«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2006-02-24 | #35, 2006-02-25 | #36, 2006-02-28


«ԵԹԵ 16 ՀԱԶԱՐ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ՍՏԱՑՈՂՆԵՐԻՑ 160-Ն ԷԼ ԾԻԼ ՏԱ, ՔԻՉ ԲԱՆ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ»

Նշում է բացառիկ «Հայ ջութ» նվագարանի ստեղծող Մանուկ Հարությունյանը

Բնատուր երաժիշտ, հրաշալի եւ բացառիկ Մանուկ Հարությունյանի հետ ծանոթանալու առիթն ունեցանք, երբ հերթական անգամ այցելում էինք վերնիսաժ: Երաժշտական գործիքների եւ տարատեսակ նվագարանների իր բաժինը վերնիսաժում ունեցող Մանուկ Հարությունյանի եւ նրա երաժշտական գործիքների արհեստանոցի մասին գիտեն շատերը, ինչպես ինքն է ասում. «Ինձ մոտ գալիս են երաժշտական դպրոցների երեխաներից մինչեւ կոնսերվատորիայի ուսանողները, իմ ծանոթությունները ձգվում են Երեւանից մինչեւ Լոս Անջելես»: Երաժիշտ Մանուկ Հարությունյանի նման հետաքրքրական եւ բարի մարդկանց ամեն օր չես կարող հանդիպել, բայց նրա պես մարդիկ են հաճախ կազմում եւ լրացնում մեր մշակութային կոլորիտն ու երեւանյան շունչը:

Երաժշտական դպրոցը, ուսումնարանը, ապա եւ կոնսերվատորիայի թավջութակի բաժինն ավարտած Մանուկ Հարությունյանը հմտորեն նվագում է 17-ից ավելի երաժշտական գործիքներ, ինչպես նաեւ ինքնուրույն պատրաստում եւ վերանորոգում է բազմատեսակ նվագարաններ (իր խոսքերով, ավելի շատ վերանորոգում է, քան նորերը պատրաստում, որովհետեւ «հիվանդ գործիքներն» ավելի շատ են): Երաժշտական բնագավառում նրա զարմանալի գիտելիքներն ու օժտվածությունը երկար պատմություն ունեն: Ինչպես Մանուկն է պատմում, դեռ ուսումնառության տարիներին հետաքրքրվում էր ազգային նվագարաններով. «Ուսումնասիրում էի հայ հնագույն շարականները, տաղերը, մեր ակունքները, որից սնվել է ամբողջ Եվրոպան: Կյանքում լինում են պահեր, երբ ամեն անձ Աստծուց մի յուրահատուկ նվեր է ստանում, ես էլ սիրեցի հայկական երաժշտությունը»: «Շարական» համույթում աշխատելու տարիներին, որի հիմնադիրներից է դիրիժոր, երգահան Գրիգոր Դանիելյանը (Դանիել Երաժիշտը), թավջութակահարը ծանոթանում եւ տիրապետում է նաեւ լարային եւ հարվածային գործիքներին: «Դրանից հետո, երբ ժողգործիքների պետական նվագախմբում (ղեկավար, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյան) նոր էր ստեղծվել քեմանի, բամբիռների նվագարանների ընտանիքը, ես հրավիրվեցի այդտեղ աշխատելու եւ նվագելու այդ նվագարանների վրա: Շնորհիվ այդ նվագարանների ես մխրճվեցի մեր ազգային նվագարանների եւ երաժշտության հոգեպարար մեղեդիների հարուստ աշխարհ», ուրախությամբ հիշում է Մանուկը, որի կյանքում մեծ դեր են խաղացել հանրապետության տարբեր շրջաններում ելույթներով հանդես գալը: «Այդ ելույթների շնորհիվ ես կարողացա խորը ծանոթանալ մեր ժողովրդին եւ դրա համար կարողանում եմ հասկանալ մաքուր գյուղացուն եւ վատ քաղաքացուն», կատակում է երաժիշտ Մանուկը:

Աշխարհի բազմաթիվ երկրներում եղած մեր զրուցակիցը մի ժամանակ աշխատել է Փարիզում` իր ղեկավարած նվագախմբում դասավանդելով շվի, կոնտրաբաս եւ այլ գործիքներ: Իսկ այժմ աշխատում է կոնսերվատորիայում եւ իր հանապազօրյա հացը վաստակում վերնիսաժի հարեւանությամբ գտնվող իր արհեստանոցում: Փոքր, անհարմար պայմաններում գտնվող արհեստանոցը կարելի է կոչել նաեւ արվեստանոց, որովհետեւ Մանուկն այնտեղ ոչ միայն երաժշտական գործիքներ է վերանորոգում, այլեւ շփվում է երաժշտական աշխարհի անվանի մարդկանց հետ, ուսանողների եւ աշակերտների հետ զրուցում մասնագիտությունից, մերթ ընդ մերթ նվագում եւ հիշում, թե ինչպես են աշխարհի շատ ու շատ մարդիկ հիացել իր երաժշտությամբ: Մանուկի խոսքերով, իր արհեստանոցը ստեղծվել է «չափից ավելի լավ տարիներին, երբ հնարավոր չէր ապրել», բայց ոչինչ` հավատը մեծ է, հիշողությունները շատ, իսկ ջերմությունն էլ երբեք չի պակասում: Բազմաթիվ շվիներով, դուդուկներով, ջութակներով, սաքսոֆոններով, թառերով, լարերով եւ երաժշտական այլ պարագաներով լեցուն արհեստանոցը բավարարում է բոլոր այցելուների պահանջները: Իսկ հաճախ էլ նրան հյուր են գալիս ընկերները, որոնցից մեկը` վաստակավոր սաքսոֆոնահար Էդվարդ Բախչինյանը, հաճույքով դարձավ մեր զրուցընկերը:

Երկար տարիներ` մինչեւ 90 թ. նա աշխատել է ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբում` որպես սաքսոֆոնների կոնցերտմայստեր եւ առաջին ալտ: Ռոզի Արմենի եւ Մարտեն Յորգանցի հետ աշխատած սաքսոֆոնահարը հետագայում ստեղծագործել է Հունգարիայի հանրապետական ռադիոյի ջազային նվագախմբում, իսկ այժմ անցել է վաստակած թոշակի եւ հպարտությամբ հիշում է աշխարհի տարբեր ծայրերում աշխատող իր աշակերտներին: Մանուկին իր հասուն տարիքում ձեռք բերած ընկեր համարող սաքսոֆոնահարը հաճախ է լինում ընկերոջ մոտ, խոսում են երկար եւ հիանում: «Մանուկը զարմանալի մարդ է, նրա մոտ գալիս են տարբեր տեսակի մարդիկ, եւ ես զարմանում եմ, թե նա ինչպես է կարողանում բոլորի հետ լեզու գտնել: Բարձր ինտելեկտ ունի, բոլորի հետ խոսում է գրական հայերենով եւ միայն նրա շնորհիվ է, որ այստեղ այսպիսի ջերմ մթնոլորտ է», անընդմեջ նշում էր Էդվարդ Բախչինյանը:

Որ այս տարիներին մեր մշակույթը դոփել է տեղում կարծիքին սաքսոֆոնահարը հակադարձում է. «Էստեղ հիանալի սերունդ է մեծացել: Զարմանալի է, թե այս դժվար, մութ ու սոված տարիները ինչպես բերեցին տաղանդավոր երաժիշտների մի սերունդ»: Այս կարծիքը պաշտպանում է նաեւ Մանուկը` սրտացավորեն նշելով, որ մեզ իսկական հովանավորներ են պետք եւ ոչ թե զուտ բիզնեսի: Նա համոզված է, որ պետք է ազգային քաղաքականությունը եւ մտածողությունը ակտիվացնել եւ դնել ամուր հիմքերի վրա, որի դեպքում միայն մեր չափից ավելի տաղանդավոր սերունդը կարող է մեզ աշխարհին ներկայացնել արժանի ձեւով: Բայց ինչի մասին է խոսքը, երբ Մանուկի օգտակար եւ մարդկային ցանկությանն անգամ պետական այրերը չեն ընդառաջում: «Իմ մեծագույն ցանկությունը ազգային փոքրիկ թանգարան ունենալն է, ուր իրենց տեղը կգտնեն պատմություն ունեցող մեր ազգային նվագարանները, որոնք մեծ դեր ունեն մեր մշակույթի զարգացման մեջ», մի պահ տխրելով ընդգծեց Մանուկը: Այսքանն էլ քիչ է, դեռ մտահոգություն կա, որ կարող է արհեստանոցը կառուցվող էլիտար շենքերի զոհը դառնալ:

Բայց Մանուկը բարեհոգի է եւ մտածում է միայն լուսավորի մասին: Իր գործունեության տարիներին նա 16 հազարից ավելի շվիներ, դուդուկներ եւ այլ երաժշտական գործիքներ է նվիրել երեխաներին: «Ես կարծում եմ, որ դա սկզբունքի հարց է, ես ավելի շատ սիրում եմ տալ, քան ստանալ: Բացի այդ, եթե այդ 16 հազարից գոնե 160-նն էլ ծիլ տա, քիչ չէ Հայաստանի համար», նշում է մեր զրուցակիցը:

Արգասաբեր է եղել Մանուկի համար հանդիպումը թավջութակահար Հրանտ Շտիկյանի հետ, որի արդյունքում իր իսկ ձեռքերով նա ստեղծեց «Հայ ջութ» նվագարանը եւ որը երաժշտին տալիս է արտահայտվելու մեծ հնարավորություն` միջնադարյան տաղերից մինչեւ Կոմիտասի եւ Սայաթ-Նովայի գեղեցիկ գործերը: Վիոլաների մեծ ընտանիքի գործիքները` վիոլան, վիոլա դը ամուտը, վիոլա դը պամպուլան ուսումնասիրելով եւ պարզելով, որ դեռ 7-րդ դարում հայերը նվագել են ջութ նվագարանը (ջութակի նախնական մի տեսակ)` Մանուկը որոշում է ստեղծել իր հրաշալի «հայ ջութը»: Բախի ստեղծած փոքր թավջութակի` պիկոչոչելոյի չափերը պահպանելով, բայց արտաքին տեսքը փոխելով մեր բացառիկ զրուցակիցը ստեղծում է մարդու մարմնի նմանությամբ նվագարանը` «Հայ ջութը», որն իր ձեւի շնորհիվ թույլ է տալիս ստանալ գեղեցիկ երանգներով հրաշալի մեղեդիներ: «հայ ջութի» մասին շատերը գիտեն եւ հաճախ նվագարանների իշխանի արհեստանոց են գալիս այդ բացառիկ նվագարանը իրենց աչքով տեսնելու:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4