«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2006-02-22 | #33, 2006-02-23 | #34, 2006-02-24


ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՇՎԻՆ ՄԵՆՔ 10 ՏՈԿՈՍՈՎ ԿՆՎԱԶԵՑՆԵՆՔ ՄԵՐ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԴՐՍԻ ՎԱՌԵԼԻՔԻՑ

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ հանրապետությունում ընթացքի մեջ է փոքր հէկ-երի (հիդրոէլեկտրակայանների) զարգացման ծրագիրը: Սրանք, իբրեւ վերականգնվող էներգետիկայի տեսակ, առավել հեռանկարային եւ նախընտրելի են այն առումով, որ գործողության համար վառելիք անհրաժեշտ չէ: Եվ եթե միջազգային շուկայում վառելիքի ճգնաժամ լինի, ՀԷԿ-երին ոչինչ չի սպառնա: Եթե սրանք կառուցվում են տեխնոլոգիական կանոնների պահպանմամբ, գործարկումը հետագայում ոչ մեծ ծախսերի հետ է կապվում, ոչ էլ կարելի է մտավախություն ունենալ, որ կարճ ժամանակ անց շարքից դուրս կգան: Հայաստանում այսօր գործում են հնամյա կենսագրությամբ, խորհրդային տարիների ՀԷԿ-եր, որոնք, այնուամենայնիվ, նորացման կարիք դեռ չեն զգում: Օրինակ, Իջեւանի ՀԷԿ-ը կառուցվել է 30-ական թվականներին, բայց մինչեւ հիմա աշխատում է: Եվ վերջապես, իբրեւ սեփական ռեսուրսներ, էներգետիկ անկախության տեսանկյունից եւս փոքր ՀԷԿ-երն առավել ընդունելի են:

Հայաստանում փոքր ՀԷԿ-երի զարգացման նոր շրջանին էր նվիրված երեկ հրավիրված համաժողովը տեղացի ու արտասահմանյան մասնագետների, փորձագետների մասնակցությամբ: Հայաստանում այսօր կառուցման ընթացքում են (2500 կվտ/ժամ միջին հզորությամբ) 46 փոքր ՀԷԿ-եր` բնական ջրահոսերի, ոռոգման համալիրների, խմելու ջրատարների վրա: Դրանց գործարկման վերջնաժամկետը 2010 թվականն է: Նախատեսվում է, որ 2-3 տարում դրանք կարտադրեն 429 մլն կվտ/ժամ էներգիա: «Դա նշանակում է, որ մենք դրան համարժեք գազ չենք ներմուծի: Այդ թիվը մեր արտադրանքի 10 տոկոսն է կազմում, այսինքն, մենք 10 տոկոսով կնվազեցնենք էներգետիկ կախվածությունը դրսից», ասում է Էներգետիկայի նախարարության զարգացման վարչության պետ Լեւոն Վարդանյանը:

46 փոքր ՀԷԿ-երի ներդրման համար կծախսվի 44,0 մլրդ դրամ: Ներդնողի համար ոլորտն այնքան էլ ռիսկային չէ, քանի որ նրան խրախուսելու համար պետությունը որոշակի արտոնյալ պայմաններ է սահմանել: Այսպես, մինչեւ 2016 թվականը փոքր ՀԷԿ-երի արտադրած էներգիան, ներդնողի համար ընդունելի սակագներով, առանց ավելացված արժեքի հարկի, ենթակա է պարտադիր գնման: Այդ 15 տարում նա կարող է չվախենալ ոչ ֆինանսներ կորցնելուց եւ ոչ էլ, առավել եւս, որեւէ մրցակցությունից:

Միակ իրական ռիսկը թերեւս կարող են դառնալ բնության անակնկալները` երաշտ կամ ջրի սակավություն:

Հանրապետության հիդրոէներգետիկ ներուժը 3-3,5 մլրդ կվտ/ժամ է: Այսօր գործող էլեկտրակայաններն իրացնում են դրա 1,5 կվտ/ժամըՙ մոտ 40 տոկոսը:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4