«Իրական խաղաղությունը մի պահ մեզ չափազանց մոտ է թվում, իսկ մեկ այլ պահՙ խիստ անհասանելի», Երուսաղեմի պատրիարք Թորգոմ արք Մանուկյանի այս խոսքերի մեջբերումով է սկսվում «Միրոր սփեքթեյթր» թերթի փետրվարի 11-ի համարում տպագրված Երուսաղեմի հայերի մասին ծավալուն հոդվածը: Իսրայելի քաղաքական ամեն մի փոփոխություն բերում է արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման նոր հույսեր, որոնք սակայն արագորեն անէանում են ճակատագրի նոր շրջադարձով: Տարեցտարի հայկական թաղամասի բնակիչների կյանքն անցնում է լավի սպասումով. «Մենք երբեք չգիտենք, թե որտեղ ենք: Բայց մենք դիմանում ենք, մեզանից ոմանք նույնիսկ բարգավաճում են այստեղ», թերթի թղթակցին ասել է բնակիչներից մեկը: Չնայած կյանքի բոլոր վայրիվերումներին, երկրում կատարվող արյունալի դեպքերին, ավերումներին, Երուսաղեմի հայերը շարունակում են վառ պահել կյանքի կրակը: Հոդվածագիրն ընդգծում է պատմության ընթացքում հայերի հավատն անկոտրում պահելու ու գոյապայքարի առջեւում լինելու հայ եկեղեցու անուրանալի դերը, այս առումով չափազանց կարեւորելով նաեւ Թորգոմ պատրիարքի 15-ամյա գործունեությունը: Նրա միակ փափագն իր կենդանության օրոք Երուսաղեմում խաղաղության վերադարձը տեսնելն է: Այս տարի, Ծննդյան տոների կեսգիշերային մաղթանքներում նա նշել է, որ թե՛ Բեթղեհեմում, թե՛ Երուսաղեմում ամենից ուժգին հնչում է խաղաղության կոչը, միասին ներդաշնակ ու խաղաղ կյանքով ապրելու համար հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու ցանկություն է պետք, նաեւ փոխըմբռնում, գթասրտություն, ամենքի իրավունքներն ընդունելու պատրաստակամություն:
Պատրիարքին առանձնապես մտահոգում է երիտասարդ սերնդին Երուսաղեմում ուժեղ տեսնելու, հայկական թաղամասին ամուր տեր կանգնելու խնդիրը, որովհետեւ հայկական թաղամասը պահպանել իմացող ավագ սերնդին փոխարինելու եկած նոր սերնդի հայացքն այսօր ուղղված է դեպի դուրս: Պատրիարքի համար դա սրտակեղեք ողբերգություն է, իսկ Հայոց ցեղասպանության վերապրողի զավակի կարծիքով երիտասարդները հիասթափված են, որովհետեւ նրանց աչքերի առջեւ հանդուգն խոստումները երբեւէ չեն իրականացել: Այդպես տարիները սահում են, եւ երիտասարդները սպասում են իրենց բախտը տնօրինելու հնարավորությանը: Նրանց համար Երուսաղեմում ոչ մի ապագա չկա, դրա համար էլ դիպլոմ ստանալուն պես հեռանում են Մ. Նահանգներ, Կանադա, Ավստրալիա: Երուսաղեմից երիտասարդների նկատելի հոսքը կանխելու ու վիճակը շտկելու նպատակով պատրիարքը նրանցից շատերին հնարավորություն է տվել աշխատելու հենց պատրիարքարանում: Վերջերս բացվել է նոր վերանորոգված Գյուլբենկյան Մատենադարանը, որտեղ պահվում են եզակի ու արժեքավոր մեծաքանակ ձեռագրեր: Դրանց թվում է Ամստերդամում տպագրված առաջին հայերեն ավետարանը: Աշխատանք գտնելու դժվարությունը հաղթահարելու համար ծրագրվում է հայկական թաղամասում կառուցել հյուրանոց, տարեցների տուն եւ այլ շինություններ:
«Մնացածը մենք պետք է անենք: Շուրջ 1600 տարի Հին քաղաքի հայկական փոքր թաղամասը անբարենպաստ պայմաններում շարունակել է գոյատեւել ու նույնիսկ բարգավաճելՙ դիմանալով դարերի բերած բոլոր խառնակություններին, ավերումներին ու տեղաշարժերին: Մենք կշարունակենք դիմանալ անսասան», ասել է մի երուսաղեմցի:
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ