Աջարիայում սատկած կարապների հայտնաբերման կապակցությամբ «Ազգի» շաբաթօրյա համարում առաջ քաշված թռչնագրիպի վարկածը հաստատվել է: Լաբորատոր տարրալուծումները հաստատել են վտանգավոր H5N1 վիրուսի առկայությունը: Այդ մասին ՌԻԱ գործակալության թղթակցին հայտնել է Վրաստանի գյուղնախարարության անասնաբուժության վարչության պետ Ջամբուլ Մաղլաքիձեն: Նախարարության մեկ ուրիշ ներկայացուցիչ մանրամասնել է, որ թռչնագրիպի վիրուս է հայտնաբերվել երկրի հեռավոր արգելոցներից մեկում սատկած վայրի կարապի արյան մեջ: Երեկ հաղորդումներ ստացվեցին, որ Կուբանի հարավում` Ադըղեում թռչնագրիպի վիրուսով հավեր են վարակվել: Տնտեսություններից մեկում 7 հավ է սատկել: Տնտեսության մնացյալ հավերը ոչնչացվել են, շրջակայքում ախտահանիչ պատնեշ է ստեղծվել: Դաղստանի թռչնաֆաբրիկաներից մեկում վիրուսի պատճառով ոչնչացվելու են բոլոր 150 հազար թռչունները: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գիշերը հաղորդեց, որ Բաքվի մոտակայքում Քիլիազի թռչնաֆաբրիկայում հայտնաբերվել է թռչնագրիպ: