Դրանցից են նաեւ Տավուշի մարզի Չինարի ու Այգեձոր գյուղերը
Նախկին Շամշադինի շրջանը (Տավուշի մարզ) դեռեւս խորհրդային տարիներին հանրապետության ամենից շատ դատարկվող տարածքներից էր: Այդ երեւույթը բավականին ուժգնացավ Խորհրդային Միության փլուզումից հետո: Առաջին պատճառը ղարաբաղյան պատերազմն էր: Անընդհատ ռմբակոծվող գյուղերը, մասնավորապես Այգեձորը եւ Չինարին հիմնականում իրենց ուժերով կարողացան դիմակայել թշնամուն` թույլ չտալով նրա առաջխաղացումը: Սակայն մեծ թափով արտագաղթ սկսվեց: Մյուս պատճառը սոցիալական ծանր վիճակն էր: Հիմնականում գնացին Ռուսաստան:
Այգեձոր եւ Չինարի հասնելը բավականին դժվար է, քանի որ ճանապարհները քանդուքարափ վիճակում են եւ թուլացնում են կապը նույնիսկ Բերդի հետ: Գյուղացիները, որոնք հիմնականում այգեգործներ են, բերքը չեն կարողանում յուրացնել ոչ միայն քաղաքներից հեռու լինելու եւ վատ ճանապարհների, այլեւ պահածոների գործարանների չաշխատելու պատճառով: Փոխարենը նրանք հողի եւ ջրի հարկ են տալիս, չնայած որպես սահմանամերձ գոտի տրամաբանական կլիներ, որ ազատվեին այդ հարկից: Գուցե դա նպաստի, որ մի քանի ընտանիք ավելանա այդ գյուղերում: Սակայն ոչ մի առումով հաշվի չի առնվում, որ գյուղերը սահմանամերձ են: Օրինակ, Այգեձորի հիվանդանոցը շուտով կփակվի: Այսինքն առողջապահության նախարարությունը որոշել է, որ գյուղացիներին հիվանդանոց, շտապ օգնություն պետք չէ, մինչդեռ հենց սահմանամերձ գյուղը պետք է ունենա առաջնակարգ հիվանդանոց եւ շտապ բուժօգնության հնարավորություն: Շուտով գյուղում ախտորոշիչ կենտրոն պիտի բացվի, իսկ հիվանդանոցը` փակվի...
Այգեձորում եւ Չինարիում երիտասարդ ընտանիքները շատ քիչ են եւ հիմնականում կիսված, քանի որ տղամարդկանց մեծ մասը Ռուսաստանում է աշխատանք գտնում: Այդ ընտանիքները նույնպես մտածում են գյուղից հեռանալու մասին: Նախ սահմանի բերանին ապրելը ամեն վայրկյան լի է վտանգներով: Նրանք չեն ուզում, որ իրենց երեխաների կյանքը վտանգի տակ լինի: Նրանք նաեւ վիրավորված են իշխանությունների անտարբեր վերաբերմունքից, քանի որ իրենք պետք է երկիր պահեն, սահման հսկեն, սակայն զրկված լինեն ամենատարրական հնարավորություններից: Երեխաների համար նույնիսկ պարի, երգի, նկարչության եւ այլ խմբակներ չեն գործում, նրանց համար դրանք երազանք են: Իսկ խորհրդային տարիներին գործող հեռուստաաշտարակը ՀՀ անկախացումից հետո չի գործում, եւ մոսկվաբնակ այգեձորցիների ուժերով տեղադրված արբանյակային անտենաների շնորհիվ մարդիկ կարողանում են դիտել Հ1-ի, PTP-ի, ՕPT-ի եւ HTB-ի հաղորդումները: Երեխաները, ինչպես հանրապետության շատ մարզերում, զրկված են «Հայրենիք» հեռուստաընկերության ծրագրերը դիտելուց: Քանի որ Հ1-ը դիտում են արբանյակային կապի միջոցով, առաջանում են զավեշտական իրավիճակներ: Օրինակ, երեխաները «Հեքիաթն է կանչում» հաղորդումը այստեղ դիտում են... առավոտյան ժամը 9.30-ին: Հետեւաբար զարմանալի չէ չորսամյա Հասմիկի` առավոտյան մանկապարտեզ գնալուց առաջ մորն ուղղած հարցը. «Մայրիկ, բարի գիշեր ասացին, հիմա ես քնե՞մ, թե մանկապարտեզ գնամ»: Կամ էլ Հ1-ով որեւէ ֆիլմ են գովազդում, բայց ասված ժամին ֆիլմը չի ցուցադրվում:
XIII դարում կառուցված Խորանաշատ վանքը գտնվում է Չինարի գյուղի մերձակա անտառապատ լանջին եւ կարծես իր օրհնանքով բարձունքից իշխում է շրջապատի վրա: Հանրագիտարանից տեղեկանում ենք, որ վանքը հիմնադրել է Վանական Վարդապետը: Նրան աշակերտել են նշանավոր պատմիչներ Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արեւելցին, Մաղաքիան, Ստեփանոս Աղթամարցին: Վանքը նաեւ գրչության կենտրոն է եղել: Այժմ վանքը հայտնվել է սահմանի վրա, ընդամենը մի քանի մետր այն կողմ թուրքերի դիրքերն են: Մարդիկ վախենում են վանք գնալ, քանի որ վտանգավոր է: Հետեւաբար զրկվել են նաեւ եկեղեցուց եւ եկեղեցական արարողություններից: Խորանաշատն այսօր լքված է, ռմբակոծություններից վնասված, սակայն փոխարենը «հրաշալի» գաղափար կա` Չինարիում, հենց գյուղի մեջ նոր եկեղեցի կկառուցվի: «Դե թող մի տերտեր գնա ու վանքում (Խորանաշատում) նստի: Չեն նստի, վանքը չի գործի, որովհետեւ իրենց կյանքը վտանգի տակ կդնեն: Դրա համար էլ գյուղում նոր եկեղեցի են կառուցում: Հույս չունեն, որ վանքը մոտ ապագայում անվտանգ կդառնա», հայացքները Խորանաշատին հառած ասում են գյուղացիները: «Նոր եկեղեցու կառուցումով հայավարի մատաղ, հարսանիք, կնունք ու տոներ կանենք, եկեղեցով պսակվելուն կարոտ չենք մնա», ասում են երիտասարդները: Իսկ գուցե նոր եկեղեցու կառուցումով Խորանաշատը մոռացությա՞ն մատնվի:
Այգեձորն ու Չինարին հույսը դրել են դրսում ապրող համագյուղացիների վրա, քանի որ նրանք են կենսական շատ հարցեր լուծում` դրամական օգնություններ, գյուղամիջյան փողոցների լուսավորություն, կենցաղի բարելավում... Սակայն շատերը չեն վերադառնալու, քանի որ Մոսկվայում ծնված եւ մեծացած, այնտեղ կրթություն ստացած նրանց երեխաները հազիվ թե գյուղ վերադառնան: Լավագույն դեպքում, եթե Հայաստան գան, լրացնելու են քաղաքաբնակների շարքերը:
Այգեձորում եւ Չինարիում տների լույսերը կամաց-կամաց մարում են, քանի որ դրանց պահապանները` միայնակ մնացած ծերերը մեռնում են: Նրանք, ովքեր իրենց մոտ գոնե մեկ զավակ ունեն, երջանիկ են համարվում, քանի որ մեռնելիս մի բաժակ ջուր տվող, աչքերը փակող կունենան: Ե՞րբ կգա այն ժամանակը (եւ արդյոք ուշացած չի՞ լինի), որ սահմանամերձ գյուղերը հատուկ վերաբերմունքի, արտոնյալ պայմանների կարժանանան: Եթե այդ գյուղերը վերջնականապես դատարկվեն, կվտանգվի Հայաստանի ազգային անվտանգությունը: Սահմանը նախ եւ առաջ պահում են սահմանամերձ գյուղերի բնակիչներն իրենց ներկայությամբ, իրենց ընտանիքներով: Նրանք, այդ հողի վրա ապրող, հողի եւ հայրենիքի իրական արժեքն իմացողներն են, երկրի զինվորներն ու սահմանապահները եւ ոչ թե երեւաններում մեծ-մեծ խոսացող, հեշտ ու ապահով ապրողները:
Ա. ԱՄԻՐԽԱՆՅԱՆ