«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2006-02-23 | #34, 2006-02-24 | #35, 2006-02-25


ՆԻԿՈԼԱՅ ԿԻՍԵԼՅՈՎ. «ԴԵՌԵՎՍ ՄԵԾ ԾԱՎԱԼԻ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱ ԿԱՏԱՐԵԼՈՒ»

Առաջնության բրոնզե մրցանակակիր Երեւանի «Բանանցն» ավարտելով ուսումնամարզական հավաքը Կիպրոսի Անայապա ծովափնյա քաղաքում, փետրվարի 13-ին վերադարձավ Երեւան: Կարճատեւ հանգստից հետո «Բանանցի» ֆուտբոլիստները վերսկսեցին մարզումները: Թիմը մեկշաբաթյա հավաք անցկացրեց Արարատի «Այգ» մարզաբազայում, իսկ երեկ կրկին մեկնեց Կիպրոս: Մինչ Կիպրոս մեկնելը, «Հրազդան» մարզադահլիճում անցկացված պարապմունքից հետո հարցազրույցի հրավիրեցինք «Բանանցի» գլխավոր մարզիչ Նիկոլայ Կիսելյովին` խնդրելով ամփոփել ուսումնամարզական հավաքի արդյունքները:

- Փետրվարի 1-12-ը «Բանանցն» ուսումնամարզական հավաք անցկացրեց Կիպրոսում: Այն, ինչ ծրագրել էինք, հաջողվեց իրագործել: Պարապմունքների ընթացքում մեծ ուշադրություն էինք դարձնում թե՛ ֆուտբոլիստների ընդհանուր ֆունկցիոնալ պատրաստությանը, թե՛ թիմի տակտիկական գործողությունների մշակմանը: Անցկացրած ստուգողական հանդիպումներն էլ հնարավորություն ընձեռեցին ավելի մոտիկից ծանոթանալու ֆուտբոլիստների խաղային ունակություններին, խաղային որոշակի փորձ ձեռք բերել: Մի խոսքով, հավաքը ծառայեց նպատակին:

- Ստուգողական հանդիպումներից հետո ինչպիսի՞ եզրահանգման եկաք:

- Խաղերը ցույց տվեցին, որ թիմի խաղային ձեռագրի ձեւավորման, ֆուտբոլիստների ունակությունների բացահայտման ուղղությամբ դեռեւս շատ աշխատանք ունենք կատարելու: Դրանք օգնեցին ինչ-որ չափով բացահայտել մեր թույլ կողմերը: Միեւնույն ժամանակ, աստիճանաբար ուրվագծվում է թիմի օպտիմալ կազմը: Մեզ համար պարզ է, թե ինչի վրա պետք է հետագայում դարձնենք մեր ուշադրությունը: Ըստ այդմ էլ, կառուցելու ենք մեր հետագա աշխատանքները:

- Նախորդ հարցազրույցում դուք նշել էիք, որ դեռեւս ծանոթ չեք լեգեոնականներին եւ որ նրանց խաղային ունակություններին հնարավոր կլինի ծանոթանալ կիպրոսյան հավաքում: Այժմ ինչպիսի՞ն է տպավորությունը նրանցից:

- Վատ ֆուտբոլիստներ չեն, նրանք դեռեւս շարունակում են փորձաշրջանը թիմում: Կիպրոսում մեզ միացան եւս երկու լեգեոնականներ` Անդրեյ Բուրդիանը եւ Իվան Զաբլոնսկին: Նրանք Մարիուս Կալինի, Սերգեյ Սիզիխինի, Դմիտրի Նազարենկոյի հետ շարունակում են մարզվել թիմում եւ պետք է փորձեն իրենց լավագույն կողմերով դրսեւորել, որպեսզի կարողանան տեղ գրավել հիմնական կազմում: Հրաժարվել ենք միայն Բեսպալովի ծառայություններից: Չի բացառվում, որ թիմում առաջիկայում նոր լեգեոնականներ հայտնվեն: Ամեն դեպքում նախապատրաստական այս փուլում պետք է ձգտենք արդեն որոշակիորեն կողմնորոշվել ֆուտբոլիստների հարցում:

- Ստուգողական հանդիպումներում Զաբլոնսկին 2 գոլի հեղինակ դարձավ: Ինչպիսի՞ կարծիքի եք նրա մասին:

- Հեռանկարային լավ ֆուտբոլիստ է, որին դեռեւս անհրաժեշտ է շատ աշխատել իր վրա: Նա ռմբարկուին հատուկ հատկանիշներ ունի, որոնք հղկելու, կատարելագործելու կարիք են զգում:

- Դուք վերջապես մոտիկից ծանոթացաք նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ Արամ Հակոբյանի հետ: Ինչպիսի՞ն է տպավորությունը:

- Փորձաշրջանի մեկնելու հետեւանքով նա թիմի հետ պարապմունքների քիչ է մասնակցել, ուստի կարելի է ասել, որ նախապատրաստությունը նոր է սկսել: Այնպես որ, առայժմ դժվար է որեւէ կոնկրետ բան ասել Արամի մասին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4