Ավելի քան 10 հազար հոգի ստորագրել են խնդրագիրը
Իրադարձությունները կայծակի արագությամբ են զարգանում Ամերիկայի Հանրային հեռարձակման համակարգի (PBS-ի) ապրիլի 17-ին նախատեսած հեռուստատեսային ծրագրերի հարցում: Այդ օրը, հիշեցման կարգով նշենք, Անդրու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանությունը» վավերագրական ֆիլմի ցուցադրումից անմիջապես հետո 25 րոպեանոց «հավասարակշռող» բանավեճ է հեռարձակվելու, որին մասնակցելու են մի կողմից պրոֆեսորներ Թաներ Աքչամն ու Պիտեր Բալաքյանը, մյուս կողմից` պրոֆեսորներ Ջաստին Մկքարթին եւ Օմեր Թուրանը համապատասխանաբար Լուիզվիլ (ԱՄՆ) եւ Միջին Արեւելքի տեղեկատվական (Անկարա) համալսարաններից:
Իր անցյալ շաբաթվա հոդվածում «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը գոհունակությամբ տեղեկացնում էր, որ PBS-ի այդ նախաձեռնությունը բոյկոտելու նպատակով «Հայ դիտորդներ» անվան տակ մի խումբ հայերի ինտերնետային կայքէջում բացած խնդրանքն արդեն ստորագրել են 3,500 տարբեր ազգությունների անձնավորություններ 55 երկրներից (տես «Ազգի» փետրվարի 16-ի համարը):
Հարցը հետեւողականորեն հետապնդող հարգարժան խմբագիրն այժմ արձանագրում է, որ բանավեճի հեռարձակումը չեղյալ համարելու խնդրագիրը ստորագրողների թիվն անցել է 10 հազարը, հարցը ազգայինից վերածելով միջազգայինի:
«Վաշինգտոն փոստ» թերթն իր փետրվարի 16-ի համարում նշել է, որ մինչեւ այդ օրը 6 հազար ստորագրություն է հավաքվել, որն «ամենամեծ բողոքի խնդրագիրն է երբեւէ ուղղված PBS-ի ծրագրերի դեմ»: «Լոս Անջելես թայմսն» ու այլ թերթեր արտատպել են «Վաշինգտոն փոստի» հոդվածը: Ֆրանսիական AFP լրատվական գործակալությունը հաջորդ օրը` փետրվարի 17-ին ընդարձակ լուր է հեռասփռել «Ամերիկահայերը վրդովված են ցեղասպանության վերաբերյալ բանավեճի հեռարձակման առթիվ» վերնագրով:
Հեռասփռման եւ կաբելային հաղորդումներին նվիրված հատուկ շաբաթաթերթն իր փետրվարի 16-ի համարում նույնպես անդրադարձել է թեմային: Նույնիսկ թուրքական «Միլիեթ» թերթն է իր փետրվարի 17-ի համարում հոդված տպել այդ մասին:
Մյուս կողմից բանավեճի նախօրոք կազմակերպված նկարահանումներին մասնակցած պրոֆեսորներ Թաներ Աքչամն ու Պիտեր Բալաքյանը անցյալ շաբաթվա ընթացքում ներկայացրել են իրենց զեկույցները, որտեղ բացահայտել են, որ իրենք փաստացի շանտաժի են ենթարկվել PBS-ի ծրագրերի ավագ փոխնախագահ Ջակուբա Ատլասի կողմից, որն սպառնացել է «Հայոց ցեղասպանությունը» ֆիլմը չհեռարձակել, եթե բանավեճի հեռարձակումը տապալվի:
Այս զարգացումների լույսի ներքո Հարութ Սասունյանը կոչ է անում շարունակել արշավը մինչեւ Ջակոբա Ատլասը («Jatlas@PBS.org») վերանայի իր որոշումն ու վերջնականապես հրաժարվի բանավեճը հեռարձակելուց:
Հ. Ծ.