Նախ շնորհավորում եմ մեր ժողովրդի կողմից սիրված «Ազգ» օրաթերթի ծննդյան տասնհինգ ամյակի առթիվ եւ հավատում, որ թերթը այս դժվարին ժամանակներում կմնա ճշմարիտ պատնեշի վրա: Ծննդյան առաջին օրվանից ձեր թերթի ընթերցողն եմ եւ մասնագիտության բերումով անհամբեր սպասում եմ շաբաթօրյա մշակութային էջերին: Թեեւ դրանք լինում են տարբեր բնույթի եւ ազդեցության ուժի, միեւնույնն է ,այն իմ հանգստյան օրը դարձնում է ինչ-որ չափով ավելի բովանդակալից, իսկ երբեմն հոգեկան բավարարություն եմ ստանում: Որպես օրինակ կուզեի առանձնացնել Հակոբ Ծուլիկյանի հմուտ թարգմանությամբ շարունակական նյութը, նվիրված քսաներորդ դարի մեծագույն նկարիչներից մեկին` Արշիլ Գորկուն: Ասեմ, որ այս մեծ հայի մասին այնքան տարաբնույթ եւ սիրողական նյութեր եմ կարդացել, որ այս մեկը, որի գոյության մասին գիտեի վաղուց, սակայն անգլերենի չիմացությունը խանգարում էր ծանոթանալու այդ որոշակի նյութին, հոգեկան մեծ բավարարություն պատճառեց: Կարծում եմ հրաշալի կլիներ, որ այդ թարգմանությունը գրքի ձեւով աշխարհ գար, քանզի նոր սերունդների համար դա կլիներ մեծ հայի կյանքն ու ստեղծագործությունը ինչ-որ չափով լուսաբանող պրոֆեսիոնալ ուսումնասիրություն:
Եվս մեկ անգամ շնորհավորելով թերթի ծննդյան տարեդարձը, ցանկանում եմ Ձեր խմբագրակազմին խիզախություն եւ կամքի ուժ` հայ իրականության այսօրվա (եւ ինչու չէ, նաեւ վաղվա) համապատկերը ճշմարիտ արտացոլելու ազնիվ գործում:
Հարգանքներով` ՊՈՂՈՍ ՀԱՅԹԱՅԱՆ