Դալմայի այգիներում աղբ են լցնում
3000-ամյա հնությամբ Դալմայի այգիների վարձակալները հողօգտագործման իրենց իրավունքը շարունակում են պաշտպանել` օգտագործելով բոլոր հնարավոր ատյաններն ու միջոցները: Շարունակում են պնդել, որ այգիների կարգավիճակը եւ հողի կատեգորիան փոփոխվել են ՀՀ օրենքների խախտումներով, որ հողահատկացումները կատարվում են ոտնահարելով հողն օգտագործող անձանց շահերը: Որ պատմամշակութային եզակի համալիրը կառուցապատման հանձնելը հանցագործություն է: Երեկ նրանք Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի հետ խնդիրը կրկին ներկայացրին լրագրողներին: Տեղեկատվություն տրվեց վիճահարույց տարածքի շուրջը կատարվող վերջին իրադարձությունների մասին: Աթենքի փողոցի` «Արեւի» ինստիտուտին հարակից տարածքում հազարավոր խորանարդ մետր աղբ է թափվել: Կանաչների միության նախագահը նամակով այդ մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: «Պատմամշակութային եւ բնապահպանական արժեք ունեցող բերրի հողերը Երեւանի քաղաքապետարանի թողտվությամբ միտումնավոր աղբակալվել են, հետագայում իրենց հայեցողությամբ տնօրինելու նպատակով»: Պատասխան գրությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազի օգնական Վ. Մինասյանը հայտնում է, որ այգիների այս հատվածում աղբաթափումը դադարեցնելու նպատակով «ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ»: Միաժամանակ պարզաբանվում է, որ ժամանակին Աթենքի փողոցին հարող այդ տարածքից 50 տարի ժամկետով կառուցապատման համար 12 հա հողամաս է տրամադրվել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին, եւ «հատկացված հողատարածքում հարթեցման նպատակով հողալցման աշխատանքներ» են կատարվել «առանց համապատասխան թույլտվության»:
Դալմայի այգետերերի ներկայացուցիչ Սուրեն Մելիքյանը հայտարարեց, որ ազգային արժեքների ոչնչացումն ազգի ոչնչացում է, իսկ եզակի հիդրոտեխնիկական կառույցներով, բնապահպանական ու երկրագործական համալիրներով, ծառերի, թփերի արժեքավոր տեսակներով Դալմայի այգիները իբրեւ պատմամշակութային հուշարձան հիշատակվել են նույնիսկ ցարական Ռուսաստանի 19-րդ դարի հատուկ նշանակության օբյեկտների ցուցակում: «Մեր խնդիրն այսօր կառավարության 2003 թվականի մարտի 27-ի 1941/ա որոշումը չեղյալ հայտարարելն է», շարունակեց վարձակալների ներկայացուցիչը: Տեղեկացնենք, որ այդ որոշմամբ ի չիք դարձավ Դալմայի այգիների մշակութային հուշարձան լինելու իրողությունը եւ քաղաքաշինական նպատակներով հողատարածքներ տրամադրվեցին վարձակալության:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ