Տեղակալի ընտրություններ փոխզիջումով
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրություններից 10 օր անց լրագրողների հետ հանդիպելու խոստումն ԱԺ պատգամավոր, օմբուդսմենի նախկին թեկնածու Հրանտ Խաչատրյանը երեկ կատարեց ու հայտարարեց, որ քաղաքական դաշտ է մտնում նոր լիցքով ու ի տարբերություն մյուսներիՙ փափուկ վայրէջքով: Ասուլիսի հիմնական նպատակը կոալիցիային առաջարկներ ներկայացնելն էր: Իսկ առաջարկները զանգվածային լեգիտիմության եւ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտում մարդասիրության դեֆիցիտի պակասեցմանն են ուղղվածՙ ըստ հեղինակի: Հրանտ Խաչատրյանն առաջարկում է ՄԻՊ տեղակալ ընտրել փոխզիջումային տարբերակով, ինչը նաեւ երկրորդ հնարավորություն է ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունները որակական փոփոխության ենթարկելու եւ նոր մակարդակ տեղափոխելու: ՄԻՊ նախկին թեկնածուն կարող է առնվազն 15 անձի թեկնածություն առաջադրել, բայց երեկ բարձրաձայնեց երկուսի անուններըՙ Արտակ Զեյնալյան, Ավետիք Իշխանյան: Նա շեշտեց, որ վերջիններիս հասարակական կարծիքը կարող է համոզել իրենց թեկնածությունը ՄԻՊ տեղակալի պաշտոնին առաջադրելու: Երկրորդ առաջարկը ՄԻՊ ընտրություններում պարտադրանքի լինելիությունը ստուգող հանձնաժողով ստեղծելու մասին էր: Խաչատրյանի կարծիքով ՄԻՊ ընտրությունը ունեցել է երեք փուլՙ հակադրություն կամ կոնֆլիկտ, ռոմանտիկ երկխոսություն կամ ռոմանս, դարձ ի շրջանս յուր կամ էպիլոգ: Երրորդ փուլում ամեն ինչ վերջացած էր, երկրորդումՙ քննարկումներ էին ծավալվել, առաջինում Ռուբեն Թորոսյանի եւ Արմեն Հարությունյանի թեկնածություններն էին առաջադրված:
Այս երկու առաջարկները կոալիցիայի չորս թեւերիՙ այսինքն նաեւ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ կոալիցիայի խորհրդի նիստում քննարկելու առաջարկ արեց Հրանտ Խաչատրյանըՙ դրանում տեսնելով նաեւ իր մասնակցությունը:
Առաջարկներն «Արդարության» հետ չեն քննարկվել ու դեռեւս միայն Հրանտ Խաչատրյանինն են:
Ն. Պ.