«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2006-02-23 | #34, 2006-02-24 | #35, 2006-02-25


ԻՐԱՆ, ՆԱՎԹ ԵՎ ԵՎՐՈ

Պատերազմի սցենարը

Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում Անգլիայում բնակվող անկախ լրագրող Գուին Դայերը նոր բացահայտումներով նախագծում է Իրանի վրա Ամերիկայի հարձակման սցենարը:

Ահա այդ սցենարը: Մարտի 20-ին Իրանը բաց է անում մի նոր բորսա, որտեղ աշխարհի երկրները կարող են նավթի եւ գազի առուծախով զբաղվել ոչ միայն դոլարով, այլեւ եվրոյով: Նա նաեւ նավթի գնի նոր չափանիշ է սահմանում հիմնված իրանական հում նավթի արժեքի վրա եւ արտահայտված եվրոյով` ի հակադրություն գոյություն ունեցող «Ուեսթ Թեքսաս ինտերմիդիեյթ», «Նորվեյ Բրենտ» եւ «Յու-Էյ-ի Դուբայ» չափանիշների, որոնք դոլարով են հաշվարկված:

Իրանական բորսան անմիջական հաջողություն է գտնում բոլոր այն երկրների եւ ընկերությունների շրջանակում, որոնք դժգոհ են իրենց նավթային գործարքները կատարելիս ուռճացած դոլարային գնացուցակով վճարելուց:

Միացյալ Նահանգները գիտակցելով նման զարգացումների հետեւանքները եւ ամերիկյան տնտեսությանը սպառնացող վտանգը, միջոցներ է ձեռք առնում խափանելու այլընտրանքային այս պահեստի ստեղծումը: Իսկ խափանելու միակ միջոցը Իրանի վրա հարձակվելն է:

Սցենարների սիրահարներից ոմանք գուցե որոշ տեղաշարժեր կատարեն դեպքերի հաջորդականության մեջ եւ թույլ տան Մ. Նահանգներին, ասենք, «Նախազգուշական» հարձակումներ գործադրել Իրանի վրա նախքան վերջինս բաց անի նոր բորսան կամ Իսրայելին համոզել, որ կատարի Իրանի վրա հարձակվելու «սեւ գործը»: Իրականում շատերն են անհանգստացած Իրանի միջուկային ծրագրի շուրջը ծավալված ներկա իրադարձություններով: Նրանք գտնում են, որ այդ ամբողջ աղմուկը բարձրացվում է, որպեսզի Ամերիկան պատրվակ ունենա հարձակվելու Իրանի վրա եւ դրանով խափանի բորսայի բացումը:

Նման թեզի կողմնակալները որպես օրինակ բերում են Սադդամ Հուսեյնին, որը 2000 թվին սկսեց պահանջել, որ արտահանված նավթի վճարումները կատարվեն եվրոյով: Արդյունքում Մ. Նահանգները ներխուժեց Իրաք 2003-ին: Իրանցիները շատ առաջ են գնում, ուրեմն նրանց էլ պետք է պատժել: Ինչքանով է այդ թեզը հիմնավոր:

Չնայած հստակ եւ վերջնական մանրամասներ չկան նման բորսայի ստեղծման վերաբերյալ, սակայն հստակ է, որ վաղ թե ուշ եվրոն մուտք է գործելու նավթային շուկա, մարտի հրավիրելով դոլարին` որպես միակ արտարժույթը նման գործարքներում:

Մ. Նահանգների հետզհետե վատթարացող ֆինանսական դրությունը լավագույնս բացատրվում է դրանով, որ Դաշնային ռեզերվների գրասենյակը հայտարարել է, որ մարտի 24-ից դադարեցնելու է դոլարներ կուտակող օտարների մասին տվյալների հրապարակումը:

Բուշի վարչակարգը գուցե բավական անշրջահայաց լինի Իրանի վրա հարձակում իրականացնելու հարցում, բայց այդ վարչակարգը չափազանց տգետ է դրամական, ֆինանսական կամ պետական գանձարանի հարցերում, որպեսզի հաշվարկի նման հարձակման հետեւանքները. օտար ներդնողների վստահության կորուստ դոլարի հանդեպ, առեւտրի դեֆիցիտ եւ Մ. Նահանգների բյուջեի «կենսունակության» թուլացում:

Արդյոք այլ պատճառներ գոյություն չունե՞ն Իրանի վրա հարձակվելու համար:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4