Լսումներ ԱԺ-ում հաստ վիզ, սափրած գլուխ եւ ֆենոմենալ բթամտություն ունեցողների մասին
Ոստիկանության պահպանության վարչության թիկնազորային ծառայություններ մատուցող առանձին վաշտի ստեղծման օրվանից (2001 թ.-ից) այդպիսի ծառայություն ստանալու համար դիմել է ընդամենը 36 անձ: Սա թույլ է տվել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանին եզրակացնել, որ Հայաստանում նման ծառայության ցածր պահանջարկ կա: Այս եւ հայեցակարգային բնույթի հակադիր մյուս տեսակետներն ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի եւ մի քանի ՀՅԴ-ական պատգամավորների համատեղ հեղինակած «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին» օրենքի նախագծի հանդեպՙ պատճառ դարձավ կառավարության լիազոր ներկայացուցիչ, փոխոստիկանապետ Ա. Մահտեսյանին նկատել, թե երեկ ԱԺ լսումների դրված արդեն երկրորդ անգամ մշակված նախագիծը ժամանակավրեպ է եւ այժմ նպատակահարմար չէ որպես օրենք ընդունել:
Չնայած դրան, օրենքի նախագծի հեղինակները, մասնավորապես գլխադասային հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանն ու զեկուցող Հրայր Կարապետյանը համոզված էին, որ թիկնազորային (պահնորդական) գործունեության հետ կապված հարաբերությունների կարգավորումը հասարակական պահանջ է, հասունացել է, քանի որ թիկնազորներ եւ թիկնապահներ, որպես այդպիսիք Հայաստանում գործում են, իրենք ընդամենն արդեն գործող միավորներին այդ օրենքով փորձում են բերել օրենսդրական դաշտ: Օրենքը սահմանում է թիկնազորային (պահնորդական) գործունեության կազմակերպման եւ իրականացման կարգը, մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, սահմանում է գործունեության տեսակի համար լիցենզավորում (ընդ որում, բարդ ընթացակարգով լիցենզավորում), սահմանում է օրենքի գործողության մեխանիզմները, թիկնապահի գործողությունների շրջանակը եւ այլն:
Իսկ թե ինչ չափանիշներով պետք է թիկնապահ դարձողի ընտրությունը կատարվի, հաշվի առնվելո՞ւ է նրա բանակում ծառայած լինելն ու դատված չլինելը, տարիքային ցենզըՙ ի հակադրություն այսօրվա ընդունված չափանիշիՙ վզի հաստություն, սափրած գլուխ, ֆենոմենալ բթամտություն, մարդկանց հետ հաշվեհարդար տեսնելու սադիստական հակումներՙ այս հարցը հետաքրքրում էր Վիկտոր Դալլաքյանին: Այս հռետորական հարցադրումից նա ավելի առարկայացավՙ այս նախագծի ծնունդն արդյոք այսօր գործող անօրինական կառույցները չե՞ն օրինականացնի:
Գագիկ Կոստանդյանի հարցը ներկա ոստիկանության ներկայացուցիչների սրտով էր. ոստիկանությունն օբյեկտները վա՞տ է պահպանում, որ պետությունը նոր զուգահեռ ծառայություն ստեղծի, այս օրենքի ստեղծմամբ մի ամբողջ վարչություն անգործ կմնա:
Հետագա քննարկումներից պարզ դարձավ, որ ոստիկանությունից բացի մյուս ներկաները, այդ թվում թիկնազորային մասնավոր ծառայությունների ներկայացուցիչները ողջունում են լսումները եւ օրենքի նախագիծը: Արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Մալխասյանը նախագծի իրավական կողմին անդրադարձավ, հատկապես կանգ առնելով թիկնազորային ծառայությունների լիցենզավորման կարգի կոռուպցիոն ռիսկերի վրա:
Նախագծի հիմնական ընդդիմախոս Ա. Մահտեսյանը, որպես իր բացասական կարծիքի հիմնավորում, բերեց ՌԴ եւ այլ հետխորհրդային երկրների փորձը, ըստ որի ստեղծված թիկնազորային ծառայությունները չեն ծառայում իրենց բուն նպատակին, ներքաշվում են տնտեսական եւ քրեական բախումների ոլորտ, ինչը զգալիորեն բարդացրել է քրեածին իրավիճակը: ՌԴ-ում պատասխանատվության է ենթարկվել պահնորդային ծառայություն իրականացնող 52, վարչական պատասխանատվությանՙ 17050 մարդ, լիցենզիայից զրկվել է 25.550 կազմակերպություն: Ըստ փոխոստիկանապետի, լսումների ներկայացված նախագիծը թիկնազորային գործունեությամբ զբաղվողների օրինականության վերաբերյալ իրատեսական երաշխիքներ չի ապահովում, ասենք թիկնազորայինների տիրապետած տեղեկատվությունն ի չարս գործադրելու, ոլորտը պատշաճ վերահսկելու տեսակետից:
Իսկ ավելի սեւեռուն նա ներկայացրեց զենքի գործադրմամբ լրացուցիչ միավոր ստեղծելու բացասական ազդեցությունը, որը կարող է անդրադառնալ քրեածին իրավիճակի վրա:
«Տեցի կռուգի», 2004-ի ապրիլի 12-ին խաղաղ ցույց անող մարդկանց եւ Ծաղկաձորում լրագրող ծեծող սափրագլուխների մասին փոխոստիկանապետը չհիշեց:
Երբ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանն ամփոփում էր լսումներըՙ նշելով օրենքի անհրաժեշտության եւ ստեղծված փոխըմբռնման մթնոլորտի մասին, փոխոստիկանապետը մի անգամ եւս արտաարարողակարգային հիշեցում արեց, որ իրենք նպատակահարմար չեն համարում օրենքի ընդունումը:
Հրայր Կարապետյանն ԱԺ լիագումար նիստում թեժ քննարկում, իսկ լրագրողները նախագծի ընդունման տապալում կանխատեսեցին:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ