«Մատուտակ օգտագործեք, մոռացված ու հրաշք դեղաբույսը», ասում է ակադեմիկոս Արարատ Մարտիրոսյանը
«Լոռի» պանրի կատարելագործված տեսակի հեղինակ, տեխնիկական գիտությունների թեկնածու, ակադեմիկոս Արարատ Մարտիրոսյանի համար դեղաբույսերն անսպասելի հափշտակություն դարձան, երբ պանիրների արտադրության մեջ սկսեց օգտագործել նաեւ վայրի բույսեր` ուրց, դաղձ, սոխուկ, ծիտրոն: Գիտական հետաքրքրությունները հակվեցին դեպի նոր հրապուրանքը` բուսական թեյերի պատրաստումը: 5 տեսակի բուսական թեյեր հեղինակեց: Աշխարհում եզակի` մատուտակի արմատներից խտահյութի ու ըմպելիքի արտադրություն ստեղծեց: Մատուտակի բուժական հատկությունները տասնյակ անգամ գերազանցում են ժենշենին, որն առավել հանրահայտ է, որովհետեւ շատ է ուսումնասիրված: Մեծ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին հիացմունքով է նշում մատուտակի մասին` անվանելով «արեւի գեղեցկուհի» եւ «ջահելության արմատ»: Շումերական ժամանակներից մարդիկ օգտագործել են այն, սկզբում միայն իբրեւ առույգացնող միջոց: Հողագործական աշխատանքներ կատարելիս գյուղացիները մատուտակի արմատները գցել են ատամի տակ ու ծամել: Առաջներում մատուտակը եղել է նաեւ թագավորների սիրած ըմպելիքը: Ճանապարհ ընկնելիս անպայման մատուտակի օշարակ են ըմպել` գլխացավն ու հոգնածությունը բացառելու համար: Այժմ մատուտակը հաջողությամբ օգտագործվում է հատկապես բրոնխիալ ասթմայի դեմ, այս առթիվ փորձաքննական ուսումնասիրությունները գերազանց արդյունք տվեցին: Ցավալի է, բայց մատուտակի հրաշագործ հատկությունները բոլորովին մոռացվել են հիմա:
Նրա ըմպելիքն ստացվում է չորացրած արմատներից, որոնք հատուկ տեխնոլոգիայով հյութաքամում են: Մատուտակի 8-10 մետրանոց արմատները հասնում են մինչեւ գրունտային ջրերի խորքերը, կլանում մարդու օրգանիզմի համար օգտակար շատ նյութեր: Առաջատար ինստիտուտների կլինիկական փորձարկումներն ապացուցել են օրգանիզմի վրա մատուտակի ներգործության բարձր արդյունավետությունը: Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում կատարված փորձաքննությունն ապացուցել է, որ մատուտակի արմատներից պատրաստված օշարակով հիվանդ լինդը 5 օր մշակելուց հետո արյունահոսությունն իսպառ դադարում է: Մարդն առույգանում է, մաշկը` երիտասարդանում, գլխուղեղի աշխատանքը բարելավվում, բորբոքային ուռուցքները` արագ ներծծվում: Օրգանիզմը մաքրվում է թույներից ու խարամներից, լավանում մարսողությունը: Անգլիացիները համոզված են, որ բոլոր հիվանդություններն սկսվում են վատ մարսողությունից:
Բնության կանաչ դեղատանն իր ստեղծագործական աշխատանքում գիտնականը հենվում ու փորձում է զարգացնել չինական ու տիբեթյան բժշկության ավանդները, հաճախակի ընթերցում է Ամիրդովլաթ Ամասիացուն:
Արարատ Մարտիրոսյանը տարբեր դեղաբույսերի պլանտացիաներ ունի, նույնիսկ նոր տեսակի դաղձ է ստացել` մայր տարբերակից անհամեմատ ավելի բուրավետ:
«Քիմիական դեղերից ու դեղամիջոցներից մարդ որքան հնարավոր է պետք է հեռու մնա: Առավել եւս մարդասիրական օգնության անվան տակ հանրապետություն մտած դեղորայքից: Անցած տարիներին շատ խոսվեց, եւ այսօր էլ չի բացառվում, որ օգնության անվան տակ դարձյալ Հայաստան են ուղարկում գործածությունից դուրս եկած դեղեր», զգուշացնում է գիտնականը:
Ակադեմիկոս Արարատ Մարտիրոսյանի կանաչ դեղատանն այսօր դեղաբույսերի տարբեր համամասնություններով խտահյութեր ու ըմպելիքներ են, եթերային յուղեր, հատուկ տեխնոլոգիայով պատրաստված խնձորի քացախի 5 տեսակներ, թեյեր, որոնց բաղադրության մեջ բուժական հատկություններով հանրահայտ 16 բուսատեսակներ են` մասուր, լորենու ծաղիկ, ուրց, ծիտրոն, հազարտերեւուկ, ռեհան, երիցուկ եւ այլն: Դրանց հումքը սեփական ցանքերում աճեցված վայրի բույսերն են` էկոլոգիապես մաքուր ու վստահելի: Նաեւ որոշակի վճարով Սեւանա լճի շրջակա բնակավայրերի գյուղացիներն են հավաքում ու բերում:
«Բնությունը ոչ միայն կերակրում է մեզ, այլեւ բուժում», կրկնում է ակադեմիկոսը մանկության տարիներին մորից լսած խոսքը: Գյումրու մերձակա Ջրառատ գյուղում, ուր ծնվել է, մանկությունից հենց այն է տեսել, որ գյուղացիները ոչ միայն սննդի մեջ են օգտագործում վայրի կանաչը, այլեւ հիվանդանալիս դիմում են դրանց: Բժիշկներից շատերն են խոստովանում, որ ոչ մի հիվանդություն, ի վերջո, չի բուժվում: Բժիշկն ունակ է միայն դրա զարգացման ընթացքը դանդաղեցնելու: Բժիշկները չեն ժխտում նաեւ, որ քիմիական դեղերը մի հիվանդության զարգացումը կարող են կասեցնել, բայց անպայման խթանում են նորի զարգացումը: «Հիպոկրատից, Ավիցենայից մինչեւ Ամիրդովլաթն ու մյուս բժշկապետներն օգտագործել ու խորհուրդ են տվել տարբեր հիվանդությունների բուժման համար կիրառել բնությունից շռայլորեն մեզ տրված հարյուրավոր դեղաբույսերը: Ափսոս, որ վերջին 50 տարում բժշկությունն իր բուռն քարոզներով մարդկանց շեղեց բուսական ծագում ունեցող դեղամիջոցներից»:
Մեր նախնիներն ավանդաբար օգտագործել են միայն բնական միջոցներ, եւ գուցե նրանց երկարակեցության հիմքերից մեկը դա է եղել: Այսօր ինչքան հեռանում ենք բնությունից, այնքան հիվանդություններն ավելի սանձարձակ ու անկառավարելի են դառնում, ներկայանում սարսափելի մուտացիաներով, ինչպիսին դարձել է այսօր սովորական գրիպը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ