«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2006-02-21 | #32, 2006-02-22 | #33, 2006-02-23


«ՊՐՈՄԵԹԵՎՍ-ՔԻՄՊՐՈՄ». ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Դեռեւս անցած տարվա հոկտեմբերից վերագործարկվել է Վանաձորի քիմգործարանի սուտակի արտադրամասը, որը թողարկում է շուրջ 12 երանգի կապույտ սապֆիր:

«Պրոմեթեւս-քիմպրոմ» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Վարդանյանի հավաստմամբ` թեեւ Հայաստանն ու Թաիլանդն այնքան էլ մոտ չեն, սակայն Բանգկոկի եւ Հոնկոնգի ոսկեգործները նախընտրում են հայկական արհեստական սուտակը: Ըստ տնօրենի` քարը մշակողներն ու ոսկերիչները ավելի շատ եկամուտ են ստանում, քան արտադրողները: Յուրաքանչյուր ամիս առաքվում է մեկ տոննա սուտակ:

Վերագործարկվել է նաեւ կարբիդի արտադրամասը: Առաջին խմբաքանակը` 2 վագոն կարբիդ, Ուկրաինա է առաքվել անցած տարվա դեկտեմբերին: Սպառողը գոհ է արտադրանքի որակից: Ուկրաինական կողմը շուտով կվերանայի պայմանագրերը, արտահանման ծավալը կհասնի ամսական 900-1000 տոննայի: «Այսինքն` կարբիդի արտադրամասը կաշխատի գործող ողջ հզորությամբ», ասում է Վ. Վարդանյանը:

Իսկ առայժմ գործարանում աշխատում է շուրջ 600 մարդ` 80-90 հազար դրամ աշխատավարձով: «Եվս 200-300 մարդ զբաղված է տեղափոխման եւ այլ հարցերով, թեեւ նրանք մեր հաստիքացուցակում չեն», ավելացնում է տնօրենը:

Ընկերությունն աստիճանաբար մարում է նախորդ չորս չաշխատած տարիների կուտակված պարտքերը, որոնց թվում նաեւ` 27 ամսվա աշխատավարձը: Անցած տարվա դեկտեմբերին արդեն մարվել էր 600 հազար դոլար պարտք, այդ թվում` 10-12 ամսվա աշխատավարձը:

«Այժմ մեր աշխատողները վարձատրվում են կանոնավոր: Իսկ հին պարտքերից մնացել է 10-12 ամսվա աշխատավարձ, որը կմարենք առաջիկա մի քանի ամսում: Մտադիր ենք այս տարի փակել ընկերության բոլոր մյուս պարտքերը», օրերս մեր զրույցի ժամանակ ասաց Վ. Վարդանյանը:

Անցած շաբաթ Վանաձոր էին ժամանել չինական «Լուկ սթար» եւ ուկրաինական «Տիլ» ընկերությունների ներկայացուցիչները: Ծանոթանալով քիմհամալիրի ներուժին` նրանք համաձայնել են աշխատել հայ գործընկերների հետ:

Արտադրությունը կկազմակերպվի քիմմանրաթելի գործարանի տարածքում: Ըստ վերջինիս տնօրեն Ռուդիկ Մնացականյանի` սարքավորումները լավ են պահպանվել, սակայն դրանց որոշ մասը միայն հնարավոր է հարմարեցնել տվյալ արտադրության համար, մյուսները պետք է բերվեն արտերկրից: Սարքավորումների մի մասը ներդրում կլինի օտարերկրյա գործընկերների կողմից, մյուս մասը գործարանը ձեռք կբերի: Կարտադրվեն գյուղատնտեսության մեջ օգտագործվող 6-7 տեսակ նյութեր, առայժմ ապահովելով 30-40 աշխատատեղ:

Քիմիան կորպորատիվ աշխատանք է, նշում են ընկերության ղեկավարները, ավելացնելով, որ նյութերի արտադրության միայն վերջին փուլերը կիրականացվեն Վանաձորում, ինչը նաեւ զերծ կպահի քաղաքը բնապահպանական խնդիրներից:

Գյուղատնտեսական նյութերն իրացվելու են Ուկրաինայում, իհարկե, կբավարարվի նաեւ Հայաստանի պահանջարկը: Իսկ թե երբ կթողարկվի առաջին արտադրանքը, պարզ կլինի մեկ-երկու ամսից:

Վ. Վարդանյանը տեղեկացրեց, որ այդ նյութերի մեջ սելիտրան տեղ չի ունենա, որովհետեւ, դրա ինչպես նաեւ մելամինի արտադրության համար անհրաժեշտ է գազ: Իսկ կապույտ վառելիքը թանկացման միտում ունի, ընդ որում, ոչ միայն Հայաստանում:

Առայժմ քիմհամալիրի ղեկավարները աշխատում են այնպիսի արտադրություններ խթանել, որոնցում գազ եւ էլեկտրաէներգիա քիչ են օգտագործում: Իսկ որպեսզի կարողանան ավելի էժան էներգիայով աշխատել, մտածում են քիմհամալիրին պատկանող ՋԷԿ-ը վերագործարկել, դարձյալ ուկրաինացի գործընկերների հետ համագործակցությամբ: Թե ինչ արդյունքի հնարավոր կլինի հասնել այս հարցում, Վ. Վարդանյանը խոստացավ պատասխանել վեց ամսից: Մշակվում են նաեւ այլ ծրագրեր` առաջիկա 6-7 ամիսների ընթացքում հզորությունները 50-60 տոկոսով ավելացնելու համար:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4