ԼՂՀ Ազգային ժողովի վերջին նիստի ժամանակ խորհրդարանը որոշում էր ընդունել ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի 1988-1992 թթ. Ղարաբաղի հայության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների իրականացրած բռնությունների փաստերը: Ըստ այդ որոշմանՙ հանձնաժողովի ստեղծումը ելնում է Ադրբեջանի իրականացրած հակաօրինական գործողությունները եւ բռնարարքները միջազգային հանրությանը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների խորհրդարաններին ու Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովին ներկայացնելու անհրաժեշտությունից, ինչը բխում է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի զարգացումներից:
Խորհրադարանում նման առաջարկությամբ հանդես էր եկել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, որը նույնպես ընդգրկվել է վերոհիշյալ հանձնաժողովում:
«Ազգի» թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ Վ. Աթանեսյանն ասաց, որ հանձնաժողովը կգործի մինչեւ տարեվերջ: Հավաքված նյութերը կզետեղվեն հատուկ այդ նպատակով ստեղծված ինտերնետային կայքում, ինչպես նաեւ կուղարկվեն համապատասխան միջազգային կառույցներ:
Նման հանձնաժողով, արցախցի խորհրդարանականի խոսքերով, ստեղծվել էր նաեւ 1992 թվականի հունիսի 12-ին: Ամենայն հավանականությամբ, հանձնաժողովը չի գործել, նախ, Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով, իսկ հետագայումՙ ելնելով բանակցային գործընթացի նրբություններից: Քանի որ ներկայումս քննարկվում է հակամարտության հումանիտար ասպեկտը, ուստի Ազգային ժողովը իրեն իրավունք է վերապահում միջազգային հանրությանը ներկայացնել Ղարաբաղում տեղի ունեցած հայահալած փաստերը, այդ թվումՙ 1992 թ. Մարաղայի սպանդը, նույն թվականի հունիսի 13-ից սկսածՙ Շահումյանի շրջանի ու Մարտակերտի շրջանի մի մասի բռնազավթումը եւ դրա հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամը: Ամենաառանցքայինը, սակայն, 1991 թ. մայիսի 15-ից մինչեւ տխրահռչակ ԳԿՉՊ-ի տապալումը տեւած «Կոլցո» ռազմագործողության փաստերի ուսումնասիրումն է լինելու: Այս առնչությամբ Վ. Աթանեսյանը հարկ համարեց հիշեցնել, որ «Կոլցոյի» թեմաներով ժամանակին խորհրդարանական լսումներ է կազմակերպել նաեւ Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհուրդը:
Հանձնաժողովի ուսումնասիրությունները բնավ Ադրբեջանից ռազմատուգանք պահանջելու նպատակ չեն հետապնդում, քանզի դա խորհրդարանի իրավասության մեջ չի մտնում: Այս առումով նա դժգոհություն հայտնեց, որ որոշ լրատվամիջոցներ հանձնաժողովի բնույթն ու նպատակները ճիշտ չեն մեկնաբանումՙ նշելով, թե իբր ժամանակավոր հանձնաժողովը նյութեր է հավաքումՙ ռազմագործողությունների հետեւանքով ԼՂՀ-ին պատճառած նյութական վնասները Ադրբեջանից պահանջելու նպատակադրությամբ:
Իր մասնավոր կարծիքը հայտնելով, Վ. Աթանեսյանը միաժամանակ ասաց, որ իրենք պարտավոր են միջազգային հանրությանը ներկայացնել նաեւ Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂՀ ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիների դեմ գործադրված բռնությունների ու նրանց առ այսօր որպես երկրորդ կարգի «քաղաքացիներ» Ադրբեջանում իրենց կամքին հակառակ պահելու փաստերը: Խորհրդարանականի պարզաբանմամբՙ խոսքը վերաբերում է 1990-1991 թթ. ԼՂՀ ադրբեջանաբնակ գյուղերից խաղաղ բնակչության զանգվածային տարհանմանը, որի փոխարեն Բաքուն ուղարկում էր ոստիկանության հատուկ ջոկատներ, ահաբեկիչներ ու Ադրբեջանի նախագահի հրամանագրով, այդ նպատակով բանտերից ազատված կրկնահանցագործներ: Վ. Աթանեսյանի հավաստմամբՙ իրենց տրամադրության տակ պահվում են ասվածը հաստատող տեսագրություններ եւ այլ նյութեր:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ