«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2006-02-23 | #34, 2006-02-24 | #35, 2006-02-25


ԱԺ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ԿՈՊԻՏ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ Է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ

Բայց փաստերը դատախազություն ներկայացնելու իրավասություն ունեն միայն ԱԺ նախագահն ու պատգամավորները

Անցած տարի Ազգային ժողովի վերահսկիչ պալատը 27 վերահսկողական գործառույթ ու 4 վերլուծական նյութեր է պատրաստել, հասցրել է զարգացնել միջազգային կապեր ու համագործակցություն Ուկրաինայի, Բավարիայի, Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատների հետ: ԱԺ վերահսկիչ պալատի 2005 թվականի հաշվետվության կարեւոր տողերը ներկայացնելուց առաջ երեկ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանն այսպիսի նախապատմությամբ սկսեց հանդիպումը լրագրողների հետ:

Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը բարի պտուղներ է տվել. վերահսկիչ պալատը որոշել է նրանց օրինակով ինքն էլ էկոլոգիական ուսումնասիրություններ կատարել, չնայած օրենքում նման պահանջ չկա: Հունիսին Երեւանում կլինեն նման աշխատանքների մեծ փորձ ունեցող լեհ մասնագետները, որոնք կօգնեն հայ գործընկերներին ուսումնասիրություններ կատարել Հրազդանում ու Սեւանում:

Այս փոքրիկ օրինակը խիստ հատկանշական է մեր օրենսդիրների եւ պաշտոնատարների համար: Էկոլոգիական փորձաքննությունը, որի իմաստն ու նշանակությունը հեռավոր ու մշուշոտ է հասնում նրանց, կամ չի իրականացվում մեզանում, կամ իրականացվում է միջազգային կամ տեղական պարտադրանքով, ինչպես այս դեպքում:

2005 թվականին վերահսկիչ պալատը լուրջ խնդիրներ է բացահայտել հատկապես գյուղական համայնքներում ուսումնասիրությունների ժամանակ: Պետբյուջեից 14 մլրդ դրամ դոտացիա է տրամադրվել համայնքներին, սակայն ոչ բոլոր համայնքներն են դրանք նպատակային ու արդյունավետ օգտագործել: Պատճառները, ըստ Գագիկ Ոսկանյանի, դոտացիաների տրամադրման անընդունելի` ֆինանսական համահարթեցման սկզբունքն է: Ըստ այդմ, մինչեւ 300 բնակիչ ունեցող 200 տնտեսություններ պետությունից 1 մլն 500 հազար դրամ պիտի ստանան: Անկախ փողհարվող տնտեսական աճից, այդ գումարը նույնն է մնում: Համայնքներ կան, որոնց դոտացիան եղել է ընդամենը 400 հազար դրամ, եւ սրանց մեջ եղել են նաեւ սահմանամերձ գյուղեր: Վերահսկիչ պալատը կառավարությանն առաջարկել է վերանայել դոտացիաների տրամադրման կարգը:

Որոշ համայնքների տնտեսական, նպատակային զարգացման համար հատկացումներ տրամադրելիս ակնհայտորեն գործել է սուբյեկտիվ գործոնը: «Ինչո՞ւ մի գյուղին գազ քաշելու համար միջոցներ տրամադրում են, իսկ մյուսին, որ նույն խնդիրն ունի` ոչ»: Քաղաքացիական ակտերի գրանցման, սոցիալական, անասնաբուժական ծառայությունների համար հատկացումները եւս նպատակային չեն օգտագործվել: Առավել տարօրինակ է, որ համայնքային դոտացիաները հաճախ ուղղվել են բնակիչների ջրի վարձերի փակմանը: Արագածոտնի մարզում 30 համայնք գազի, ջրի վարձավճարների հարցը լուծել է դոտացիաների միջոցով:

Ի դեպ, համայնքային այս խնդիրը վերահսկիչ պալատը բարձրացրել է նաեւ նախորդ ստուգումների ժամանակ, եւ փաստորեն ընդամենը արձանագրողի դերակատարում ունեցել, քանի որ իրավիճակը ոչնչով չի փոխվել նրա նախորդ այցելություններից հետո:

Վերահսկիչ պալատի հաջորդ «հայտնագործությունն» այն է, որ մեզ մոտ պետական գույքը մասնավորեցնելիս նախապատվությունը տրվում է ոչ թե մրցույթներին եւ աճուրդներին, ինչպես հանձնարարում է օրենքը, այլ առուվաճառքին: Մասնավորեցված 405 ընկերությունների 63 տոկոսն ուղղակի վաճառվել է:

ԱԺ վերահսկիչ պալատը ուսումնասիրել է նաեւ սոցիալական, մասնավորապես աղքատության միանվագ նպաստների դրամական օգնության ծրագիրը: Այս անգամ քննադատության թիրախը «Հայփոստն» էր: Ըստ պալատի նախագահի, այն միակ կազմակերպությունն է, որ 2000 թվականից իրականացնում է նպաստների բաժանումը, բայց տնտեսական մրցակցության հանձնաժողովում գրանցված չէ իբրեւ մենաշնորհ կազմակերպություն: Եվ բացի այդ, նպաստառուների գումարների փոխանցման ժամանակ զանազան պատճառներով չվճարված գումարները «Հայփոստը» չի վերադարձրել պետբյուջե: «2002 թվականից մինչեւ 2005 թվականը նպաստառուների 98 մլն դրամ գումարը շրջանառության մեջ է դրվել «Հայփոստում»... իրենց բիզնեսն են արել»:

2005 թվականին պետությունը պարզապես որոշել է այդ 98 մլն-ը հաշվանցել ձեռնարկությանը` կառավարությանն ունեցած պարտքի դիմաց:

Առողջապահության պետպատվերային համակարգում բացահայտվածն ավելին է եղել, քան ենթադրելի է: Հայտնաբերել են փաստեր, երբ բժիշկները հիվանդության պատմություններ են գրել, որպեսզի պետպատվեր ձեւակերպեն: Երբ այդ «հիվանդներին» ստուգողական զանգեր են տվել, նրանք նույնիսկ տեղյակ չեն եղել իրենց «հիվանդությունների» մասին: Ոչ մի հիվանդանոցում չեն եղել մատյաններ, որոնցում պիտի գրանցեին, թե բարեգործական դեղերը որ հիվանդներին են տվել եւ ինչպիսի դեղեր են եղել:

Ըստ հաշվետվության, գիտական եւ գիտատեխնիկական գործունեության արտոնագրային ֆինանսավորման պետպատվերային ծրագիրը եւս կատարվում է կոպիտ խախտումներով: Գիտական թեմաները ֆինանսավորվում են 400 հազարից 10 մլն դրամի սահմաններում: Բնական է, որ 400 հազար դրամով հնարավոր չէ որեւէ հայտնագործություն անել, եւ այդ գումարը պետությունը տալիս է միայն գիտնականների «գոյատեւման» հարցը լուծելու համար: «Կամ պիտի չտան, կամ շատ պիտի տան, թե չէ էս ձեւով տալը փոշիացում է»:

Ուսումնասիրած բոլոր ասպարեզներում օրինախախտումներ ու մեքենայություններ հայտնաբերելն ու դրանց մասին զեկուցելը ԱԺ վերահսկիչ պալատի համար կարծես թե արդեն ավանդույթ է դառնում: Պալատն իր հայտնաբերած կոպիտ խախտումները դատախազություն փոխանցելու իրավասություն չունի: Նա հաշվետվությունը պիտի ներկայացնի ԱԺ-ում, եւ վերջինիս որոշելիքը կլինի, գործերը հասցնե՞լ դատախազություն, թե ոչ:

Անցած տարվա ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվածը ոչ պակաս խախտումներ էին, բայց այդպես էլ չհասան դատական ատյաններին: Այնպես որ, կարիք չկա ժամանակ ու միջոցներ ծախսել հայտնաբերելու այն, ինչը վաղուց հայտնի է բոլորին: Եթե նույն բծախնդրությամբ գործարկվեր նաեւ պատասխանատվության ու պատիժների մեխանիզմը... Այս տարիներին, սակայն, մենք միջազգային կազմակերպություններից մի բան միայն լավ սովորեցինք` գործողության պատրանք ստեղծել նաեւ ամենատարբեր բնույթի իրազեկումների միջոցով... եվ ոչ ավելին:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4