«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2006-02-23 | #34, 2006-02-24 | #35, 2006-02-25


ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ ԵՎ ՄԵԾ ՊԱՀՔ

Հայ առաքելական եկեղեցին այս տարի փետրվարի 26-ին նշում է Բուն բարեկենդանի տոնը: Բարեկենդան նշանակում է կենդանություն, ուրախություն, վայելք: Հոգեւոր իմաստով այն հիշեցնում է դրախտային երանական կյանքը, բարի կենդանությունը, որով ապրում էին Ադամն ու Եվան: Բուն բարեկենդանը ժողովրդական տոնախմբության, խրախճանքի օր է: Այդ տոնը նշվում է Ռուսաստանում եւ եվրոպական երկրներում: Բուն բարեկենդանի նախորդող շաբաթ երեկոյան` ժամերգության ընթացքում վարագուրվում է եկեղեցու խորանը եւ այդպես մնում մինչեւ Մեծ պահքի ավարտը: Բարեկենդանի մյուս օրը` փետրվարի 27-ին սկսվում է Մեծ պահքի շրջանը, որը տեւում է 48 օր, մինչեւ սկսվում է Ս. Հարության (Զատիկի) տոնը` ապրիլի 16-ին:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլեւ մոլի սովորություններից. շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելը առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության եւ ապաշխարության շրջանը` հանուն մարդկային ցեղի փրկության: 40-օրյա պահքին հաջորդում է պահոց եւս մեկշաբաթյա շրջանը` Ավագ շաբաթը ու կոչվում է 48-օրյա պահք:

Մեծ պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, արտաքսում, անառակի, տնտեսի, դատավորի, գալստյան եւ ծաղկազարդ: Մեծ պահքը կիսվում է մարտի 23-ին եւ կոչվում է միջինք: Ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում ու մեջը մետաղադրամ դնում: Այդ մետաղադրամն ում բաժին ընկնի, հաջողություն կբերի:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4