«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2006-02-24 | #35, 2006-02-25 | #36, 2006-02-28


ԽԱԽՏԵ՞Լ Է «ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԸ «ՎԻՎԱՍԵԼԻ» ՆԿԱՏՄԱՄԲ

Ինչպիսի որոշում կընդունի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը

Առայժմ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը քննարկում է բջջային կապի երկրորդ օպերատոր «Վիվասելի» դիմումը, որ «Արմենտելը» չարաշահում է իր գերիշխող դիրքը եւ ստեղծում անարդար մրցակցություն իր նկատմամբ: Այս մասին հայտնեցին հանձնաժողովի լրատվական ծառայությունից: Մինչ հանձնաժողովը կկայացնի իր որոշումը, փորձենք ներկայացնել, թե ո՞րն է խնդիրը, «Արմենտելը» չարաշահո՞ւմ է գերիշխող դիրքը եւ ի՞նչ հանգուցալուծում կարող է ստանալ հարցը:

Նախ հիշեցնենք, որ վեճի առիթը «Արմենտելի» գրավիչ առաջարկն էր, ըստ որի ընկերությունն իր պայմանագրային քարտի բաժանորդներին տրամադրում է բոնուսՙ 1 րոպեն 2 դրամ սակագնով: Առաջին հայացքից կարծես թե արտասովոր ոչինչ չկա, եւ ընկերությունը կարող է իր բաժանորդներին զանազան գրավիչ առաջարկություններ անել: Սակայն առաջանում են հարցեր, որոնց պատասխանները պետք է տա տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:

Հիմնականը 1 րոպեն 2 դրամ սակագնի տնտեսական հիմնավորվածությունն է: Եթե բջջային կապի նվազագույն սակագինը 11-12 ցենտն է, ապա ինչպես կարող է դրանից 50 անգամ ցածր սակագին սահմանվել: Նշանակում է, որ այդ սակագնի սահմանումը տնտեսապես հիմնավորված չէ, ինչն էլ նշանակում է, որ «Արմենտելն» այդ սակագնից շահույթ չի ակնկալում: Ընդհակառակը, ակնհայտ է, որ ընկերությունը այդ մասով վնաս է կրելու, եւ որ դա արվում է երկրորդ օպերատորի հետ հաջողությամբ մրցակցելու համար: Սակայն այստեղ կա մի խնդիր, որն էլ հավանաբար հիմք է տվել «Վիվասելին» դիմելու հանձնաժողովին: Այդ նույն խնդրի պատճառով երկար ժամանակ այս ընկերությունները չէին կարողանում պայմանավորվել, եւ երկրորդ օպերատորի մուտքը շուկա ձգձգվում էր: Դա փոխկապակցման համար, այսինքնՙ «Արմենտելի» սեփականություն հանդիսացող համակարգի մի հատվածից օգտվելու դիմաց «Վիվասելի» կողմից վճարվող գումարն է: Կողմերն, ի վերջո, համաձայնության եկան, բայց այդ նույն հարցը հերթական անգամ նոր բարդություն է առաջացրել:

«Արմենտելը» գերիշխող դիրք ունի՞ բջջային կապի շուկայում, թե՞ ոչ: Ամենայն հավանականությամբՙ ոչ: Սակայն ակնհայտ է, որ համակարգի այն հատվածներում, որոնցից օգտվում են երկու ընկերություններն էլ, «Արմենտելի» մենաշնորհը կա եւ եթե չլիներ, ապա «Արմենտելը» չէր կարող հիշյալ բոնուսն առաջարկել իր բաժանորդներին: «Վիվասելն» անշուշտ չի կարող նույն կերպ վարվել, քանի որ ստիպված է վճարել նաեւ փոխկապակցման համար: Դա հավելյալ ծախս է նրա համար:

Փաստորեն, հանձնաժողովը «Արմենտելի» նկատմամբ կարող է կիրառել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի «Գերիշխող դիրքի չարաշահումը» հոդվածը: Մասնավորապես հիմք ընդունելով այդ հոդվածի այն ձեւակերպումը, ըստ որի գերիշխող դիրքի չարաշահումն արտահայտվում է «առանձին գործընկերների նկատմամբ խտրական պայմանների կիրառմամբՙ նրանց համար ստեղծելով մրցակցային անհավասար պայմաններ»:

Այդուհանդերձ, չի կարելի պնդել, թե հանձնաժողովը հատկապես այդ որոշումը կընդունի, քանի որ խնդիրն ունի տեխնիկական մանրամասներ, որոնց վերաբերյալ պարզաբանումներ դժբախտաբար չկարողացանք ստանալ ոչ հանձնաժողովից, ոչ «Վիվասելից»: Եթե հանձնաժողովը որոշի, որ «Արմենտելը» գերիշխող դիրքը չարաշահել է, ապա դատելով վերում նշված հանգամանքներից, այդ որոշումը տրամաբանական կդիտարկվի:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4