Կնքահայրեր շատ են լինում, բայց դրանից չէ, որ երեխա է ծնվում
Ռամբուեի բանակցությունները, փաստորեն, ոչնչով չմեղմացրին ղարաբաղյան ցավոտ խնդիրը, չնայած, կողմերի կարծիքով, եւս քայլ էր խնդրի կարգավորման ճանապարհին: ԼՂՀ հարցի կարգավորման ժամանակավոր միջնորդ դարձած Ժակ Շիրակին կարծես թե ուզում է փոխարինել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Բաքու կատարած նրա այցը մեզ համար նշանակալից դարձավ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մոսկվա հրավիրելու իր հայտարարությամբ: Ինչպե՞ս են մեկնաբանում մեր քաղաքագետներն ու քաղաքական գործիչները:
Մոսկվաբնակ ճանաչված քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը «Ազգի» այս հարցադրմանը պատասխանեց. «Ինձ թվում է, որ Պուտինի հայտարարությունն իր նախապատմությունն ունի: Վերջերս ավելի ակտիվություն էին ցուցաբերում համանախագահների 2 մյուս անդամները` ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Ռամբուեից հետո հանդիպում է պլանավորված Միացյալ Նահանգներում, դրանից ելնելով` Ռուսաստանը փորձում է ակտիվ դիրք գրավել հետխորհրդային տարածքում, ավելացնել կոնֆլիկտային պրոբլեմների լուծման ջանքերը: Միայն դրանից է բխում հետխորհրդային տարածքում հարցերի լուծման լիդերի դերակատարումը իրեն վերադարձնելու եւ Ռոբերտ Քոչարյանին հրավիրելու ու ղարաբաղյան հարցի մանրամասները նրա հետ քննարկելու ցանկությունը»: Արդյոք Ղարաբաղի հարցը տարածաշրջանային հետաքրքրությունների գործիք չի՞ դարձել այս պահին: «Շահը քաղաքականության այբուբենն է, զարմանալու ոչինչ չկա, այս կամ այն ժամանակ, այս կամ այն կնճռոտ կամ չլուծված հարցը դառնում է գործիք տարբեր պետությունների շահն առաջ մղելու համար: Այսօրվա իրականության մեջ Ղարաբաղի տարածքը դարձել է մեծ հետաքրքրության առարկա, այս հարցի լուծումը պահանջում է տարբեր կողմերի ջանքերի ներդրում, եւ միայն այս ցանկությունն եմ ես տեսնում Պուտինի հայտարարության մեջ»:
Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը քաղաքական գործիչ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը մեկնաբանում է այլ կտրվածքով. «Ինձ համար կարեւորն այն է, որ Պուտինն ուզի թե չուզի, կամ Բուշը ուզի թե չուզի, դրանով Ղարաբաղի հարցը չի լուծվի: Այն իրենց հետ կապ չունի»: Իսկ ինչո՞ւ է Պուտինն ուզում ստանձնել հարցի լուծման հաջորդ կնքահոր դերը Ժակ Շիրակից հետոՙ Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Կնքահայրեր շատ են լինում, բայց դրանից երեխա չի ծնվում: Դեռ խորհրդային միության ժամանակից սկսած տարբեր խմբեր աշխատեցին խնդրի վրա, բայց հարցն այն չէ, թե ով կզբաղվի: Ռուսաստանը մինչ այդ էլ զբաղվում էր, ինքը եռանախագահության մեջ է: Մի քիչ ինձ համար անհասկանալի է: Յուրաքանչյուր երկրի ղեկավար մի բան ասում է, բոլոր հայերը խառնվում են իրար: Մենք գիտենք, որ դա ֆունդամենտալ պրոբլեմ է, գիտենք, թե ինչ արմատներ ունի խորքում: Հա, լավ կլինի, որ տարբեր պետությունների ղեկավարներ հետաքրքրվեն այս հարցով, բայց դրանից այն չի լուծվում»:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ