Շարունակվում է հերյուրանքներ տարածելու քաղաքականությունը
Նախիջեւանում հայկական հուշարձանների վերացման փաստը ուսումնասիրելու նպատակով ԵԽԽՎ հանձնախմբի գարնանը տարածաշրջան այցելելու մասին լուրը ադրբեջանական լրատվամիջոցները ջանադրաբար հերքում ենՙ վկայակոչելով ԵԽԽՎ-ում իրենց պատվիրակության անդամի հերյուրանքը. «Ճիշտ հակառակըՙ հանձնախումբը գալու է ուսումնասիրելու հայերի օկուպացրած Ադրբեջանի տարածքներում մշակութային հուշարձանների վերացման փաստերն ու ադրբեջանական տարածքները բնակեցնելու ԼՂ անօրեն քաղաքականությունը»: Նման մերկապարանոց ստերի տարածումը ադրբեջանական կողմի մշտական քաղաքականությունն է, որը ցավալիորեն երբեմն արդյունք է տալիս:
Հատկապես այս համատեքստում չափազանց արդիական է Հայոց հուշարձանների պաշտպանության համահայկական հանձնախմբի Ադրբեջանին ՅՈՒՆԵՍԿՕ-ից վտարելու պահանջը: Հին Ջուղայի հայկական հուշարձանների ոչնչացումը միայն ավելի քան լուրջ հիմք է պահանջը բավարարելու եւ Հայաստանի կողմից հայցով միջազգային դատարան դիմելու: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում հայտարարել է պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը, որը նաեւ հանձնախմբի ներկայացուցիչն է: Նրա համոզմամբ. «Հայաստանը պետք է Ադրբեջանից փոխհատուցում պահանջի մշակույթի հայկական հուշարձանները ոչնչացնելու համար»: Թուրքիայի իշխանությունների հայտարարությունը Կարսում «Հայոց ցեղասպանության զոհ դարձած թուրք անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի, իսկ Նյու Յորքում հայկական ահաբեկչության զոհ դարձած թուրք դիվանագետների հուշարձան կառուցելու» մասին հանձնախումբը գնահատել է որպես ծայրահեղ ցինիզմ: Հայոց հուշարձանների պաշտպանության համահայկական հանձնախմբի ներկայացուցիչ Գրիգոր Ջանիկյանը հայտարարել է. «Եթե այդ հուշարձանները կառուցվեն, մեզ չեն ներելու Մեծ եղեռնի 1,5 միլիոն նահատակները»:
Ի դեպ, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը փետրվարի 27-ին մեկնելու է Փարիզ, հանդիպում է նախատեսված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոշիրո Մաացուրայի հետ:
Ն. Պ.