Փետրվարի 28-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր: Անմեղ զոհերին հարգանքի տուրք մատուցելու համար այսօր առավոտյան ժամը 11-ին ՀՀ նախագահը եւ մի խումբ մտավորականներ կբարձրանան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ ժամը 13-ին հանրահավաք տեղի կունենա Հանրապետության հրապարակում: Հանրահավաքին մասնակցելու են մեծ թվով մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, բուհերից երթով հրապարակ են հասնելու հազարավոր ուսանողներ:
Հանրահավաքի վերջում բոլոր մասնակիցները հաստատելու են հակահայկական քաղաքականությունը եւ հայերի հանդեպ իրականացվող ոճրագործությունները դատապարտող փաստաթուղթ, որը ուղարկելու են Հայաստանում գործող բոլոր դեսպանատներին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին, ՄԱԿ-ին եւ միջազգային այլ կազմակերպություններին:
Նշենք, որ երեկ ՀՅԴ Արցախի երիտասարդական եւ «Արա Մանուկյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ Արցախում գործող երիտասարդական կազմակերպությունների անունից սումգայիթյան բարբարոսությունները դատապարտող դիմում-պահանջագիր է ներկայացվել ԵՄ ղարաբաղյան խնդրի կարգավորման եռանախագահող երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին:
Թ. Մ.