Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Փարիզում ընկերական մրցամարտում ուժերը չափեց Ֆրանսիայի հավաքականի հետ: Մեր ըմբիշները բավական հաջող հանդես եկան: Քաշային ութ կարգերից հինգում մեր ըմբիշները հաղթող ճանաչվեցին: Իրենց մրցակիցներին պարտության մատնեցին Ռոման Ամոյանը, Ռոբերտ Պետրոսյանը, Մխիթար Հունանյանը, Արտակ Հարությունյանը եւ Վահրամ Հունանյանը, որոնք էլ ապահովեցին Հայաստանի հավաքականի ընդհանուր հաղթանակըՙ 5-3:
Ըստ ՀՀ արտգործնախարարության հաղորդագրության, մարզասրահում շուրջ հազար հանդիսականներ հոտնկայս ծափահարություններով են ողջունել հայ ըմբիշներին, որոնց հաղթանակի առթիվ հնչել էր Հայաստանի Հանրապետության օրհներգը եւ հանդիսավորությամբ հայտարարվել էր 2006-07 թթ. Ֆրանսիայում Հայաստանի տարի հռչակելու մասին: Հանդիպման ավարտին մրցամարտին որպես պատվավոր հյուր ներկա գտնված Ֆրանսիայում ՀՀ դեսպան Է. Նալբանդյանն ընդունելություն է կազմակերպել Հայաստանի ազգային հավաքականի պատվին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ