«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2006-02-21 | #32, 2006-02-22 | #33, 2006-02-23


«ԱՅՍՕՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵԾ ՊԱՀԱՆՋ ԵՎ ԼՈՒՐՋ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՆ»

«Էքսպո մեդիա» կենտրոնի կազմակերպած «Մեր տունը-2006» 5-րդ ազգային ցուցահանդեսի ժամանակ երեկ ասաց քաղաքապետ Երվանդ Զախարյանը, որի կարծիքով նման ցուցահանդեսները լավ ազդեցություն են ունենում քաղաքաշինության զարգացման վրա: Նրա խոսքերով, վերջին 2 տարում շինարարության ծավալները Երեւանում եւ ամբողջ հանրապետությունում եռակի ավելացել են: Քաղաքապետը նշեց, որ այսօր պահանջները խիստ են շինարարության որակի, հարդարման, սեյսմիկ անվտանգության իմաստով, եւ այս ցուցահանդեսները կարող են շինարարների եւ արտադրողների համագործակցության լավ հիմք դառնալ:

«Մեր տունը-2006» ցուցահանդեսին մասնակցում են 60-ից ավելի տեղական, համատեղ եւ արտերկրյա կազմակերպություններ եւ ընկերություններ, որոնք ներկայացնում էին շինարարական ապրանքներ, տան հարդարման եւ դիզայնի պարագաներ, նախագծային եւ վերանորոգման աշխատանքների համար առաջատար ընկերությունների ծառայություններ: Նման ցուցահանդեսներին հիմնականում մասնակցում են հայտնի ֆիրմաներ, եւ փոքր կազմակերպությունները համեմատաբար քիչ են:

Արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը նկատեց, որ թեեւ շինարարական նոր նորմերի ներդրումը թելադրված է ժամանակով, բայց չպետք է մոռանալ նաեւ պատմական ճարտարապետության ավանդույթները: Հնի եւ նորի համադրման հարցում կարեւորեց մեր օրերում կառուցվող էլիտար շենքերում սեյսմակայուն բարձիկների տեղադրումը:

Մասնակիցները` որպես ցուցահանդեսի առավելություն, հիմնականում նշում էին տարբեր ընկերությունների հարաբերություններ հաստատելու հնարավորությունը, նոր շուկայի ձեռքբերումը: Ցուցահանդեսի վերջին օրը նախատեսվում է անցկացնել բիզնես-ֆորում, որի ժամանակ մասնակիցներին կհանձնվեն մրցանակներ երեք անվանակարգերում` առավելագույնս լավ ներկայացված ապրանքանիշը, ամենահետաքրքրական էքսպոզիցիան եւ տաղավարի լավագույն ձեւավորումը, առավել նորություններով ներկայացված կազմակերպությունը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4