Վերջին շրջանում միջազգային հանրության օրակարգը մշտապես զբաղված է Իրանի միջուկային ծրագրին, Պաղեստինի խորհրդարանական ընտրություններում Իսլամական դիմադրության շարժմանՙ «Համասի» հաղթանակին, իսլամական աշխարհում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների առաջացրած հակազդեցությանն առնչվող խնդիրներով: Դրանցից առաջինը Մերձավոր եւ Միջին Արեւելքում առկա քաոսի խորացման պատճառ է դառնում եւ սրում է հարաճուն լարվածությունը: Երկրորդն ի չիք է դարձնում ԱՄՆ-Իսրայել-Մեծ Բրիտանիա եռյակի քաղաքական հաշվարկները եւ փոխում է տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունն ի վնաս նրանց, իսկ երրորդը թեեւ Եվրոմիությանը հակադրելով իսլամական աշխարհին, ստեղծում է քաղաքակրթությունների հակամարտության սցենարի բեմադրման համար անհրաժեշտ նախադրյալներ, սակայն Իրանի միջամտությունը մահմեդականներին մատնացույց է անում սադրանքի բուն աղբյուրը, եւ հետզհետե հարձակումների թիրախ են դառնում Իսրայելն ու ԱՄՆ-ը: Այսպիսով, շահագրգիռ պետությունների համար սցենարը կորցնում է հրատապությունը:
«Ազգն» օրակարգային վերոհիշյալ խնդիրներին անդրադառնալիս նաեւ փորձել է տարածաշրջանային երկրների տեսանկյունից մեկնաբանել դրանց շուրջը ծավալվող քաղաքական զարգացումներն այն նկատառումով, որ նշված երկրների միջազգային դրությունն ու զարգացումների ընթացքն անհետեւանք չեն անցնում ինչպես Անդրկովկասի ու Հայաստանի, այնպես էլ ղարաբաղյան հիմնահարցի համար:
Օրերս «Ազգի» 15-ամյակի առթիվ Հայաստան էր այցելել մեր թերթի հիմնադիրներից ամերիկահայ հրապարակախոս, հասարակական գործիչ եւ գրականագետ Երվանդ Ազատյանը: Նա այցելեց նաեւ խմբագրություն, իսկ մենքՙ օգտվելով առիթից, նրան դիմեցինք նշված հարցերն ամերիկյան դիտորդի տեսանկյունից լուսաբանելու խնդրանքով:
- Պաշտոնական Վաշինգտոնը բազմիցս տեսակետներ է արտահայտել Իրանի միջուկային ծրագրի, «Համասի» հաղթանակի եւ ծաղրանկարների հրապարակման առնչությամբ: Հետաքրքրական է իմանալ ամերիկյան հասարակության տեսակետներն, ասենք, Իրանի հարցում: ԱՄՆ-ում կա՞ն իրանցիներ, կարո՞ղ են նրանք Վաշինգտոնի համար հենարանի դեր կատարել:
- Իրանցիների ներկայությունը Միացյալ Նահանգներում, ի տարբերություն թուրքերի, նույնիսկ քրդերի, որոնք վերջին տարիներին բավականին ակտիվացել են, զգալի չէ: Նախորդ հարցազրույցներում ասել եմ, որ ամերիկյան հասարակության վրա մեծ ազդեցություն ունեն զանգվածային լրատվամիջոցները եւ հատկապես խոշոր հեռուստաընկերությունները: Դրանք վերին աստիճանի կազմակերպված հասարակական կարծիք են ձեւավորում, եւ դրանց հաղորդած լուրերը մեծապես վերածվում են մեկնաբանությունների: Հաճախ հարցախույզեր են անցկացնում, որ հիմնավորեն իրենց ջանքերով հասարակության մեջ ձեւավորված այդ կարծիքը:
- Որքան ինձ հայտնի է, մահմեդականների թիվն ԱՄՆ-ում ավելի քան 6 միլիոն է, մի՞թե քաղաքական որեւէ ազդեցություն չունեն երկրում:
- Մահմեդականների ուժը քաղաքականության չի վերածվել, ուստի ազդեցություն չունեն ԱՄՆ-ի քաղաքական կյանքում: Ավելին, նրանք պաշտպանողական դիրքերում են, որովհետեւ ենթարկվում են հարձակումների, նրանց մզկիթներըՙ նմանապես: Նույնիսկ այդ հարձակումների մասին արտահայտվելը որակվում է հակասեմականություն: Ամերիկյան հասարակությունը, շնորհիվ առաջնակարգ լրատվամիջոցների, լիարժեք աջակցում է Իրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությանը:
- «Համասի» այսպես կոչված անակնկալ հաղթանակն ընտրություններում ի չիք է դարձրել Պաղեստինում Վաշինգտոնի հույսերը, դա անխուսափելիորեն կանդրադառնա նաեւ Իսրայելում նախատեսվող առաջիկա ընտրությունների վրա: Ի՞նչ կարծիքի եք այդ հաղթանակի մասին:
- Վաշինգտոնի համար «Համասի» հաղթանակն իրականում անակնկալ չէր, այդպես են ներկայացնում: Թեեւ այդ հաղթանակը ձեռք է բերվել ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, սակայն դա չեն ընդունում եւ «Համասին» պատժելու համար դադարեցնում են Պաղեստինի Ինքնավարությանը տրամադրվող բոլոր տեսակի օգնությունը, պահանջելով հրաժարվել Իսրայելին բնաջնջելու ծրագրից: Մինչդեռ ակնհայտ է, որ «Համասը», անգամ ցանկության դեպքում, բնաջնջել չի կարող, չունի այդ ուժը: Սակայն, երբ միջազգային ուժերին չես ենթարկվում, դառնում ես նրանց թշնամին: Փաստորեն, «Համասին» ձայն տալու համար պատժում են պաղեստինցի ժողովրդին, որպեսզի ընկճեն: Թերեւս ընկճելու նկրտումներն են, որ տարածաշրջանում ժողովրդավարության հաստատմանը նպաստելու փոխարեն հանգեցնում են արմատականների հաղթանակին:
- Ինչպե՞ս եք գնահատում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարներին իսլամական աշխարհի հակազդեցությունը:
- Դա չպետք է մեծ խնդիր դառնար, եթե մթնոլորտը պայթուցիկ չլիներ: Իսրայելին հաջողվեց միմյանց դեմ հանել Արեւմուտքին եւ իսլամական աշխարհին: Մահմեդականներն էլ անզսպվածությամբ ջուր լցրին շահագրգիռ միջազգային ուժերի ջրաղացին: Այս հակազդեցությունն, ինչ խոսք, կսրի մահմեդականների նկատմամբ լարվածությունն ԱՄՆ-ում:
- Այս ամենը Ձեզ հարցնում եմ, որովհետեւ տարածաշրջանի քաղաքական զարգացումներն անխուսափելիորեն անդրադառնում են Հայաստանի եւ ղարաբաղյան հակամարտության վրա:
- ԱՄՆ-ի հնարավորությունները չափազանց լայն են, առանձին հետաքրքրվում է ամեն մի երկրով: Դրանց մասին ավելի մեծ տեղեկություններ ունի, քան իրենքՙ այդ երկրների պետական իշխանությունները: Կարծում եմ, վերոհիշյալ զարգացումները Հայաստանի կամ Ղարաբաղի հակամարտության վրա կանդրադառնան ոչ թե ուղղակի, այլ անուղղակիորեն: Ադրբեջանը նավթ ունի, ՆԱՏՕ-ին անդամակցելու պատրաստակամություն, ցատկահարթակ է Իրանին ճնշելու, ինչպես նաեւ խայծՙ անդամահատելու համար, քանի որ միլիոնավոր ադրբեջանցիներ կան այնտեղ: Այս տվյալներն ԱՄՆ-ի համար ավելի գերակշիռ են, քան իսլամական աշխարհի հակազդեցությունն Արեւմուտքին: Հակառակ դրան, Հայաստանը նեցուկ չունի, Արեւմուտքին չի մերձեցել, իսկ Ռուսաստանը նրա համար հուսալի գործընկեր չէ: Մինչդեռ Արեւմուտքի հետ մերձեցումը կարեւոր էՙ նկատի ունենալով թուրքական վտանգը, եւ այդ վտանգի մասին մեզ հուշում է թեկուզ «Օսմանյան մեծ նախագիծը», որը մշակվել է հենց վերջերս: Եթե նույնիսկ ամերիկացիները համակրում են քրիստոնյա Հայաստանին, ապա վերոհիշյալ գործոնները հակակշռում են ե՛ւ այդ համակրանքը, ե՛ւ հայկական լոբբիի ազդեցությունը:
- Գուցե ԱՄՆ-ին Հայաստանն անհրաժեշտ լինի իբրեւ սեպ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, որպեսզի թուրքական գործոնը չուժեղանա Անդրկովկասում եւ Միջին Ասիայի թուրքալեզու հանրապետություններում:
- Դա տրամաբանական կլիներ, սակայն սեպի դեր կատարելու համար Հայաստանն ամբողջությամբ ընդգրկված պետք է լինի ամերիկյան ազդեցության գոտում: Թեեւ ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի մերձեցումը կնպաստեր նրա նկատմամբ ամերիկյան դիրքորոշման բարելավմանը, սակայն դա եւս նրան վերջնականապես չէր երաշխավորի Թուրքիայի վտանգից: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա ոչ մի կերպ ցույց չի տալիս իր բարեկամությունը եւ բոլորովին չի քաջալերում որեւէ պետությանՙ այդ թվում Հայաստանին, որ ապավինի նրան ու ձգտի նրա բարեկամությանը: Ավելին, Ռուսաստանը նախընտրում է հանդուրժել ԱՄՆ-ի բոլոր ոտնձգությունները:
Հ. Չ.