ՀՀ Սահմանադրական դատարանը պետք է քննության առներ Կենտրոնի կառուցապատման շուրջ կառավարության որոշումների սահմանադրականության խնդրի վերաբերյալ ԱԺ պատգամավորների դիմումը, սակայն վերջիններս հրաժարվեցին իրենց ստորագրություններից: Այս անդրադարձի նպատակն այն է, որ ԱԺ-ն հստակ կանոնակարգ սահմանի` ազգի ընտրյալներին ոչ վայել նման դեպքերի կրկնությունից խուսափելու համար:
Պատգամավոր բառը եբրայերեն նշանակում է հրեշտակ:
Հրեշտակներն Աստծու պատգամներն էին բերում ժողովրդին:
Նաջարյանն ազնիվ մարդ էր, եւ նրա փոշմանելը հանուն իր ֆերմայի էր: Նրա համար ֆերման իր գյուղի հարստությունն էր, իր գյուղի բարեկեցության գրավականներից մեկը, իր պետությունը: Այո, նաեւ պետությունը: Իր գյուղի, իր ֆերմայի շահերի մասին մտածողը պետական մտածողություն ուներ: Իսկ պետական մտածողությու՞ն է, արդյոք, մարդու իրավունքների պաշտպանության խնդրին հետամուտ լինելը: Ես կարծում եմ` այո: Կարծում եմ նաեւ, որ այն 6 պատգամավորները, ովքեր ՍԴ-ից հետ վերցրին Կենտրոնի կառուցապատման շուրջ կառավարության որոշումների սահմանադրականության խնդրի վերաբերյալ իրենց դիմումները, արհամարհեցին հենց այդ մտածողությունը` ներանձնական խնդիրները գերադասելով թե՛ պատգամավորի առաքելությանը, թե՛ իրենց ընտրողների հանդեպ ունեցած պատասխանատվությանը եւ թե՛ իրենց խղճին: Նրանք հրաշալիորեն անգիր են արել ՀՀ Սահմանադրության 66 հոդվածի առաջին կետի հինգ բառերը` «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով...», մոռանալով, որ այդ նախադասությունը շարունակություն ունի. «...առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով»: Ահա խղճով ու համոզմունքով էլ նրանք մեղա եկան չգիտես ում առաջ եւ թիկունքով շրջվեցին ընտրողներից: Անգամ ծիծաղելի է կարդալ նրանց դիմումները, որոնցում նրանք ներողություն են հայցում (երեւի Աստծու՞ց), որ... իրենց խաբել եւ ստորագրություն են վերցրել: Ժան-Ժակ Ռուսոն ժամանակին ասում էր. «Ուզու՞մ եք մի շփոթված տղամարդ տեսնել` նրան նույն տեղում, նույն ժամին հանդիպեցրեք բոլոր այն կանանց հետ, ում հետ ինքն առանձին-առանձին էր հանդիպում»: Ռուսոյի խորհուրդը լսելով, պատկերացնենք, Կենտրոնից ընտրված պատգամավորին հանդիպեցնում ենք իր ընտրողների հետ` մի պահ մտովի վերադառնալով նախընտրական քարոզարշավի օրերը: Բոլորս միասին լսում ենք նրա խոստումները, դիտում նրա պահվածքը, հետո սա համեմատում ենք փետրվարի 21-ի նրա կերպարի հետ, երբ զղջացել ու հետ է վերցնում դիմումը, ասել է, երեւի մասամբ, մասամբ հրաժարվում է ընտրողներին տված իր խոստումը կատարելուց: Ես ասացի` պատգամավորի խոստում, դուք հասկացեք` պատգամավորի պարտք, պատասխանատվություն, առաքելություն եւ էլի ուրիշ բաներ, որոնք հրաշալի սազական են պատգամավորին ընդհանրապես, բայց ոչ մեր ԱԺ հիշյալ պատգամավորներին:
Միամի՜տ, ազնիվ հայր եւ որդի Շահամիրյաններ. ինչպե՜ս էին 300 տարի առաջ հեռավոր Կալկաթայում իրենց ապագա անկախ Հայաստանի համար գրում «Որոգայթ փառաց»-ը` հայոց առաջին Սահմանադրությունը: «Կալանքի ենթարկել ամեն անկարգ գործ» - ահա «Որոգայթ»-ի հիմնական կոչումը: Բայց Շահամիրյաններին ես հիշեցի հատկապես հետեւյալ տողերի համար, որոնցով «Որոգայթ»-ի հեղինակները Տիրոջն աղերսում են, որպեսզի «կամապաշտ սրտերն ուղղի դեպի իմաստուն ցանկությունները, բարեպաշտ դարձնի դեպի ամեն իրավունք ու արդարություն»: ...Սրանից հետո միտք ունի՞ որեւէ բան ավելացնել:
Վերջաբանի փոխարեն: «Աստված մի արասցե, եթե զոհաբերությունն ապարդյուն լինի»: Մեծն Նարեկացու այս աղերսի հանգույն հնարավո՞ր է, որ ընտրողների մի մասը, մանավանդ Կենտրոնի, իրենք իրենց հանդիմանեն` պատգամավորների ընտրության կարեւոր խնդրին անլուրջ վերաբերվելու համար: Այսպիսի դեպքե՞ր պիտի լինեին, որ վերջապես հասկանան, թե ում եւ ինչու են վստահել: Իսկ պատգամավորներն էլ, պարզ է` չեն հասցրել Նարեկացի կարդալ, գոնե Թումանյա՞ն էլ չեն կարդացել. «Ամբողջ մարդկությունը մի ընտանիք է: Ժողովուրդները էդ մեծ ընտանիքի անդամներն են: Գնում են մի նպատակի, եւ ամեն մեկն ունի իր դերը` երջանիկ դարձնելու ամենքին եւ ամենքի երջանկությունը դարձնելու ամեն մեկի երջանկությունը»:
Ահա այսպիսի բաներ, խաբված ընտրողներ եւ ընտրված ու չընտրված պատգամավորներ:
Պ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ