«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2006-02-21 | #32, 2006-02-22 | #33, 2006-02-23


«ԱՅՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՈՐ ԿՀԱՆՁՆԵՆՔ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻՆ, ԿԼԻՆԻ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՎԻՃԱԿՈՒՄ, ՔԱՆ ԻՐԵՆՔ ԵՆԹԱԴՐՈՒՄ ԷԻՆ»

Համաշխարհային բանկի հաշվետվության մեջ «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ աշխատանքն անցած տարվա մայիսի 1-ից («Էյ յութիլիթիի» հեռանալուց հետո) մինչեւ 2006-ի հունվարի 1-ը գնահատվել է գերազանց: «Մենք վստահ ենք, որ այն համակարգը, որ կհանձնենք «Ժեներալ դեզ օ»-ին, կլինի ավելի լավ վիճակում, քան իրենք ենթադրում էին ստանալ», ասում է «Երեւանի Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գառնիկ Ալեքսանյանը: Հայտնի է, որ առաջիկա 10 տարիներին ջրմուղի ղեկավարումը եւ կառավարումն անցնելու է ֆրանսիական «Ժեներալ դեզ օ» կազմակերպությանը, որ աշխարհին հայտնի է նաեւ էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում տիրապետող դիրքով: Բավական է ասել, որ նա 250 հազար աշխատող ունի աշխարհի 110 երկրներում: Համաշխարհային բանկի վարկային երկրորդ ծրագիրը 20 մլն դոլարի ներդրումներ անելու հնարավորություն կտա «Ժեներալ դեզ օ»-ին:

- Ի՞նչ պատկեր ունի այսօր Երեւանի ջրամատակարարման համակարգը երկրորդ կառավարիչ կազմակերպության գալստյան նախօրեին: Այս մասին է գլխավոր տնօրեն Գառնիկ Ալեքսանյանի հետ մեր զրույցը:

- Մեր հաշվարկներով, անցած դեկտեմբերին Երեւանում շուրջօրյա ջրամատակարարում ուներ բնակիչների մոտ 70 տոկոսը: Նոր Նորքի զանգվածներում գրեթե 95 տոկոս է: Նոյեմբեր-դեկտեմբերին բավական բարելավվեց վիճակը Կենտրոնում, Արաբկիրում: Առաջընթացն ակնհայտ է նաեւ մյուս համայնքներում: Մինչդեռ սրանից 2-3 տարի առաջ թաղամասեր կային, որ 2-3 օրը մեկ էին խմելու ջուր ունենում: Այսօր թեկուզ ժամային գրաֆիկով, բայց բոլորին ենք ապահովում ջրով: Բայց դեռ շատ աշխատանք կա առջեւում: Հյուսիսը բացառած, անելիքներ ունենք գրեթե բոլոր մասնաճյուղերում` «Մաշտոցում», «Շահումյանում», «Շենգավիթում», «Քանաքեռ-Զեյթունում»:

- Շուրջօրյան մեծ ձեռքբերում է, հաջորդ կարեւորը ջրի որակն է:

- Ջրի որակի հետ կապված առայժմ ոչ մի խնդիր չունենք: Միակ դեպքը գրանցվել է 2,5 տարի առաջ, Արաբկիրում, որի պատճառներն այդպես էլ չբացահայտվեցին: Նման դեպքերի կրկնությունը բացառելու համար մենք 2 ժամը մեկ մայրաքաղաքը սնող այսպես կոչված օրվա կարգավորիչ ջրամբարներում ստուգում ենք ջրի որակը, հետո նոր ուղղում բաշխիչ ցանց:

Իհարկե, ձնհալի հետ կապված մտավախություններ կան, մասնավորապես ջրաղբյուրներում հնարավոր են ինչ-ինչ աղտոտումներ, բայց արդեն դրա դեմ սկսել ենք աշխատել: Ջրահավաք ավազանները մաքրում ենք, լրացուցիչ ստուգում հերմետիկությունը: Ջրաղբյուրներում անհրաժեշտության դեպքում կավելացնենք քլորի չափաբաժինը, որ ջրի որակը քաղաքում համապատասխանի ներկայացվող չափանիշներին: Մտավախություն պիտի լինի, եթե չլինի, չենք կարող ճիշտ կազմակերպել մեր աշխատանքը, բայց կարծում եմ, որ խնդիր չենք ունենա:

- Կենտրոնի մի բնակիչ ինձ ասաց, որ ծորակից երբեմն մուգ գույնի ջուր ու ավազ են դուրս գալիս, հետո մաքրվում է:

- Մենք եւս երբեմն առնչվում ենք նման փաստերի: Մասնավորապես դա բացատրվում է նրանով, որ Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակը ճապոնական սոցիալական հիմնադրամի դրամաշնորհով նորոգում է Երեւանի բազմաբնակարանների ջրամատակարարման ներքին` նկուղային ցանցերը: Արդեն 1000-ից ավելի շենքերի ներքին ցանցեր վերանորոգվել են: Շինարարը փոխում է մաշված խողովակները, նորերը տեղադրում (այս գործընթացը մեր իրավասությունից դուրս է), հետո, երբեմն առանց ախտահանելու, անկախ նրանից, որ նոր խողովակներ են, միացնում, շենքին է ջուր տալիս: Բնական է, որ նման պարագայում որոշ ժամանակ ջրում պետք է նկատվի մեխանիկական մասնիկների առկայություն: Ջրատաքացուցիչ սարքերի զանգվածային տեղադրումը նույնպես կարող է ջրի որակի վրա ազդել: Սակայն դրանք միայն կարճաժամկետ ներգործություն կունենան: Ավելի հաճախ շենքերի ներքին ցանցի անմխիթար վիճակն է բնակիչների դժգոհությունների պատճառ դառնում: Այս պարագայում նրանք պետք է համատիրության հետ միջոցներ ձեռք առնեն խողովակները նորացնելու համար: Ամեն դեպքում, եթե երեւույթը կրկնվող է, անհրաժեշտ է դիմել մեր ընկերության համապատասխան տարածքային մասնաճյուղ` ջրի որակը ստուգելու եւ աղտոտվածության պատճառը պարզելու համար:

- Կա՞ ամբողջական պատկերը, թե Երեւանի ո՞ր հատվածներում ջրատար խողովակներն ի՞նչ վիճակում են, թեկուզ վթարները կանխատեսելու համար:

- Խողովակաշարերի տեխնիկական վիճակն ընդհանուր առմամբ մեզ պարզ է: Ուրիշ է, որ վթարներն անկանխատեսելի են, որովհետեւ դրանց պատճառը միայն ֆիզիկական մաշվածությունը չէ: Սակայն ինչ խոսք, կարեւորագույն պատճառը դա է: Համակարգի ջրամատակարարման ցանցի մոտ 30 տոկոսը մոտ 30 եւ ավելի տարի է շահագործվում, իսկ խողովակների ընդհանուր երկարությունը 2000 կմ է, ջրահեռացմանը` մոտ 1170 կմ: Ակնհայտ է, որ նման պայմաններում դժվար է կանխատեսել վթարները: Փորձում ենք իրավիճակը կայուն պահել վթարներին արագ արձագանքելու միջոցով: Ըստ հաշվարկների, ողջ ցանցը վերականգնելու, նորմալ վիճակի բերելու համար շուրջ 400 մլն դոլար է պետք: Ամեն դեպքում եղած սուղ հնարավորություններով տարվող լոկալ աշխատանքներով ամեն ինչ անում ենք, որ կարողանանք բաժանորդներին սահմանված ժամանակացույցի համաձայն ջրամատակարարում ապահովել: Այնտեղ, ուր կասկածելի են թվում ճնշման տատանումները կամ ջրաքանակն է պակասում, չսպասելով վթարի` մենք ենք սկսում փնտրել եւ գտնել վթարային հատվածը:

- Առաջիկայում սակագնի բարձրացում է նախատեսվում: Ի՞նչ կտա այն:

- Այո, ֆրանսիացիները հայտարարել են նոր սակագնի մասին, ավելացրած արժեքի հարկի հետ կլինի մոտավորապես 175 դրամ: Սակագնի բարձրացումը ջրմուղին ավելի շատ ազատ միջոցներ կտա, քան հիմա ունի, կլուծվեն շուրջօրյա ջրամատակարարման, որակի ամենօրյա խնդիրները: Վթարներին ավելի օպերատիվ անդրադառնալու, ավելի շատ անալիտիկ աշխատանք կազմակերպելու հնարավորություն կստեղծվի: Մեր մեքենա-մեխանիզմները ձեռք է բերել «Էյյութիլիթին» 5 տարի առաջ, արդեն մաշվում են, վերանորոգման կարիք ունեն: ֆրանսիացիները նախատեսում են սակագնի բարձրացում միայն 3 տարով, որպեսզի լրացուցիչ միջոցներ ունենան համակարգի բարելավման համար: Հետո սակագինն իջնելու է եւ 10-րդ տարում ավելի ցածր է լինելու, քան հիմա: Իրենք լրացուցիչ գումար են ներդնելու համակարգ 20 մլն-ից բացի: Սակագինը եթե զոհողություն է հասարակության կողմից, միաժամանակ նույն հասարակության շահերից բխող հանգամանք է, որովհետեւ ինչքան շատ ներդնեն գումար, այնքան շուտ կվերականգնվի ցանցը: Այսօր ո՞վ է լավ ջրամատակարարմանը ոչ ասում:

- Երեւան մտնող ջրի կորուստները որքա՞ն են:

- 75-80 տոկոսից բարձր, բայց այս թվի միայն 40 տոկոսն է տեխնիկական կորուստ: Մնացածը, համոզված ենք եւ ունենք համապատասխան հաշվարկներ, առեւտրային կորուստ է: Դա նշանակում է, որ ջուրը սպառում են, բայց դրա դիմաց չեն վճարում: Մենք այդ խնդիրն ունենք, եւ օգտվելով առիթից, թերթի միջոցով կուզեի մեկ անգամ եւս դիմել մեր բաժանորդներին, որ բոլոր ջրագծերի վրա ջրաչափեր տեղադրվեն, եւ բացի այդ, մեր բաժանորդներին կխնդրեի օգտագործած ջրի դիմաց բարեխիղճ վճարումներ անել, որովհետեւ այդ վճարումների արդյունքում է, որ կարողանում ենք իրենց ջրամատակարարումը բարելավել: Բոլորն էլ պիտի անկեղծ լինեն եւ ընդունեն, որ իրոք, Երեւանում ջրամատակարարումը վերջին տարիներին բարելավվել է, իսկ եթե ստանում ենք, ուրեմն նաեւ պետք է վճարենք:

- Երեւանում այսօր քանի՞ բաժանորդ ջրաչափ դեռ չունի:

- Շուրջ 33 հազար բնակիչներ ջրաչափ չեն տեղադրել: Վերջերս կառավարությունը նոր որոշում կայացրեց, որով զեղչեր են նախատեսվում նրանց, ովքեր մեզ կդիմեմ ջրաչափ տեղադրելու պայմանագիր կնքելու նպատակով: Թե՛ ջրաքանակն է ավելի քիչ հաշվվում, թե՛ ջրաչափը կարելի է ապառիկ պայմանով վերցնել: Մենք սկզբունքային խնդիրներ չունենք նրանց հետ, ովքեր ջրաչափ են տեղադրել: Բայց ահա բնակիչների 12 տոկոսը չունի ջրաչափ: Ասել, թե նրանք վճարունակ չեն, այդ պատճառով չեն տեղադրել, ճիշտ չի լինի, որովհետեւ նրանց մեջ անապահովները ընդամենը 3,5 հազար են: Ու եթե դրա հետ հաշվի առնենք, որ այդ մարդկանց կեսը բնակվում է սեփական, անհատական տներում, հասկանալի է, որ նրանք պարզապես շահագրգիռ չեն: Սեփական տնատիրություններում ջրի ծախսը շատ է, հատկապես ամռանը: Սակայն դա արդարացում չէ եւ ոչ էլ բացատրություն:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4