Խորհրդարանում երեկ հրավիրված ասուլիսին Շավարշ Քոչարյանն ամփոփեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության կատարած աշխատանքը: Պատվիրակության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանի համոզմամբ մերոնք որոշակի պասսիվություն են դրսեւորել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները եւ ազգամիջյան պառակտման հրահրումը դատապարտող օրինագիծ եւ Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ԵԽԽՎ օրակարգ մտցնելու հարցում: Պատգամավորի կարծիքով, պատճառը սեփական ուժերի նկատմամբ անվստահությունն է, դրա պատճառն էլ այլ երկրներին առնչվող հարցերի շուրջը ավելի հաճախ կարծիք հայտնելու եւ այնտեղ հասկանալի լեզվովՙ ֆրանսերեն կամ անգլերեն (ԵԽԽՎ-ում թարգմանությունները արվում են կրճատ, երբեմն նաեւ աղավաղումներով) ելույթ ունենալու հարցում հայկական պատվիրակության պասսիվությունն է: Պատվիրակության ձեռքբերումը սահմանադրության բարեփոխումն է, ըստ Քոչարյանի, քանի որ Հայաստանի սահմանադրությունը շատ ավելի վատը կլիներ, եթե հայրենական ընդդիմությունն ու ԵԽ-ն չհամագործակցեին ու չստիպեին երկրի իշխանություններին ընդունել առաջարկված ուղղումները: «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն քայլ առաջ էր սահմանադրության բովանդակության եւ երկու քայլ հետՙ ընտրական ինստիտուտների տեսակետից»:
ԵԽ-ում ԼՂ հիմնախնդրի կարգավորման ամենաանբարենպաստ մթնոլորտն է
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ամենաանբարենպաստ մթնոլորտը, ԱԺ պատգամավորի կարծիքով, այսօր ԵԽ-ում է: Քոչարյանն այդ համոզմանն է եկել ԵԽԽՎ-ում եռամյա գործունեության ընթացքում անձնական, անմիջական շփումների արդյունքում: «Ադրբեջանն այնքան է հայտարարել, որ Հայաստանը ագրեսոր է եւ իր տարածքները գրավել է ռուսական զենքով, որ բոլորի մեջ կարծիք է ձեւավորվել, որ եթե նույնիսկ Ռուսաստանն անմիջական մասնակցություն չի ունեցել ԼՂ-ի պատերազմում, ապա Հայաստանին զենք է տրամադրել»: Քոչարյանի հիշեցմամբՙ ՌԴ-ն Ադրբեջանին երկու անգամ ավելի տանկ, 1,5 անգամ ավելի թնդանոթ, երկու անգամ ավելի հարվածային ուղղաթիռներ է տրամադրել:
Փաստված մթնոլորտի առկայությունն էլ կարծես կարելի է բացատրել ԵԽԽՎ հայկական պատվիրակության պասսիվությամբ: Իրավիճակի դրական զարգացման համար պատվիրակության նախկին անդամի կարծիքով կարեւոր է 2007-ի ընտրություններում քննություն բռնելը. «Եթե Ադրբեջանի պատվիրակության ԵԽԽՎ-ում քվեարկության իրավունքից չզրկելու համար մեծ լոբբիինգ արվեց, Ադրբեջանին աջակցեցին ՌԴ-ն, Թուրքիան եւ մասնավորապես Մեծ Բրիտանիան, ապա Հայաստանին կաջակցի միայն Ռուսաստանը»: ՌԴ աջակցությանն էլ անհավանականության կատեգորիայում կարելի է դիտարկել: Հիշեցնենք ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի բազմիցս բարձրաձայնած փաստը, որ ՌԴ պատվիրակության լիարժեք ներկայությունը Հայաստանին առնչվող հարցերի ԵԽԽՎ-ում քննարկման ժամանակ չի եղել, չի արձանագրվել նաեւ միանշանակ քվեարկությամբ Հայաստանին աջակցելու փաստ:
Եվրոպան ողջունում է քաղաքակրթությունների երկխոսությունը
Քաղաքակրթություններ ողջունող եւ բարբարոսության որեւէ դրսեւորում չհանդուրժող Եվրոպան կարող է նաեւ հայկական մշակութային արժեքների պահպանման երաշխավոր լինելՙ գործին նպաստ բերելով ԵԽԽՎ-ում ընդունած մշակութային ժառանգության պահպանման օրենքով: Այս կարծիքը հայտնելովՙ Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց նաեւ ԵԽԽՎ մշակույթի գծով կոմիտեի պատվիրակության գարնանը տարածաշրջան կատարելիք այցի մասին: Գալիս են ծանոթանալու Նախիջեւանում հայկական հուշարձանների արդեն իսկ բարբարոսաբար ավերման հետեւանքներին: Գուցե կանխարգելման խնդիրը ԵԽԽՎ ուժերից վե՞ր է դասվել կամ ուղղակի չի կարեւորվել:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ