«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2006-02-24 | #35, 2006-02-25 | #36, 2006-02-28


ՄԱՔՍԱՅԻՆՆԵՐԸ ԿՀՐԱԺԱՐՎԵ՞Ն ՈՒՐԻՇԻ ԳՐՊԱՆԸ ՄՏՆԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Համաշխարհային բանկի առաջարկությունները մաքսային մարմիններում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հնարավորություններ են ստեղծում

Այն, որ մաքսային համակարգը Հայաստանի ամենակոռումպացված կառույցներից մեկն է եւ այս առումով լուրջ խոչընդոտներ է ստեղծում մեր տնտեսության համար, մասնավոր խոսակցությունների ժամանակ հաճախ կարելի է լսել ե՛ւ պաշտոնյաներից, ե՛ւ գործարարներից, ե՛ւ պարզապես ֆիզիկական անձանցից, որոնք առիթ են ունեցել գործ ունենալու մաքսային մարմինների աշխատակիցների հետ: Որքան էլ մաքսային կոմիտեի նախագահը կամ մյուս պաշտոնյաները փորձեն ներկայացնել, որ համակարգում բարեփոխումներ են կատարվում, որոնք նվազեցնում են կոռուպցիոն ռիսկերն այստեղ, ոչ պաշտոնական մակարդակով դա չի հաստատվում:

Մաքսազերծման ծախսերի 46 տոկոսը արտահանողների կաշառքն է մաքսային մարմիններին

Մաքսային մարմիններում վարչարարության բարեփոխումների անհրաժեշտությունն ընդգծվում է նաեւ Համաշխարհային բանկի իրականացրած ուսումնասիրության մեջ: Այստեղ բառացիորեն նշվում է, որ «մաքսային մարմիններին համակարգիչներով ապահովելը չի բերել մաքսային ծառայությունների որակի բարելավման ցանկալի արդյունքների, եւ մաքսային ընթացակարգերը դեռ չեն համապատասխանում ԱՀԿ-ի (Առեւտրի համաշխարհային կազմակերպության) թափանցիկության չափանիշներին»: Ավելին, ուսումնասիրության մեջ, փաստորեն, հաստատվում է այն, ինչ խոսվում է ոչ պաշտոնապեսՙ «ոչ թափանցիկ ընթացակարգերը հիմք են տալիս հավատալու գործարարների այն բողոքներին, որ շարունակվում է մաքսային մարմինների կողմից անօրինական վճարների գանձման գործելաոճը»:

Մասնավորապես 2004 թ.-ին գործարարների շրջանում ՀԲ անցկացրած հարցման արդյունքներով, մաքսազերծման ընդհանուր ծախսերի 46 տոկոսը արտահանողների եւ 8 տոկոսը ներմուծողների համար կազմում են կաշառքները: Կցանկանայինք հատկապես ուշադրություն հրավիրել արտահանման ժամանակ գանձվող կաշառքի ահռելի չափի վրա, այն դեպքում, երբ երկրի նախագահն ու վարչապետը անընդհատ հայտարարում են արտահանմանն ամեն կերպ աջակցելու մասին: Պարզվում է, որ նրանց հայտարարություններն ու իրականությունը, մեղմ ասած, այնքան էլ չեն համապատասխանում:

Հաջորդը մաքսազերծման «անհարկի մեծ» ժամանակն է: Այս դեպքում եւս հիմնականում տուժում են արտահանողները: Նրանց ապրանքի մաքսազերծումը տեւում է 7 օր, իսկ ներմուծողներինըՙ գրեթե 5 օր: Վերոնշյալ փաստերը հիմք են տվել Համաշխարհային բանկին եզրակացնելու, որ «մաքսային մարմիններում համակարգիչների տեղադրման ամենաառաջնահերթ դրական արդյունքները, այն էՙ բեռների մաքսազերծման ժամանակի կրճատումը, առեւտրականների կամ միջնորդների վրա դրված փաստաթղթաբանության բեռի կամ բյուրոկրատական քաշքշուկի կրճատումը մինչ այժմ իրողություն չեն դարձել»:

Համաշխարհային բանկն առաջարկում է «սպիտակ ցուցակի» գաղափարը

Մաքսային վարչարարության բարելավման համար, ըստ ՀԲ ուսումնասիրության, հարկ է, որ կառավարությունը կիրառի մաքսազերծման այն ռեժիմը, որն այժմ կիրառվում է ադամանդագործության վրա: Դա թույլ կտա մաքսազերծումն իրականացնել մեկ օրվա ընթացքումՙ որպես հիմք ընդունելով հաշիվ-ապրանքագրերում նշված արժեքը եւ ինքնահայտարարագրումը: Միաժամանակ նշվում է, որ այդ ռեժիմը արտահանվող բոլոր ապրանքների վրա կիրառելը դժվար կլինի: Հետեւաբար առաջարկվում է այդ ռեժիմը կիրառել որոշակի խումբ ընկերությունների համար եւ նրանց ներառել այսպես կոչված «սպիտակ ցուցակում»: Այդ ընկերություններին որոշելը հեշտ կլինի, եթե նրանց ընտրելու գործընթացը եւ չափանիշները լինեն հրապարակային եւ բաց: Օրինակՙ այդ ցուցակում կարող են անմիջականորեն ընդգրկվել ԱՄՆ-ի եւ Եվրոմիության ֆոնդային բորսաներում ցուցակագրված ընկերությունները, որոնք գործում են միջազգային չափանիշներով եւ չեն մտնում ստվերային ոլորտ: Վերոնշյալ ցուցակում կարելի է ընդգրկել նաեւ տեղեկատվության, կապի եւ տեխնոլոգիաների (ՏԿՏ) ոլորտի ընկերությունները, քանի որ նրանց ներմուծած ապրանքները սահմանափակ են, իսկ նրանց ստեղծած արժեքըՙ մեծ: Բացի դրանից, այդ ընկերությունների արտադրանքն, ըստ էության, արտահանվում է առանց մաքսազերծման: ՏԿՏ ոլորտի ընկերություններին «սպիտակ ցուցակում» ընդգրկելը կարեւոր նշանակություն կունենա այս ճյուղի զարգացման եւ գործարար միջավայրի բարելավման համար:

Նշվում է նաեւ, որ «սպիտակ ցուցակը» կիսամյակը կամ տարին մեկ պետք է թարմացվի, պետք է ներդրվեն մեխանիզմներ ցուցակներում չընդ-գրկվածների բողոքներին ընթացք տալու համար: Բացի «սպիտակ ցուցակից», ՀԲ-ն առաջարկում է ստեղծել մաքսային միջնորդների մասնագիտական անկախ միություն, որը պետք է լիազորված լինի լիցենզավորելու եւ ստուգելու իր անդամներին: Մաքսային միջնորդներին մաքսազերծման համակարգչային համակարգը պետք է հասանելի լինի:

Կարեւոր եւ ուշադրության արժանի եզրակացություններից մեկն այն է, որ արտահանման դեպքում մաքսազերծման ընթացակարգերը պետք է պարզեցվեն: «Արտահանվող ապրանքների մաքսազերծումը մեկ հիմնական նպատակ ունիՙ համոզվել, որ առաքվող բեռնաքանակում չկան ապրանքներ, որոնց արտահանումն արգելված է»: Թերեւս այս եզրակացությունը հարկ է, որ մաքսազերծման ծախսերի 46 տոկոսը կաշառքի տեսքով յուրացնող մաքսային մարմիններին ներկայացվող հիմնական պահանջը լինի:

Ըստ ՀԲ եզրակացության, եթե արտահանողը ներկայացնում է Առեւտրի պալատի տված հավաստագիրը, ապա խմբաքանակն անհապաղ պետք է մաքսազերծվի: Այսինքն, հարկ է ժամանակային խիստ սահմանափակում նախատեսել ապրանքների մաքսազերծման համար եւ սահմանված ժամկետն անցնելու դեպքում անհապաղ մաքսազերծել դրանք: Թերեւս ասվածը հստակ է: Սա եւ վերը նշված բոլոր առաջարկություններն արվել են 2004 թ.-ին իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա: Շեշտվել է նաեւ, որ այս բարեփոխումների իրականացման համար մեծ ծախսեր չեն պահանջվում: Սակայն ասել, թե մաքսային ոլորտում այս ուղղությամբ տեղաշարժ է կատարվել, իհարկե չի կարելի:

Մաքսային կոմիտեն անտեղյա՞կ է ՀԲ առաջարկներից

Վերջերս տեղի ունեցած «Արտադրողականություն եւ մրցունակություն» ազգային առաջին սիմպոզիումի ժամանակ մաքսային կոմիտեի մաքսային գործի կատարելագործման բաժնի պետ Գագիկ Քառյանի «Բարեփոխումների գործընթացը մաքսային համակարգում» ելույթում ավելի շատ ընդհանուր հայտարարություններ էին նշված, քան թե կոնկրետ քայլեր, որոնք կբերեին Համաշխարհային բանկի վերոնշյալ ուսումնասիրության մեջ հիշատակված խնդիրների լուծմանը: Կոնկրետ խնդիրներից նշված էին միայն հետբացթողումային արդյունավետ հսկողության իրականացման եւ մաքսային ձեւակերպումների գործընթացում 2005 թ.-ից մաքսային մարմիններում ներդրված ինքնահայտարարագրման համակարգի շրջանակների ընդլայնվելու մասին: Ինչից կարելի էր ենթադրել, որ այդ համակարգը ներդրվել է, բայց, անգամ մաքսային կոմիտեի ներկայացուցչի խոստովանությամբ, դեռ լիարժեք չի գործում:

Մաքսային կոմիտեն ներկայացնող պաշտոնյան բարեփոխումների ընդհանուր ընթացքը «մեծապես» պայմանավորել էր «իրականացվող միջոցառումների» ֆինանսական ապահովվածությամբ, կարծես թե տեղյակ չլինելով ոչ Համաշխարհային բանկի ուսումնասիրությանն ու արդյունքներին, ոչ էլ այն եզրակացությանը, որ բարեփոխումները կարելի է կատարել առանց մեծ ծախսերի:

Ի՞նչ կարելի է եզրակացնել վերոնշյալից: Թեեւ հակված չենք կարծելու, որ Համաշխարհային բանկի ուսումնասիրությունն ու արված բոլոր առաջարկներն անառարկելի ճշմարտություն են, բայց միանշանակ է, որ դրանք նպատակ ունեն նվազեցնելու կոռուպցիան մաքսային մարմիններում եւ նպաստելու մասնավորապես արտահանման խրախուսմանը: Մինչդեռ մաքսային կոմիտեն առանձնապես հակված չէ կամ, լավագույն դեպքում, չի շտապում իրականացնել նշված բարեփոխումները: Գուցե հենց կոռուպցիոն ռիսկի նվազման հավանականությո՞ւնն է հակասում այդ կառույցի աշխատակիցների շահերին: Հավանաբար, դժվար է ուրիշի գրպանը մտնելու սովորությունից հրաժարվելը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4