«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2006-02-24 | #35, 2006-02-25 | #36, 2006-02-28


ՊՐՈՖ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԳԻՐՔԸ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՏԵՂ ՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԼՈՒՅՍ ՏԵՍԱԾ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

Դա ճանապարհ կհարթի հայաստանյան այլ հեղինակների համանման աշխատությունների թուրքերեն հրատարակման համար

«Ազգը» դեկտեմբերի 24-ի համարում «Ստամբուլում լույս է տեսել Վահագն Տատրյանի հոդվածների ժողովածուն» խորագրով կարծիք էր հայտնել, որ դա յուրահատուկ մարտահրավեր է Հայոց ցեղասպանության թուրքական պաշտոնական թեզին: Այդ մարտահրավերը առաջին հերթին նետում է Ռագըփ Զարաքոլուի «Բելգե» հրատարակչությունը:

Հայտնի հրապարակախոս, մարդու իրավունքների պաշտպան եւ հրատարակիչ Զարաքոլուն Հայաստանում թե սփյուռքում քաջ հայտնի է հայ հասարակության լայն շրջանակներին: Նրա մարդասիրական գործունեության եւ բացառիկ պատասխանատվության մասին գիտեն նաեւ Արեւմուտքում: Սակայն նա երբեւէ չի արժանացել արեւմտյան շրջանակների այն զգայուն վերաբերմունքին, ինչին, օրինակ, արժանացել են Օրհան Փամուքը, Հրանտ Դինքը: Մինչդեռ միայն 2005 թ. Զարաքոլուի դեմ դատական 7 գործ է հարուցվել եւ դրանք Փամուքի ու Դինքի գործերի պես չեն կարճվել:

Այս հանգամանքը ընդգծում է պրն Զարաքոլուի համակողմանի հասարակական գործունեության անձնուրաց բնույթը եւ ակնհայտ է դարձնում, որ դրա ծավալման գլխավոր սկզբունքը ինքնուրույնությունն է: Այդ սկզբունքը յուրահատուկ էր Ռագըփ Զարաքոլուի հանգուցյալ տիկին Այշե Նուր Զարաքոլուին, եւ դա առավելապես դրսեւորվել էր հայկական խնդիրներում: Ի դեպ, փետրվարի սկզբներին մի խումբ մտավորականներ Մարդու իրավունքների ֆեդերացիայի փոխնախագահ Աքըն Բիրդալի գլխավորությամբ այցելել են Այշե Նուր Զարաքոլուի շիրմին, որպեսզի մահվան 4-րդ տարելիցին հարգեն նրա պայծառ հիշատակը:

Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերի հրատարակումը թուրք հասարակությանը իրազեկելուց բացի, անմեղ զոհերի հիշատակը հարգելու դրսեւորում է նաեւ: Մեր թերթի վերոհիշյալ համարում Վահագն Տատրյանի աշխատությանը անդրադառնալիս միաժամանակ հիշել էինք նաեւ բանասիրական գիտությունների դոկտ. Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանությունը եւ պատմական հիշողությունը» ու պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանություն. Հայասպանություն, պատճառները, նպատակները, հետեւանքները» աշխատությունների մասին, որոնք նույնպես 2005-ին թուրքերեն հրատարակվել էին Ստամբուլում:

Անցյալ տարի Ռագըփ Զարաքոլուի նախաձեռնությամբ «Բելգե» հրատարակչությունը միաժամանակ հրատարակել է Դորա Սաքայանի խմբագրած «Տօքթ. Կարապետ Խաչերեանի օրագիրը. Զմիւռնիական արկածներս 1922-ին» եւ Ժան-Վարուժան Կյուրեղյանի «Հորս ճակատագիրը. Փոքր Ասիայի Գողգոթան» գրքերը, որոնք Հայոց ցեղասպանության սկզբնաղբյուրի նշանակությամբ հուշեր են:

Վերոհիշյալ աշխատություններից, ըստ երեւույթին, պետք է առանձնացնել ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտ, պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի աշխատությունը, այն առումով, որ հեղինակը ուսումնասիրում է Հայոց ցեղասպանության պատճառները, նպատակները եւ հետեւանքները, ընդ որում վերնագիրն ուղղակիորեն արտացոլում է ուսումնասիրության բովանդակությունը: Աշխատությունը կազմված է առաջաբանից, նախաբանից, վերջաբանից եւ 4 գլուխներից, որոնցում պատմաաշխարհագրական ակնարկ է արվում Հայաստանի մասին, տրվում է Արեւմտյան Հայաստանի օսմանյան նվաճումը, ներկայացվում են Հայկական հարցի զարգացման փուլերը եւ Հայոց ցեղասպանությունը:

Գրքի առաջաբանը հատուկ թուրքերեն հրատարակության համար գրել է հեղինակը, որտեղ միանշանակ ընդգծվում է, որ Հայոց ցեղասպանությունը իրագործվել է Արեւմտյան Հայաստանում եւ եղել է պետականորեն ծրագրված, աշխատությունը ուղղված է բոլոր ազնիվ թուրքերին, որպեսզի նրանք ճիշտ ըմբռնեն իրենց պատմության կարեւոր մի ժամանակահատված եւ որոշակի պատկերացում կազմեն 1915 թ. Հայոց ցեղասպանության, դրա պատճառների, ինչպես նաեւ պատասխանատուների մասին:

Պրոֆ. Հովհաննիսյանը միաժամանակ նշում է, որ Հայաստանը թուրքական կառավարությունից ակնկալում է ընդունել 1915 թ. ցեղասպանության փաստը եւ ներողություն խնդրել, այս ակնկալիքը անմեղ զոհերի ժառանգների իրավունքն է: Աշխատության մեջ հեղինակը, ցույց տալու համար Հայոց ցեղասպանության ընդունումը ամերիկացի եւ եվրոպացի գիտնականների քրիստոնեական համերաշխությամբ պայմանավորելու սնանկությունը, ինչ արվում է Թուրքիայում, անդրադառնում Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում եւ Իրաքում գործող ժամանակակից արաբ պատմաբանների աշխատություններին:

Կարծում ենք` Նիկոլայ Հովհաննիսյանի աշխատության թուրքերեն հրատարակումը Թուրքիայում ճանապարհ կհարթի հայաստանյան այլ հեղինակների Հայոց ցեղասպանությանը նվիրված աշխատությունների հրատարակման համար, ինչպես «Հայոց ցեղասպանություն» կապիտալ աշխատությամբ դեռեւս 60-ական թթ. կեսերին Խորհրդային Հայաստանում մյուս գիտնականների համար հարթել էր ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանը եւ դրել Մեծ եղեռնի գիտական ուսումնասիրության հիմքերը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4