ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ գրողների ամենամյա խորհրդակցությունն այս տարի Ծաղկաձորում կանցկացվի հունիսին, որին կմասնակցեն երիտասարդ ստեղծագործողներ Հայաստանից եւ Սփյուռքից: Ինչպես տեղեկացրեց Գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանը, առավել շատ մասնակիցներ են գալիս Իրանի, Սիրիայի, Լիբանանի հայկական գաղութներից, ակտիվ են հատկապես ԱՄՆ-ում հայկական գաղութի ներկայացուցիչները, ինչը պայմանավորված է վերջին շրջանում հայերի առավել մեծ արտահոսքով դեպի այս երկիր: Նա ցավով հայտնեց, որ Ֆրանսիայի կես միլիոնանոց հայկական գաղթօջախում, սակայն, նոր սերնդի հայերեն ստեղծագործողի որեւէ անուն հնարավոր չէ հիշատակել:
Խորհրդակցությանը կմասնակցեն շուրջ 35-40 ստեղծագործողներ, իսկ անցկացման օրերը կհամաձայնեցվեն ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ: «Խորհրդակցությանը մասնակցում են նաեւ ավագ սերնդի ներկայացուցիչներ, որոնց նպատակն ու առաքելությունը երիտասարդներին «հունի մեջ դնելն» ու նրանց խորհուրդներ տալն է», նշեց նա` ավելացնելով, որ կազմակերպվում են սեմինար պարապմունքներ` պոեզիայի, արձակի, դրամատուրգիայի, թարգմանության ժանրերով, լինում են նաեւ քննարկումներ, «սուր» ելույթներ` երիտասարդների ստեղծագործությունների, ինչպես նաեւ ժամանակակից գրողների երկերի վերաբերյալ:
Հ. Գրիգորյանը նշեց, որ մինչեւ խորհրդակցության սկսվելը միությունը նախատեսում է հրատարակել երբեւէ չտպագրված երիտասարդ գրողների ստեղծագործությունների անթոլոգիա: