«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2006-02-23 | #34, 2006-02-24 | #35, 2006-02-25


ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ «ՀԱՄԱՍԻ» ՀԱՐՑՈՒՄ ԸՆԴԱՌԱՋԵԼ ԱՄՆ-ԻՆ

Ձախողվել է պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի շրջագայությունը տարածաշրջանում

Նախորդ համարներում «Ազգը», անդրադառնալով Պաղեստինի խորհրդարանական ընտրություններում Իսլամական դիմադրության շարժմանՙ «Համասի» հաղթանակին, նշել էր, որ դա կատարելապես փոխում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում ի վնաս Իսրայելի եւ նրա շահերն արտահայտող Արեւմուտքի: Այս իրողությունը փետրվարի 22-ին հաստատել է իսրայելական զինված ուժերի գեներալ Յաիր Նավեհը, հայտարարելով, թե «Համասի» հաղթանակը մեծապես նպաստել է Թեհրանից մինչեւ Գազայի հատված ձգվող «իսլամական առանցքի» հզորացմանը:

Թերեւս այդ առումով պատահական չէին «Համասին» ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ Պաղեստինում մեկուսացնելու արեւմտյան տերությունների նկրտումները, որոնք համադրվում են դիմադրության այս շարժմանը ձայն տալու համար պաղեստինցի ժողովրդին պատժելու, ինչպես նաեւ վերջինին ընտրություններում ձեռք բերած հաղթանակի արդյունքներից զրկելու նկրտումների հետ:

«Համասի» պատվիրակության Եգիպտոս, Թուրքիա, ապա եւ Իրան կատարած այցերով բացահայտվեց կազմակերպությանը միջազգային ասպարեզում մեկուսացնելու նկրտումների սնանկությունը: ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի տարածաշրջան կատարած շրջագայությունն էլ բացահայտում է իբրեւ պաղեստինցիներին պատժելու եւ Պաղեստինում «Համասին» իշխանությունից զրկելու միջոց ֆինանսական օգնության ներհոսքն ինքնավարություն դադարեցնելու ամերիկյան ձեռնարկումների անարդյունավետությունը:

Պետքարտուղար Ռայսի տարածաշրջան կատարած շրջագայությունը, որի ընթացքում նա այցելել է Եգիպտոս, Սաուդյան Արաբիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ, ծառայում էր հենց օգնության դադարեցման նպատակին: Հակառակ ենթադրությունների, Եգիպտոսում պաշտոնական Վաշինգտոնի աջակցության շնորհիվ իշխանությունը պահպանող Հոսնի Մուբարաքի վարչակարգը հրաժարվել է կատարել Պաղեստինի կառավարությանը չֆինանսավորելու Ռայսի պահանջը: Ավելին, եգիպտական արտաքին գերատեսչության ղեկավարը նախազգուշացրել է պետքարտուղարին, որ աշխարհը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերի «Համասին»:

Հետեւելով Եգիպտոսի օրինակին, Պաղեստինի ինքնավարությանը ֆինանսական օգնություն տրամադրելու վճռականություն է հայտարարել նաեւ Սաուդյան Արաբիան: Պետքարտուղարի հետ հանդիպմանն արտգործնախարար Սաուդ ալ Ֆայսալն ընդգծել է պաղեստինցի ժողովրդին մարդասիրական հոգատարություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին հրավիրված մամուլի համատեղ ասուլիսում Ռայսն ասել է. «Պարսիկները կարող են խոստանալ «Համասին» այն, ինչ ցանկանում են: Սակայն ես մի անգամ եւս ուզում եմ ընդգծել, որ պաղեստինցիներն ավելի համապարփակ օգնության կարիք են զգում: Խնդիրը սոսկ ֆինանսական օգնությունը չէ, պաղեստինցի ժողովրդի բարգավաճման համար անհրաժեշտ է համագործակցությունն Իսրայելի հետ»:

Այդ ընթացքում Սաուդյան Արաբիան Վաշինգտոնին պաշտոնապես իրազեկել է, որ շարունակելու է Պաղեստինին ամսական 15 մլն դոլար տրամադրել: Մինչ այդ ֆինանսական աջակցություն խոստացող Իրանն, ի դեմս արտգործնախարար Մանուչերհ Մոթթաքիի, պաղեստինցիներին օգնելու կոչով փետրվարի 23-ին վերստին դիմել է մահմեդական երկրներին: Կոչին արձագանքել է նաեւ Չինաստանը, հայտարարելով ի լուր աշխարհի, թե «պահանջի դեպքում պատրաստ է օգնություն տրամադրել «Համասի» գլխավորած Պաղեստինի կառավարությանը»:

Պետքարտուղար Ռայսը, խախտելով շրջագայության ծրագիրը, անակնկալ այց է կատարել Լիբանան, որտեղ սիրիամետ լինելու պատճառաբանությամբ ոչ միայն չի հանդիպել Էմիլ Լահուդի հետ, այլեւ հայտարարել է, որ լիբանանցիներին նոր նախագահ է պետք: Լիբանանից նա ուղեւորվել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Թուրքական հանրային հեռուստատեսությունը, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի շրջագայությունը, հանգում է հետեւյալ եզրակացության. «Ապարդյուն են անցնում «Համասին» մեկուսացնելու ԱՄՆ-ի ջանքերը»: Թուրքական թերթերն իրենց հերթին փետրվարի 24-ի համարներում մատնանշում են, որ «Համասի» հարցում Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան հրաժարվել են ընդառաջել Ռայսին: Մեզ մնում է արձանագրել ԱՄՆ պետքարտուղարի շրջագայության ձախողումը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4