Այսօր մասնավոր գործատուների հատվածում մոտ երեք անգամ պակաս են ներկայացնում աշխատավարձերի իրական չափերը, գործատուների մոտ 15 տոկոսը չի ներկայացնում սոցվճարների հաշվետվություններ, որի պատճառով տուգանքների է ենթարկվում: Սրան գումարած «պետությանը քցելու» խորհրդային ժամանակներից եկող եւ մինչ օրս շարունակվող տխրահռչակ սովորությունը եւ դրանով պայմանավորվող «քաղաքացի-պետություն» հարաբերությունների հակամարտությունը գործնական քայլերի անհրաժեշտություն են առաջացնում:
Հայաստանն ունի մոտ 540 հազար կենսաթոշակառու, 2005 թվականի տվյալներով` մոտ 460 հազար սոցապահովության վճարներ կատարող աշխատող: Նման հարաբերակցությունը, որ ի վնաս կենսաթոշակառուների է, առիթ է, որ խնդիրներ առաջանան կենսաթոշակային համակարգի զարգացման համար: Եվրոստանդարտներին համապատասխանեցնելու ջանքերն էլ գումարած` կենսաթոշակային խնդիրները հրատապ ուշադրության կարոտ են դառնում: Դրանց լուծման նպատակով ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը հրապարակել է մի գրքույկ, որ նկարագրում է Լատվիայի եւ Էստոնիայի կենսաթոշակային քաղաքականության հաջողված համարում ունեցող փորձը: Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը Լատվիայի եւ Էստոնիայի փորձը համարում է ընդօրինակելի, քանի որ այդ երկրները տնտեսական աճի, բնակչության թվի, կենսաթոշակառուների եւ աշխատողների թվաքանակի առումով Հայաստանի նման ելակետային տվյալներ ունեն:
Իսկ AEPLAC-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Տիգրան Ջրբաշյանը (ի դեպ, նշված կազմակերպությունն էր ֆինանսավորել գրքի տպագրությունը) կարեւորեց լրատվամիջոցների դերը, որ կօգնի քաղաքացիներին հասկանալու աշխատավարձային եկամուտների թափանցիկության օգտակարությունը: Նա համոզված է, որ ամենալուրջ փոփոխությունները մարդկանց հոգեբանության եւ մտածելակերպի մեջ թափանցիկ աշխատաոճի վերաբերյալ տեղի կունենան տարեվերջին, երբ սոցիալական վճարներ մուծող աշխատողները կստանան առաջին ծանուցումներն իրենց ապագա կենսաթոշակների չափաբաժինների եւ այլ մանրամասների մասին: Ճիշտ է, կենսաթոշակային երկարատեւ բարեփոխումների արդյունքը միշտ զգում է ոչ թե ներդնող, այլ նրան հաջորդող սերունդը, սակայն կենսաթոշակային ֆոնդերի զարգացմամբ է պայմանավորված արժեթղթային եւ երկարաժամկետ գումարների շուկաների կայացումը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ