«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2006-02-24 | #35, 2006-02-25 | #36, 2006-02-28


ԱԼԵՔՍ ՇՈՒԲԱԹ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ ԿԱ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՌՈՒՄՈՎ»

Virage Logic ընկերությունը Հայաստանում արդեն աշխատում է մոտ 7 տարի, իսկ ընդհանրապես աշխարհում գործում է գրեթե 10 տարի: Virage Logic-ը հանրային ընկերություն է 2000 թվականից, ընդհանուր առմամբ ունի 400 աշխատակից, Հայաստանում` մոտ 100, տարեկան շրջանառությունը 60 մլն դոլար է:

Ընկերությունը արտադրում է հեղինակային իրավունքով օժտված այսպես կոչված կիսահաղորդչային ինտելեկտուալ սեփականություն (Semiconductor Intellectual Property) մեկ սիլիցիումային (սիլիկոնային) բյուրեղի մեջ պարունակվող բարդ էլեկտրոնային համակարգերի հիշողության տարրերի համար: Virage Logic ընկերության կիսահաղորդչային ինտելեկտուալ սեփականությունը կազմված է բարդ էլեկտրոնային համակարգերի նախագծված հիշողության տարրերից («ներդրված հիշողություններ»), հիշողության կոմպիլյատորներ կոչվող ծրագրային միջոցներից (որոնք թույլ են տալիս նշված համակարգերի նախագծողներին սահմանել տարբեր ձեւերի եւ չափերի հիշողություններ մեկ սիլիցիումային բյուրեղի վրա), ծրագրային գործիքներից: Virage Logic-ը նաեւ ապահովում է պատվիրված հիշողության նախագծման ծառայություններ:

Վերջերս Հայաստանում էր ընկերության հիմնադիր, փոխնախագահ Ալեքս Շուբաթը: «Ազգի» հետ զրույցում պրն Շուբաթը տեղեկացրեց, որ բազմիցս եղել է Հայաստանում եւ ներկա դրությամբ իրենց գործունեությունը հաջող է համարում: «Virage Logic-ի հիմնադրման սկզբից մենք որոշեցինք դուրս գալ օֆշորային գոտի, մարդկանց հավաքագրել: Առաջինը մասնաճյուղ բացեցինք Հնդկաստանում, այնուհետեւ եկանք նաեւ Հայաստան` ստեղծելով երկու միջազգային մասնաճյուղեր», նշեց Ալեքս Շուբաթը:

Ընկերության փոխնախագահի խոսքերով, ավելի պարզ ասած, Virage Logic-ի արտադրանքը միկրոչիպեր են, Հայաստանում նմանօրինակ արտադրանք տվող այլ ընկերություն չկա: «Մեր հաճախորդները մեծ մասամբ Միացյալ Նահանգներում են, Ճապոնիայում, Եվրոպայում: Ամեն դեպքում, մենք Հայաստանում ենք ռեսուրսների համար»: Ըստ պրն Շուբաթի, ընկերությունը Հայաստանում գտել է տաղանդավոր եւ լավ կրթություն ստացած մարդկանց, այդ թվում` մեծ փորձ ունեցող գիտնականների նախկին խորհրդային շրջանից եւ նորավարտ մասնագետների:

Թե ինչու է ընկերությունը միջազգային մասնաճյուղ բացել նաեւ Հայաստանում, Ալեքս Շուբաթը պարզ պատասխան տվեց: «Պատմական հիմքեր ունի հարցի պատասխանը: Virage Logic-ը երկու հիմնադիր ունի: Մեկը ես եմ, մյուսը` Ադամ Կապլանյանը, որը հայ է: Մենք նրա միջոցով որոշ մարդկանց գիտեինք այստեղ` Հայաստանում, դրա համար էլ հարաբերություններ հիմնեցինք: Ամեն դեպքում, մենք մասնաճյուղեր բացելու առումով տարբեր տեղեր ենք քննարկել, եւ միջազգային մասնաճյուղ առաջինը բացեցինք Հնդկաստանում: Մենք շատ տպավորված էինք Հայաստանի ներուժով, դրա համար էլ սկսեցինք աշխատել նաեւ այստեղ»:

Ինչ վերաբերում է տարածված այն բացատրությանը, թե բարձր տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունները Հայաստան են գալիս հիմնականում մարդկային ռեսուրսների էժանության պատճառով եւ դրա հետ մեկտեղ կադրերի որակավորման մասին հիմնականում միջին գնահատական են տալիս, ապա, Ալեքս Շուբաթի կարծիքով, Հայաստանը ոչ ամենաէժան երկիրն է այդ առումով, միեւնույն ժամանակ, ամենաթանկն էլ չէ: «Հայաստանում աշխատուժի գինը մոտ է մյուս ավանդաբար ռեսուրսային երկրների միջին գնին: Բայց ես վստահ եմ, որ այստեղ լավ տեխնիկական բազա կա եւ լավ ենթակառուցվածք` ռեսուրսների առումով: Մենք ծրագրում ենք հաջորդ տարիներին ավելացնել մեր աշխատակիցների թիվը 100-ից մինչեւ 200 մարդով, կարծում եմ, խնդիր չենք ունենա այդ անելու: Մենք փորձում ենք ազդեցություն ունենալ նաեւ կրթական գործընթացի վրա, առաջարկելով այնպիսի ծրագրեր, որոնք կպատրաստեն համապատասխան մասնագետներ: Ամեն դեպքում եղած մասնագետները բավականին բարձր որակավորում ունեն, ուղղակի միշտ չէ, որ առկա մասնագետները հենց այն ոլորտում են, որն անհրաժեշտ է մեզ: Մենք լավ հարաբերություններ ունենք բուհերի հետ, ֆինանսավորում ենք որոշ թվով ուսանողների ուսումնական պրակտիկան դրսում»:

Հայաստանում ընկերությունը իր գործունեության ընթացքում մի շարք խնդիրներ է լուծել: Virage Logic-ը սկզբում վարձակալում էր իր գրասենյակը, բայց աճելուն զուգընթաց պետք էր ավելի մեծ տարածք: Որոշեցին գնել նոր շենք, գնեցին կիսավարտ եւ ավարտեցին: «Դա այնքան էլ ընդունված պրակտիկա չէ` շինություն գնելը, հատկապես բարձր տեխնոլոգիաների բիզնեսում շենքերում գումար չեն ներդնում: Այստեղ այդ դեպքը չէ: Ընկերությունները կնախընտրեն նման հարցով չզբաղվել: Ի դեպ, այս կառույցը ավարտելով եւ սեփականատեր դառնալով մենք բավականին տարածք ունենք` նախատեսված մինչեւ 200 աշխատողի համար»:

Virage Logic-ի փոխնախագահը իրենց գործունեության կարեւոր խնդիրներից մեկն է համարում ենթակառուցվածքները, հատկապես հաղորդակցության միջոցների առումով: «Կոմունիկացիոն ենթակառուցվածքը լավը չէ Հայաստանում, հատկապես ինտերնետը, նորմալ արագությամբ կապը այստեղի գրասենյակի եւ Կալիֆոռնիայում գտնվողի միջեւ լուրջ խնդիր է: Մարդիկ միասին նույն նախագծի վրա են աշխատում եւ կարիք ունեն հաղորդակցության, բարձր արագությամբ: Դա այս ոլորտում մենաշնորհի պատճառով մեզ համար ամենամեծ խնդիրն էր, որ նաեւ անսովոր էր, քանի որ Միացյալ Նահանգներում որեւէ մեկը չի հարցնի, թե ինչու է կապն անհրաժեշտ եւ այլն: Մենք ներկայումս այդ հարցը լուծել ենք, դա շատ ծախսատար էր եւ վնասում է ընկերությանը», պարզաբանեց Ալեքս Շուբաթը:

Մեկ այլ խնդիր էլ, Ալեքս Շուբաթի խոսքերով, Հայաստանի իրավական համակարգն է, հեղինակային իրավունքի, պատենտավորման եւ այլնի պաշտպանությունը, ինչը դեռ կատարելագործման կարիք ունի: Եվ նման իրավական համակարգում, պրն Շուբաթի կարծիքով, որեւէ իրավունքի խախտման պարագայում ռիսկային է դառնում մտավոր սեփականության պաշտպանությունը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4