«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2006-02-23 | #34, 2006-02-24 | #35, 2006-02-25


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ԱՐԱԲԿԻՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Արաբկիրի համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանի կարգադրությամբ համայնքում կյանքի են կոչվելու սոցիալական ուղղվածության նոր ծրագրեր: Դրանցից մեկի համաձայն, թաղապետարանի սոցիալական հարցերի եւ առողջապահության բաժինը, «Հայաստան առաքելություն» կազմակերպության հետ համագործակցելով, համայնքում բնակվող հաշմանդամներին ապահովելու է տնային խնամքով: Ինչպես հայտնեց Արաբկիրի թաղապետարանի սոցիալական հարցերի եւ առողջապահության բաժնի պետ Իրինա Թավաքալովան, այս ծրագրի շրջանակներում շուրջ 600 հաշմանդամների համար կիրականացվի համակողմանի հոգածությունՙ սննդի եւ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովումից մինչեւ թերթերի անվճար տրամադրումը:

- Մենք աջակցում ենք հաշմանդամներին, կերակրողին կորցրած ընտանիքներին եւ սոցիալական անապահով այլ խավերին, ասում է թաղապետարանի ներկայացուցիչը, երբեմն շատ դժվար է մեկ-երկու բառով բնորոշել մարդկային ծայրահեղ թշվառությունը:

Բնակիչների սոցիալական վիճակի մասին հավաստի տեղեկություններ բաժինն ստանում է իրենց աշխատակիցներիցՙ նրանց բնակարաններ այցելությունների արդյունքում: Կան ընտանիքներ, որոնց սոցիալական վատ վիճակը պայմանավորված է աշխատանքի բացակայությամբ կամ միակ աշխատունակ անձի այնպիսի ցածր աշխատավարձով, որը չի ապահովում բազմանդամ ընտանիքի նվազագույն կենսամակարդակը: Այդ վիճակում հայտնված մարդկանց օգնելու նպատակով թաղապետարանը կնքել է պայմանագրեր աշխատանքի տեղավորման մի շարք գործակալությունների հետ, որոնք հնարավորինս աջակցում են այս խնդրի լուծման հարցում: Սոցիալական հարցերի եւ առողջապահության բաժինը ծրագրել է այս տարվա ընթացքում աշխատանքի տեղավորել շուրջ 100 մարդու:

Նախորդ տարվանից Արաբկիրի համայնքում գործում է բարեգործական ճաշարան, որտեղ սնվում են 250 սոցիալապես անապահով ընտանիքներ: Վերջիններիս նաեւ հնարավորություն է ընձեռված օգտվելու անվճար բաղնիքից: Արաբկիրի թաղապետարանն աջակցում է համայնքի տարածքում աղքատության, ընտանեկան նպաստի եւ միայնակների դրամական օգնության նշանակմանը եւ վճարմանը: Ի դեպ, վերջինս, անցյալ տարվա տվյալներով, 17 մլն դրամի չափով դրամական օգնություն է տրամադրել 820 հոգու, իսկ համագործակցելով սոցիալական ծառայության տեղական գործակալության հետՙ 2650 անձանց ապահովել է նպաստով: Թաղապետարանը հոգում է նաեւ հարազատներից զուրկ հանգուցյալների հուղարկավորության ծախսերը, այդ նպատակով արդեն ծախսվել է 2,5 մլն դրամ: Համայնքի բյուջեից հատկացվող միջոցների հաշվին կազմակերպում է սոցիալապես անապահով հիվանդների բուժում առողջապահական այն հիմնարկներում, որոնց հետ կնքված են համապատասխան պայմանագրեր: Նրանց նաեւ տրամադրվում է անվճար դեղորայք: Ի դեպ, անցած տարի այդ նպատակի համար թաղապետարանը հատկացրել է 1 մլն դրամ: Կազմակերպվում է նաեւ անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգիստը ճամբարներում (անցած տարվա ցուցանիշներով այդպիսի երեխաների թիվը 120 է), իսկ ուսումնական տարվա սկզբում թաղապետարանը նրանց ապահովում է գրենական պիտույքներով:

Ռ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4