Լեռնային Ղարաբաղը ճանաչելու առաջարկ
Փետրվարի 27-ին ԱԺ բոլոր խումբ-խմբակցությունները ընդունեցին Հին Ջուղայի հայկական մշակութային հուշարձանների ոչնչացումը դատապարտող համատեղ հայտարարություն, որում անդրադարձ կա խորհրդային կարգերի հաստատման առաջին իսկ օրից Ադրբեջանին բռնակցված հայաբնակ տարածքների նկատմամբ հետեւողականորեն կիրառված հայաթափման քաղաքականությանը:
«Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը վճռականորեն դատապարտում են Ադրբեջանում բորբոքվող հակահայկական հիստերիայի բոլոր դրսեւորումները` վրեժխնդրական հայտարարություններից մինչեւ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող հայկական քրիստոնեական հուշարձանների ոչնչացումը», ասված է հայտարարությունում, որտեղ հայ խորհրդարանականները միջազգային կազմակերպություններից վանդալիզմի նման երեւույթների նկատմամբ ավելի վճռական դիրքորոշում են ակնկալումՙ «հանուն տարածաշրջանում հակամարտությունների լուծման եւ խաղաղության, համերաշխության ու փոխադարձ հանդուրժողականության հաստատման»:
Վերոնշյալ հայտարարության ընդունումից հետո պատգամավոր Արամ Գ. Սարգսյանն առաջարկեց նույն ձեւաչափով հայտարարություն ընդունել ինքնորոշման միջազգային իրավունքին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանից անջատվելու գործընթացը օրինական ճանաչելու մասին:
Դեմ չլինելով առաջարկինՙ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ նման հայտարարության ընդունումը հնարավոր կլինի ԱԴ կանոնակարգի փոփոխությունների ընդունումից հետո, իսկ փոփոխությունների ընդունման հարցը կդրվի հաջորդ քառօրյայում:
Ն. Պ.