանց ուժեղների «դաբրոյի» ոչ ոք ծպտալ անգամ չի կարող, գ) ծնողներն իրենց զավակների համար այս երկրում այլեւս հեռանկար չեն տեսնում, քանի որ այս մտայնության պատճառով դադարում են պայքարել անգամ իրենց նվազագույն իրավունքի համար: Ահա այսպիսի անդառնալի վնաս է հասցնում կուսակցաստեղծ ամենօրյա խոսակցությունը սովորական հայ մարդու հոգեբանությանը, որովհետեւ նրանք տեսնում են, որ ՍՊԸ-ի նման կուսակցություն ստեղծողները կամ փողատեր են, կամ իշխանության լծակատերեր, եւ նպատակն էլ մեկն է` արեւի տակ իրենց տեղից մի թիզ անգամ չզիջել իր մի ուրիշ` մինչ այդ պաշտոն ու փող չունեցող հայրենակցին, թեկուզ նա ինտելեկտով մի տասը գլուխ բարձր լինի իրենցից:

Հիշո՞ւմ եք` 60-70-ականներին ինչպես էին մարդիկ գաղափարների շուրջը միավորվում, դրա համար ընկնում կոմունիստական բանտերը, անգամ զրկվում կյանքից. այդ բոլորը մոռացեք: Հայ մարդը դեգրադացվում է` ընդօրինակելով անօրինակելին, անհոգին ու ապազգայինը, որոնք բոլորը մեկ դեմք ունեն` դրամը: Հիմա միայն դրամն է ե՛ւ ազգայինը, ե՛ւ հոգեւորը, ե՛ւ ինտելեկտուալը` ամենա-ամենան: Եվ առաջին դեմքերի`տեղի ունեցողը խրախուսող գործելակերպը տասնյակ ու տասնյակ փոխակերպումներ է բերում մեր կյանքում, թեւ տալիս` չոգեւորվելու ուսյալով ու ինտելեկտուալով, մեն մի իդեալ ունենալ` դառնալ օլիգարխ (թեկուզ եւ դպրոց չգնալով), քանի որ փողով կարելի է կուսակցություն ստեղծել, խորհրդարանական տեղեր գնել, պետք եղավ` գիտական կոչումն ու շքանշանն էլ հետը:

Իհարկե, այս բոլորը միանգամից չեղավ, այլ մեր բոլորի ակնդետ հայացքի տակ: Տիպական օրինակ բերեմ: Ծանոթներիցս մեկը 90-ականներին ՀՀՇ-ական լինելով եւ մի փոքրիկ պաշտոն ունենալով, հետո հանրապետական դարձավ եւ մի աստիճան էլ վեր բարձրացավ պաշտոնեական սանդուղքով: 2003-ից առաջ «Օրինաց երկրի» ամենաջերմեռանդ անդամ էր եւ նոր պաշտոն ստացավ: Մի քանի օր առաջ նա ինձ հարցնում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակի հասցեն` անգամ չծածկելով, որ պատրաստվում է այդ կուսակցությանն անդամագրվել. «Ընտանիք ենք պահում, բա հո անգործ չե՞նք մնա, թքած սկզբունքի ու գաղափարի վրա», իմ հակադարձումներին ակնհայտ բարկությամբ պատասխանեց նա: Այսպես կամաց-կամաց, տարի-տարի մենք եկանք-հասանք այնտեղ, որ անտարբեր հայացքով եւ ընդամենը որպես մի գրավիչ խաղի հանդիսատես հետեւում ենք, թե ով ինչ կուսակցություն է ստեղծում, ով ո՞ր պարկից հոսում է դեպի մի այլ` ավելի վառվռուն ու դիմացկուն պարկ, ու մեր դեմքի անտարբերության նշանը նաեւ նշանն է այն բանի, որ մեզանից ոչինչ կախված չէ, մենք` հանրությունը, ոչինչ չենք որոշում: Մենք վատնեցինք մեր բաժին ժամանակը` արժեզրկելով ամեն ինչ եւ ամեն մարդու, եւ հիմա հանգիստ կանգնում, խոսափող ենք դեմ անում անհոդաբաշխ մտքերի անկապ կույտերը մեծահոգաբար մեզ արժանացնող ամեն մի դրամատիրոջ, որը «դաստով» կարող է քաղաքական գործիչ առնել ու վաճառել:

Ասում են` մի 300 տարի առաջ հենց այսպես պատահեց Նահանգների հետ, երբ նախնական կապիտալի տերերը եկան իշխանության, եւ երկիրը ծաղկեց: Բայց այդ երկրում այն ժամանակներում մարդն արժեք չէր, դռները բաց էին բոլոր մայրցամաքներից եկողների համար, եւ մարդկային շատ կյանքեր պահանջվեցին, մինչեւ այդ երկիրը ավազակապետությունից թիվ մեկ պետություն դարձավ: Մենք այդ կյանքերը չունենք: Մենք չենք կարող երկար ժամանակ ուտելիքի վրա դողացող մեծամասնությամբ եւ մի բուռ հարուստներով երկիր կառուցել` հուսալով, որ կգան ուրիշները: Մեր ուրիշները պետք է այս հանրությունից ծնվեն, դրա համար հենց այս հանրությունը պետք է առողջանա, հենց այս հանրության համար պետք է կարեւոր արժեքները ուղենիշ լինեն, հենց այս հանրությունն է կանգնած Ղարաբաղի խնդրի կարգավորման վտանգների առաջ, եւ նրան պետք չէ կոտրել անհոգի-անգաղափար քաղաքական խաղերով: Մենք պետք է հենց հիմա գործարարին իր բաժին գործարարությունը մատնացույց անենք, մտահոգվենք քաղաքականությունը վերջնականապես բիզնես չսարքելու մասին, որոնենք ու տեղ տանք երիտասարդ ինտելեկտուալներին, որ սերնդի ճանապարհ չփակենք ու դատարկ գլուխներով չկանգնենք երկրին մշտապես դարանակալ վտանգների առջեւ:

Հասարակ հայ մարդը պետք է իր տեղը տեսնի ստեղծված եւ ստեղծվող կուսակցություններում, պետք է հույս ունենա, որ կուսակցություններն ուժեղների գրպանի խաղալիքը չեն, որ դրանք նույն շահերով կապված մարդկանց համար չեն ստեղծվում: Որ այնպես չլինիՙ կուսակցությունները մի քանի հազար մարդկանցով սովորական նոմենկլատուրա ձեւավորեն, էս երկիրը փոխանցեն իրար, իսկ ժողովուրդը մնա վիզը ծռած:

Բայց դե` մենք ասում, մենք լսում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4