Մոսկվան եւ Թեհրանը համաձայնության են եկել, որպեսզի Ռուսաստանի տարածքում ստեղծվի իրանական ատոմային ծրագրի համար նախատեսված ուրանի հարստացման համատեղ ձեռնարկություն: «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ Թեհրանում բանակցելուց հետո այդ մասին հայտարարել է Իրանի փոխնախարար Ղուլամ Ռզա Աղազադեն:
Նրա խոսքերով, երկօրյա բանակցություններն ավարտվել են հաջողությամբ, եւ մոտ ժամանակներս Մոսկվայում կանցկացվեն երկկողմ խորհրդատվություններ: Մնում է լրամշակել ձեռք բերված սկզբունքային համաձայնության մանրամասնությունները:
Ռուսաստանը ձգտում է, որ ուրանի հարստացումը եւ իրանական ատոմակայանների վառելիքի հարստացումը տեղի ունենան բացառապես իր տարածքում: ՄԱԿ-ը դա համարում է իրանական միջուկային ծրագրի զարգացման միակ ընդունելի տարբերակը:
Սակայն Թեհրանը կուզենար միջուկային հետազոտություններ անցկացնել սեփական տարածքում: Այդ պատճառով էլ ձեռք բերված երկկողմ համաձայնությունը համարում է անբավարար, նշում է BBC-ն:
Սերգեյ Կիրիենկոն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը մարտի 6-ին ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում կպնդի, որ Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծվի ՄԱԳԱՏԷ-ի շրջանակներում:
ՌԻԱ գործակալությանը տված հարցազրույցում Կիրիենկոն հավաստիացրել է, որ ռուսական կողմը ժամանակին միջուկային վառելիք կմատակարարի Բուշեհրի ատոմակայանի գործարկումն ապահովելու համար: Իրանական այդ ԱԷԿ-ի առաջին բլոկը կառուցվում է Ռուսաստանի մասնակցությամբ: Կնքված է 1 մլրդ դոլարանոց պայմանագիր: Բուշեհրում աշխատում են 3700 ռուսաստանցիներ:
Աղազադեն Ռուսաստանին առաջարկել է մասնակցել ԱԷԿ-ի եւս երկու բլոկների շինարարության մրցույթին:
Պ. Ք.