«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2006-02-23 | #34, 2006-02-24 | #35, 2006-02-25


«ՄԻՇՏ ԷԼ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ ԵԹԵՐՈՒՄ ԵՐԳԵՄ, ԱՄԱՉՈՒՄ ԵՄ ԱՍԵԼ` ԳՈՒՍԱՆԻ ԿՈՉՈՒՄ ԷԼ ԵՆ ԻՆՁ ՏՎԵԼ»

Դժգոհում է Արամ Ասատրյանը

Դեռ նախկին իշխանությունների ժամանակ Հայաստանից հեռացած եւ Ամերիկայում բնակվող Արամ Ասատրյանը երեկ ժուռնալիստների միությունում ներկայացնում էր մարտի 1-ից մեկնարկող իր համերգային ծրագիրը, որը պետք սկսվի Սոչիից եւ ավարտվի Միացյալ Նահանգներում: Համերգային ծրագրի մասին խոսելը երգչին այնքան էլ չհաջողվեց, քանի որ լրագրողներին բոլորովին այլ բան էր հետաքրքրում:

Վերջերս մամուլում հայտնվել էր հրապարակում, ըստ որի Արամ Ասատրյանը Ամերիկայում հայտնվել է դատական քաշքշուկների մեջՙ վիզաներ դասավորելու համար: Երգիչը հերքեց այդ լուրը, իսկ թե չի՞ պատրաստվում դատի տալ հիշյալ լրատվամիջոցին հարցին նա պատասխանեց. «Մենք մի հատ դատ ունենք, էլ ես ինչ դատի տամ, կհամարեմ գովազդ, ոչինչ, համ էլ ինչ ասեմ, շան տարի է, հաչում են»: Նա նշեց, որ անգամ ինքն ու իր ընտանիքը չունեն գրին քարտ, ուր մնաց վիզաներ դասավորեր ուրիշների համար: Բացի այդ. «Ո՞նց կարելի է Ամերիկայի նման չոտկի երկրի հետ նման բաներ անել»: Ժողովրդի սիրով տարված, լրագրողների «ցավը տանելով», երգերով ու խաղիկներով լրագրողների հարցերին պատասխանող Արամ Ասատրյանը, որ արժանացավ լրագրողների զարմանք-ուրախությանը, դժգոհեց իրեն բամբասողներից. «Հենց հեռանում եմՙ բամբասում են, լավ չի էլի»: Ընդ որում երգչին բամբասում են ոչ միայն այստեղ` իր հայրենիքում, այլեւ սփյուռքում, երկու դեպքում էլ չեն թողնում նրան եթերում երեւալ: «Միշտ էլ չեն թողնում եթերում երգեմ (հատկապես դժգոհեց Հ1-ից, որ դրսում իր նմանները ժողովրդին ուրախացնում են հարսանիք-ծնունդ-կնունքների ժամանակ, բայց եթերով ոչ մի անգամ իրեն ցույց չեն տալիս), ամաչում եմ ասել` ինձ գուսանի կոչում են տվել», ասաց նա եւ սկսեց մի քառատող երգել «Սուրբ Սարգիս ես կգնամ» երգից: Հայրենիքի համար արած իր լավություններն ընդգծելու համար երգիչը հայտարարեց` որ երգել է օպերայի ասֆալտներից մինչեւ աշխարհի ամենամեծ բեմերը, որոնցից ոչ մեկը չկարողացավ մտաբերել: Կարծես հաշտված իրեն վատաբանելու մտքի հետ` երգիչը նշեց. «Համ էլ գիտեք, որ ես ամեն տարի մեկ-երկու անգամ մահանում եմ, կամ վերջերս ամուսնացել եմ ռուս աստղուհու հետ»:

Իր խոսքերով, իշխանությունների հետ եւս երբեւէ խնդիրներ չի ունեցել` միշտ հարգանքով է եղել բոլորի հանդեպ, ուրախացրել է բոլորին: Թեպետ իր խոսքերից դատելով Արամ Ասատրյանը պահանջված երգիչ է արտերկրի հայերի ուրախությունների ժամանակ, սակայն դժվարացավ ասել, թե մի ուրախությանը երգելու համար ինքը որքան գումար է ուզում. «Դե ինչքան տան»: Մեր երգիչ-երգչուհիների հետ էլ որեւէ խնդիր չունի, սիրում է անգամ նրանց, ում երգերը նույնիսկ չի հասկանում, «իսկ երեկ էլ Թաթայի հետ կոֆե էր տժըցնում»: Բայց այ Արթուր Գրիգորյանից նեղացած է, որովհետեւ վերջերս նա եթերում ասել է, «թե Արամը աղավաղում է մեր երգերը»: Արամ Ասատրյանը մեղմորեն նշեց, որ երգերն աղավաղողներին էլ պետք չէ քարկոծել, իրենք էլ իրենց լսողներն ունեն: Զվարճությունն իր գագաթին հասավ, երբ որպես օրհներգ Արամ Ասատրյանը առաջարկեց իր երգերը եւ ցույց տվեց, թե ինչպես կանգնած կկատարի այն: Վերջում երգիչը, ինչպես երգելով ողջունել էր ներկաներին, այնպես էլ երգելով հեռացավ սրահից:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4