«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2006-02-22 | #33, 2006-02-23 | #34, 2006-02-24


«ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ՎՏԱՆԳՎԱԾ ԵՎ ԱՆՏԵՍՎԱԾ Է ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ»

Արհամարհված մայրենիի համար լեզվաբանները գտնվում են զայրույթի կիզակետում

Կրթական բարեփոխումների վատ եւ անընդունելի անդրադարձները մի շարք բուհերի հայոց լեզվի ամբիոնների վարիչներին եւ լեզվաբաններին երեկ հավաքել էին գրողների միությունում, ուր զայրացած մասնագետները հայտնեցին իրենց դժգոհությունը եւ որոշեցին իրենց առաջարկները ներկայացնել ԱԺ համապատասխան հանձնաժողովին, կրթության եւ գիտության նախարարությանը: Քննարկման սեղանին դրված էին մեզ արդեն վաղուց հայտնի ցավալի իրողություններն ու խնդիրները` բուհեր եկած ուսանողներն ունեն մայրենիի իմացության ցածրագույն մակարդակ, «լավագույն» թելադրություն է համարվում 25 ուղղագրական սխալներով աշխատանքը, գրքերը կազմում են «մեզ անհայտ հեղինակները», ուսումնական ծրագրերը կազմվում են եւ հետո միայն ներկայացվում մասնագետներին` առանց նախապես քննարկելու, կրթական բարեփոխումների հետեւանքով կրճատվել են նաեւ դասաժամերը եւ 4 կիսամյակի փոխարեն հայոց լեզուն դասավանդվում է 2 կիսամյակ, իսկ որոշ բուհերում էլ հայոց լեզուն ընդհանրապես հանվել է քննացանկից, որի արդյունքում դպրոցից բերվում են «հրաշալի» թվանշաններ: Հարկ է նշել, որ աշակերտների եւ ուսանողների համար ֆինանսական բարդություն է նաեւ ամեն տարի նոր հրատարակված դասագրքեր գնելու անհրաժեշտությունը, որին անդրադարձ չեղավ:

Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի հայոց լեզվի եւ մշակույթի ամբիոնի վարիչ Ռոբերտ Դավթյանը զայրացած հիշեց իրենց նախկին ռեկտորի խոսքերը նշված առարկայի ժամաքանակների նվազեցման առթիվ. «Մեր բուհին հայոց լեզու պետք չէ, այն խանգարում է մասնագիտական առարկաներին»: Լեզվաբաններն անընդունելի են համարում հայոց լեզվի հաշվին մյուս` հատկապես օտար լեզուների ավելացումը: Լեզվաբան Լեւոն Եզեկյանը նկատեց, թե օտար լեզվի դեպքում էլ մենք պետք է հասկանանք, որ պատրաստում ենք հայագետ թարգմանիչներ` հայերենից անգլերեն եւ հակառակը թարգմանող. այնպես որ հայոց լեզվի իմացությունը պարտադիր է: Մանկավարժական համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանն անդրադարձավ, իր խոսքերով, հայոց լեզուն գրականությունից անջատելու ճակատագրական սխալին: Իսկ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը խոսեց միջազգային կազմակերպություններից մեր կախվածության մասին` նշելով, որ մեր կրթական խնդիրները մեր իշխանավորները չեն լուծում, այլ նրանք` փողը տալիս են եւ պարտադրում սկզբունքով (փայլուն օրինակը գիտությունների ակադեմիայի ճակատագիրը ՄԱԿ-ի մոտեցմամբ լուծելն է): Վերջինս նշեց, թե խորհրդային տարիներին վիճակն այնքանով էր լավ, որ գոնե մեկ մարմնի կողմից էին կառավարվում եւ նրանց էլ ներկայացնում էին իրենց պահանջները: Դեկանի կարծիքով, լեզվի վիճակը կկայունանա այն ժամանակ, երբ «մենք կպայքարենք մեր անկախ իշխանությունների անկախացման համար»:

Զայրույթի կիզակետում գտնվող մասնագետների մեղադրանքները, հոգսերը բացատրելու եւ փարատելու դերում էին լեզվի տեսչության պետն ու կրթության ազգային ինստիտուտի տնօրենը: Երկուսն էլ առաջարկեցին բոլոր հարցերի շուրջը հավաքվելու եւ քննարկելու իրենց պատրաստակամությունը: Լեզվի տեսչության պետ Լավրենտի Միրզոյանն ասաց, որ թեեւ տեսչությունը չունի խորհրդային տարիների աշխատակիցների մեծ թիվն ու հնարավորությունները, բայց այժմ էլ 18 աշխատակիցներով կատարում է իր նախկին գործառույթները: Իսկ բուհերի կառավարման խորհուրդների գործունեությանը պետը նախընտրեց չխառնվել ասելովՙ դա նրանց գործն է: Հավաքվածների ջղային պոռթկումից հետո միայն պրն Միրզոյանը խոստովանեց, որ ԿԳ նախարարի հետ պայմանավորվածություն կա բուհերի խորհուրդների ընտրությունից հետո քննարկել մայրենիի խնդիրները: Նախանձելի չէր նաեւ կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանի վիճակը, որը լեզվաբանների` հիմնականում արդարացի մեղադրանքներին ի պատասխան ասում էր իր տեսակետները: Մասնավորապես նա նշեց, որ պետք է լուծվի ավագ դպրոցի մակարդակի բարձրացման հարցը, խոստացավ, որ դպրոցներին կառաջարկվեն այլընտրանքային գրքեր` «ով որ գրքով ցանկանա, թող անցնի», եւ հաստատեց, որ ժամաքանակի խնդիրը միանշանակ պետք է լուծվի` բայց նախապես ճշտելուց հետո, թե արդյունքում ինչ է առաջարկվում ուսանողին: Ինչ վերաբերում է հայոց լեզվի մակարդակը բարձրացնելուն, տնօրենը կարեւորեց ուսանողների գրավոր աշխատանքի վրա ուշադության սեւեռումը, որը շատ ցածր տոկոս է կազմում:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4