«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2006-02-24 | #35, 2006-02-25 | #36, 2006-02-28


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՉՀԱՋՈՂՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԼԱՎ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է

Ինչպե՞ս են Հայաստանում լուսաբանվել սահմանադրական հանրաքվեն կամ առհասարակ մյուս ընտրությունները, որքանո՞վ է ԶԼՄ-ների աշխատանքը նպաստել հասարակության ճիշտ ընտրություն կատարելուն, ի՞նչ դասեր ենք քաղել նախկին ընտրությունների լուսաբանումից եւ որո՞նք են լրատվամիջոցների անելիքները գալիք ընտրություններում: «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի ֆինանսավորմամբ փետրվարի 24-26-ը Գյումրիում Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) կազմակերպած սեմինարի շրջանակներում ակումբի ղեկավարներն ու փորձագետները, մայրաքաղաքային եւ մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչները փորձում էին պատասխանել հենց այս հարցերին:

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը համոզված է, որ 2007 թ. նախագահական եւ առհասարակ բոլոր ընտրություններին պետք է նախապատրաստվել ոչ թե մի քանի ամիս առաջ, այլ ավելի վաղ` հիշյալ գործընթացում հասարակությանը հնարավորինս ճիշտ կողմնորոշելու համար: Այդ իմաստով, ինչպես նշում էին սեմինարի մասնակիցները, լրատվամիջոցները բավական անելիք ունեն` մանավանդ որ մենք ունենք սահմանադրական հանրաքվեի դառը փորձը: ԵՄԱ մոնիտորինգի խմբի ղեկավար Էլինա Պողոսբեկյանը եւս մեկ անգամ ներկայացնելով հանրաքվեի նախընթաց շրջանում իրենց մոնիտորինգի արդյունքները (ավելի վաղ արդեն ներկայացվել է հասարակությանը) հավաստեց, որ ԶԼՄ-ներն այդ շրջանում հիմնականում չեն կարողացել պահպանել հավասարակշռությունը, բազմակարծությունը, խոր վերլուծությունները: Իսկ խոր վերլուծությունների եւ լրագրողական գործունեության մյուս բացերի պատճառները շատ էին` մի կողմից օրենսդրական դաշտի անկատարությունը կամ լրագրողների անտեղյակությունը, մյուս կողմից էլ քաղաքական ազդեցություններն ու լրագրողական ցածր պատրաստվածությունը: ԵՄԱ փորձագետ Մեսրոպ Հարությունյանը «Հանրաքվեների եւ ընտրությունների լուսաբանման օրենսդրական կարգավորումը» զեկույցում ընդգծեց, որ ընտրական օրենսգրքում ամրագրված փոփոխությունները քիչ թե շատ լավ հնարավորություններ են ընձեռում, թեեւ փորձագետը նշեց, որ դրանց կիրառելիության լավ կամ վատ աստիճանը կարելի է տեսնել միայն ընտրությունների ժամանակ: Իսկ սահմանադրական հանրաքվեի ժամանակ լրագրողների ոչ արդյունավետ աշխատանքին անդրադարձավ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Գեղամ Մանուկյանը: Նա հատկապես կանգ առավ քաղաքական բանավեճեր չկազմակերպելու հարցի վրա, որի պատճառներն, ըստ նրա, քաղաքական հարցի թեմայի եւ բանավեճի կուլտուրայի պակասն է, լրագրողների քիչ պատրաստվածությունը (օրինակ` շատ քչերն էին սահմանադրական փոփոխությունները կարդացել մինչեւ վերջ), քաղաքական ազդեցությունն ու ճահճացած վիճակը:

Ինչեւէ, առջեւում նոր ընտրություններն են, եւ դրանում հասարակությանը հնարավորինս ճիշտ կողմնորոշելուն են ուղղված ԵՄԱ-ի նոր նախաձեռնությունները: Այսօրվանից «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ ամսական 3 անգամ եթեր կհեռարձակվի «Մամուլի ակումբ +» հաղորդումը` քաղաքական ուժերի, փորձագետների եւ լրագրողների մասնակցությամբ: Իսկ ամսվա վերջին շաբաթը եթերում կլինի ժամանակին Հ2-ով հեռարձակվող հաղորդումը` նույն ձեւաչափով` միայն լրագրողների մասնակցությամբ: «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ հիշյալ նախաձեռնությունները սկզբունքորեն չեն փոխի մեր լսարանին առաջարկվող եթերը, բայց կփորձեն օբյեկտիվորեն ներկայացնել երկրի առջեւ ծառացած խնդիրները` քաղաքական ուժերի, ՀԿ-ների եւ լրագրողների միջոցով փորձելով ստանալ հնարավոր մոտեցումներն ու լուծումները:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4