«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2006-02-24 | #35, 2006-02-25 | #36, 2006-02-28


ՎՐԱՍՏԱՆԸ 15 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՊԱՀԱՆՋԻ՞ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ

Սաակաշվիլին Ռուսաստանին խոհեմ քայլեր անելու կոչ է անում

Իրավամբ եւ փաստացի դժվար է միանշանակ բացատրել, ներկայացնել կամ առհասարակ խոսել ռուս-վրացական հարաբերությունների ներկա զարգացումների մասին: Մի կողմից, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Վրաստանը փոխադարձ «ջերմ» հայտարարություններ են անում, մյուս կողմիցՙ հետաքրքրական հայտարարություններ են արվում խաղաղ ճանապարհով կարգավորելու ոչ միայն հարավ-օսական եւ ադրբեջանական հակամարտությունները, այլեւ ռուս-վրացական հարաբերություններն ընդհանրապես:

Դեռեւս վերջերս Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ամենայն հստակությամբ հայտարարում է, թե Վրաստանը պատրաստ է հակազդելու թշնամուն, պատրաստ է 20 հազարանոց բանակով եւ լրիվ սպառազինությամբ: Վրաստանի նախագահը «Էխո Մոսկվիին» տված հարցազրույցում նշում է բնավ էլ ոչ նմանօրինակ մտքեր: Անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանն ու ռազմական բազաների հնարավոր տեղակայմանը Վրաստանում, Սաակաշվիլին նշել է, որ Վրաստանի սահմանների ամբողջականությունը երաշխավորվում է միջազգային իրավունքով, եւ ՆԱՏՕ մուտքը պարտադիր չէ, որ լինի հակամարտությունների կոնֆրոնտացիոն տարբերակով: Եվ քանի որ Վրաստանի համար խնդրո առարկա երկու հակամարտությունների առնչությամբ խնդիրները կապված են Ռուսաստանի ներկայության ու շահի հետ, ուստի, Սաակաշվիլու կարծիքով, Ռուսաստանը ներկա դրությամբ կարող է օգտագործել ներկա հնարավորությունը, վերադարձնել Վրաստանը որպես ամբողջական եւ բարեկամ երկիր, կամ անխոհեմ քայլերով հետ հրել Վրաստանին: «Ես չեմ ցանկանում լինել այն նախագահը, որի օրոք Ռուսաստանը վերջնականապես իրենից հեռու կհրի Վրաստանին», հայտարարել է Սաակաշվիլին:

Այն ժամանակ, երբ վրացական կողմը խոսում է տվյալ դիրքերից, հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի հասարակական հարցման արդյունքների փետրվարի 26-ի հրապարակմամբ 1600 հարցվածներից ռուս-վրացական հարաբերությունները դրական գնահատողների թիվը 21 տոկոսից կրճատվել է 13-ի, մեծացել է այդ հարաբերությունները թշնամական որակողների թիվը, 6-իցՙ 18 տոկոսի:

Հետաքրքրական է, որ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հակամարտություններում Ռուսաստանի դերակատարման առնչությամբ հարցվածների 40-41 տոկոսը գտնում է, որ Ռուսաստանը պետք է չեզոք մնա եւ չխառնվի, 38 տոկոսը ճիշտ է համարում ինքնահռչակ պետությունների կողքին լինելու տարբերակը:

Տեսակետների նման ծայրահեղությունը հատուկ չէ միայն Ռուսաստանին: Վրաստանում էլ, օրինակ, խորհրդարանի, իսկ ավելի ճիշտՙ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի մակարդակով թերեւս 15 մլրդ դոլար վնասի հատուցում պահանջվի Ռուսաստանիցՙ վերջինիս կողմից Աբխազիայի եւ Ցխինվալիի շրջանում հակամարտությունների տարիներին հասցված տնտեսական վնասի համար: Ընդ որում, վրաց խորհրդարանական որոշ ներկայացուցիչների կարծիքով, հիշատակված թիվը բնավ էլ վերջնական չէ:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4