ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն միտքը, թե հայկական մամուլի խորագրերն այնքան էլ ճիշտ չեն մատուցում Արկադի Ղուկասյանի ասածների էությունը` բանակցություններից Հայաստանի դուրս գալու հրամայականի վերաբերյալ, իր արձագանքն է ունեցել բուն Ղարաբաղում: Ըստ «Լրագիր» էլեկտրոնային պարբերականի, եթե ԼՂՀ նախագահի խոսքերը ճիշտ մատուցված չլինեին, նա ինքը կհերքեր դրանք: Իսկ Ղարաբաղի քաղաքական ուժերն արդեն իրենց համաձայնությունն են հայտնել նախագահի արտահայտած տեսակետներին:
«Ազատ հայրենիք» կուսակցության համանախագահ Արպադ Ավանեսյան. «ԼՂՀ քաղաքական վերնախավը լուրջ գործոն է դարձել, եւ Ղարաբաղի ղեկավարությանը բանակցային գործընթացից դուրս թողնելը ոչ մի լավ բանի հանգեցնել չի կարող: Ա. Ղուկասյանը փորձված քաղաքական գործիչ է, եւ ճիշտ պահ է ընտրել հայտարարության համար»: Մուրադ Պետրոսյան, «Բարոյական վերածնունդ». «Սա պետք է ասվեր 1997 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Կոպենհագենում, ԵԱՀԿ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում ՀՀ արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն ասում էր, թե խաղաղարար ջանքերին լրջորեն խոչընդոտում է Ադրբեջանի` ԼՂ-ի հետ անմիջական բանակցություններից հրաժարվելը, բացի այդ, Ադրբեջանը չի ցանկանում Ղարաբաղին ճանաչել որպես լիիրավ կողմի նույնիսկ վերջինիս կարգավիճակի մասին բանակցություններում... Սա պետք է ասվեր ոչ թե դեկտեմբերին, այլ նույն տարվա մարտին, երբ Բաքուն սկսեց խստացնել իր դիրքորոշումը, իսկ մենք` նահանջել: Կորցրած դիրքերի եւ սկզբունքների վերականգնման իդեալական պահ էր: Եվ դա Ա. Ղուկասյանի մեղավորությունը չէր, դա Հայաստանի ղեկավարության մեղքն էր: Ինչո՞ւ է հիմա այդպես կտրուկ ելույթ ունեցել ԼՂՀ նախագահը: Որովհետեւ մոտեցել ենք ֆինիշին` մտածելու համար բացթողած լիմիտն ավարտման եզրին է, Հայաստանի ղեկավարությունն իրապես զգում է միջազգային հանրության աճող ճնշումը եւ հայտնվել է երկու կրակի արանքում. եթե գնա հասարակությանը հակառակ` կարժանանա Լ. Տեր-Պետրոսյանի ճակատագրին, միջազգային հանրությանը դիմակայի, աղքատ երկրի նախագահի ուժերը չեն հերիքի` լավագույն դեպքում 15 տոկոս վարկանիշ ունեցող նախագահի»: Այնուհետեւ Մուրադ Պետրոսյանը կռահումներ է անում. «Ինչո՞ւ պետք է Հայաստանի նախագահը զեկուցի, որ մենք ի վիճակի չենք պաշտպանել մեր դիրքորոշումը, մեզ վրա ճնշում է գործադրվում... եւ մենք պետք է որոշ սկզբունքներից հրաժարվենք. ԼՂՀ-ն ունի իր նախագահը, թող պատասխան տա... Ինչպիսի վատ լուրեր պետք է լինեն, որոնց մասին Հայաստանի ղեկավարությունը վտանգավոր է համարում զեկուցելը: Ասենք, օրինակ, Օսկանյանի մոռացված սկզբունքըՙ «Անկախությունից ցածր, ինքնավարությունից բարձր»: Այն ժամանակ հասարակության կողմից ռեակցիա չի եղել»: Մուրադ Պետրոսյանն այնուհետեւ սատար է կանգնում ԼՂՀ նախագահին. «Նա միշտ հայտարարել է, որ առանց Ղարաբաղի մասնակցության ոչինչ չի ստացվի, սակայն այս անգամ նա առաջ է քաշել կոնկրետ առաջարկ, որպեսզի ԼՂՀ-ն կարողանա զբաղեցնել իր տեղը, Հայաստանը պետք է հրաժարվի իր տեղից: Եվ դա է հիմք հանդիսացել իմ վերլուծության. չէ որ առանց ՀՀ նախագահի հետ համաձայնության նման հայտարարությունը Ա. Ղուկասյանի կողմից ոչ կոռեկտ կլիներ»: Մինչդեռ ըստ Մ. Պետրոսյանի` Հայաստանը մի կողմ չի քաշվի, դա նրան չի թույլատրվի, բացի այդ` դա հնարավոր էր անել Ռ. Քոչարյանի նախագահության առաջին շրջանում:
Այն տարակույսները, որոնք առաջացել էին Վ. Օսկանյանի պարզաբանումից հետո, թե այս բոլորը պարզ դերաբաշխում է, հիմա, կարելի է ասել, կամաց-կամաց պարզվում են: Ղարաբաղյան կուսակցություններն առանց իրենց շեֆի թույլտվության այսպես չէին վերահաստատի ԼՂՀ նախագահի տեսակետները: Կուսակցությունների արձագանքից հետո արդեն անհրաժեշտություն են դառնում ՀՀ նախագահի գրասենյակի պաշտոնական պարզաբանումները: